ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Քարվաճառ շրջանի դպրոցականներին

Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Քարվաճառի շրջանի հինգ գյուղերից 24 դպրոցականների, ում Հայոց Հայրապետն Արցախ այցի ժամանակ` սեպտեմբերի 9-ին, Դադիվանքում հրավեր էր ուղղել այցելել Մայր Աթոռ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կայքը:

Դադիվանքի վանահայր Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Հովհաննիսյանը և Դադիվանքի շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը քարվաճառցիների անունից շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին պատանիներին ուղղված անձնական հրավերի և Մայր Աթոռում ցուցաբերված ջերմ ընդունելության համար` վստահություն հայտնելով, որ այդ սերմերն անպայման բարի պտուղներ կտան: Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:   

«Շատ ոգևորված էինք, երբ ձեզ հանդիպեցինք Դադիվանքում և տեսանք ձեր ջերմ վերաբերմունքը, սերն ու նվիրումը ձեր վանքի և ազգային սրբությունների հանդեպ: Տեսանք, որ ձեր ծնողների քաջ զավակներն եք, որ նույն նախանձախնդրությամբ պիտի պաշտպանեք այդ ամենը` ձեր Հայրենիքը», - ասաց Նորին Սրբությունն` ուրախություն հայտնելով մանուկների Մայր Աթոռ այցի առիթով:

Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ այս այցը լավ առիթ կդառնա երիտասարդների համար` ճանաչելու Հայրենիքը, զորանալու իրենց հայրենասիրական զգացումների մեջ և գոտեպնդվելու հավատով: Նորին Սրբությունը մանուկների հետ զրուցեց նաև այցից իրենց տպավորությունների և առօրյայի մասին, ամենքին բաշխեց նվերներ:

Եռօրյա այցի ընթացքում պատանիները, մնալով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը, հոգևորականների ուղեկցությամբ եղան Մայր Աթոռի թանգարաններում և կառույցներում, Էջմիածին քաղաքի վանքերում և եկեղեցիներում, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան և Հայաստանի Ազգային պատկերասրահ: Տաղանդաշատ մանուկներն ազգային երգի ու պարի կատարումներով մասնակցեցին Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած համերգին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: