ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան-Ռուսաստան. իրավիճակային համագործակցություն

eurasian-defence.ru

1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրանը թույլ տվեց, որ իր տարածքից գործողություններ իրականացնեն օտարերկրյա ռազմական ուժեր. օգոստոսի 16-ին հայտնի դարձավ, որ Իրանը թույլ է տվել ՌԴ ռազմաօդային ուժերին օգտագործել Համադան քաղաքի մոտ գտնվող ռազմաբազան՝ հակաահաբեկչական պայքարի շրջանակներում ավիահարվածներ հասցնելու Սիրիայի տարածքում, ինչի շնորհիվ կրճատվում էր թռիչքի հեռավորությունը, տնտեսվում էր վառելիքը, հնարավոր էր դառնում ավելի շատ ռումբ տեղավորել  ինքնաթիռներում՝ արդյունքում բարձրացնելով ավիահարվածների արդյունավետությունը:

Այս տեղեկատվության տարածումից հետո տարբեր արձագանքներ եղան պաշտոնական Իրանի ու ՌԴ-ի կողմից:   

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը քննադատեց իր ռուս գործընկերներին ռուսական ռազմաօդային ուժերի կողմից իրանական Համադան ռազմաբազան օգտագործելու մասին տեղեկատվությունն առաջինը հանրայնացնելու համար: «Ռուսներն ուզում են ցույց տալ, որ իրենք գերտերություն և ազդեցիկ երկիր են, որ իրենք ակտիվ են անվտանգության ոլորտում և այս տարածաշրջանում, և աշխարհում»,-նշել է նախարարն Իրանի պետական «Երկրորդ ալիք»-ին տված հարցազրույցում: «Այս տեղեկատվության տարածումն անհարգալից վերաբերմունք  է և ցուցադրվելու ցանկություն», — հավելել էր նախարարը:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից պաշտոնական որևէ հայտարարություններ չեղան այս թեմայի շուրջ, սակայն ՌԴ ՊՆ-ում «Ъ»-ի աղբյուրները նշել էին, որ «այս փուլում որոշակի թյուրըմբռնումներ են եղել կողմերի միջև», իսկ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ  Իգոր Կանաշենկովը սահմանափակվեց միայն հայտարարությամբ այն մասին, որ Սիրիայում իրականացվող գործողությանը մասնակցող ռուսական ռազմական ավիացիան, որը թռիչքներ է իրականացրել Համադանից, հաջողությամբ իրագործել է իր առջև դրված խնդիրները:

Ինչևէ: Մի կողմ թողնենք այս ամենի հանրայնացման հետ կապված «թյուրըմբռնումները» և փորձենք հասկանալ, թե ինչն է միավորում ՌԴ-ին ու Իրանին, որն էլ հանգեցրել է Իրանի կողմից այսպիսի որոշման: Միջազգային ասպարեզում տիրող ներկա իրավիճակում և այս պահին ուժերի դասավորվածության պարագայում Ռուսաստանն ու Իրանն ունեն բավականին համընկնող շահեր ու նպատակներ: Թերևս, կարելի է ասել, որ դրանցից ամենակարևորները հետևյալն են.

 

  1. Սկսենք այս պահին նրանց միավորող ամենաակտուալ խնդրից ՝ սիրիական հակամարտությունից, որտեղ Իրանն ու ՌԴ-ն բարիկադների միևնույն կողմում են: Այստեղ նրանք ունեն միևնույն մարտավարական նպատակները՝ չհանձնել Սիրիան (բնականաբար, ռազմավարական պլանում ունենալով տարբեր շարժառիթներ և նպատակներ) և թույլ չտալ, որ Սիրիայում իրավիճակը զարգանա Լիբիայի, Իրաքի սցենարներով:
  2. Երկու երկրներին միավորող կարևորագույն շարժիչ ուժ է նաև, մեղմ ասած, հակակրանքն ԱՄՆ-ի հանդեպ և ներկայիս աշխարհակարգում ԱՄՆ-ի գերիշխող դերը նվազեցնելու ուղղությամբ երկու երկրների կողմից տարվող պայքարը:  Եվ երկու երկրներն էլ «վայելում են» կամ «վայելելու» տարբեր փուլերում են գտնվում (ինչպես հայտնի է, 2015թ. Միջուկային համաձայնագրի արդյունքում Իրանից աստիճանաբար, փուլ-առ-փուլ հանվում են պատժամիջոցները, իսկ Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցները դեռևս պահպանվում են) տարբեր պատճառներով ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված / ԱՄՆ-ի գլխավորությամբ և մի շարք արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներն իրենց նկատմամբ:
  3. Ի թիվս և ի լրումն այլ շահերի, նպատակների պետք է ընգծել այն հանգամանքը, որ Իրանը մոտ 2500 տարվա չընդհատված պետականություն ունեցող երկիր է, կարևոր և անկախ դերակատար  տարածաշրջանում՝ դուրս որևէ գերտերության ազդեցության գոտուց, որի հետ ուղղակի պետք է լավ «հարևանություն» անել, քանի որ դժվար է հասնել տարածաշրջանում որևէ արդյունքի առանց Իրանի համաձայնության կամ նրա հետ համագործացության:

 

Իհարկե այս ցանկը շարունակելի է և կետերից  յուրաքանչյուրը կարող է առանձին նյութի թեմա ծառայել:

Չմոռանանք նաև, որ Իրանի ու ՌԴ-ի միջև առկա են տարաձայնություններ՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի, նավթի գների, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ և այլն: Շատ փորձագետներ նշում են, որ Իրան-ՌԴ ներկայիս համագործակցությունը կրում է շատ իրավիճակային բնույթ և պայմանավորված է անելանելիությամբ, առկա չէ խորքային վստահություն ինչպես երկու երկրների քաղաքական իսթեբլիշմենթների, այնպես էլ հանրությունների միջև: Եվ, եթե մի պահ պատկերացնենք, որ, օրինակ՝ սիրիական «խաղադաշտում» բացակայում են ԱՄՆ-ի շահերն ու ԱՄՆ-ի աջակցությունը վայելող տարբեր ուժերը, ապա Իրանի ու Ռուսաստանի շահերը կսկսեն տարամիտվել՝ բավականին  փոխելով իրավիճակը: Սակայն հստակ գիտակցումը, որ ավելի գերակա նպատակին հասնելու համար (օրինակ՝ պահպանել Սիրիան, պայքարել «ընդհանուր թշնամու» դեմ) անհրաժեշտ է միավորել ուժերը, հնարավորություններն ու ջանքերը, ստիպել է Իրանին ու Ռուսաստանին ժամանակավորապես մի կողմ դնել տարակարծություն պարունակող մի շարք հարցեր ու համագործակցել, ինչը, ըստ ամենայնի, կշարունակվի առնվազն մինչև սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը և/կամ ԱՄՆ-ի հետ երկու երկրների հարաբերությունների որակական փոփոխությունը:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: