ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի արդյունքներն ու կարևոր հարցերը

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Մի կողմից ամփոփվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության տարին (2015-2016), մյուս կողմից  կառույցում 2016-17թթ. նախագահությունը փոխանցվեց Բելառուսին:

Գագաթաժողովի շրջանակներում ամենաքննարկվող հարցերից դարձավ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացակայությունը, ով, ըստ պաշտոնական մեկնաբանության, հիվանդ էր: Նազարբաևն իրո՞ք հիվանդ էր, թե՞ սա նրա հերթական դեմարշն էր, բարդ է ասել: Այն, որ 76-ամյա առաջնորդը կարող է առողջական խնդիրներ ունենալ, չենք կարող բացառել, միևնույն ժամանակ չենք կարող նաև բացառել դեմարշի հավանականությունը՝ հաշվի առնելով նրա նման սովորությունը (օրինակ` 2014-ի մայիսին Նազարբաևը չմասնակցեց նաև Մոսկվայում կայացած ՀԱՊԿ առաջնորդների ոչ ֆորմալ հանդիպմանը):

Երևանյան գագաթաժողովի շրջանակներում ընդունված շուրջ երկու տասնյակ փաստաթղթերի շարքում թերևս կարելի է առանձնացնել մինչև 2025թ ՀԱՊԿ ռազմավարության ընդունումը, որը նաև Հայաստանի նախագահության շրջանի առաջնահերթություններից մեկն է: Ընդունված ռազմավարությունը ներառում է կառույցի զարգացման տեսանկյունից այնպիսի կարևոր կետեր, ինչպիսիք են՝

- ՀԱՊԿ հավաքական անվտանգության արդի մարտահրավերները և սպառնալիքները,

- ՀԱՊԿ ռազմավարական նպատակները և խնդիրները,

- ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի զարգացման միջոցները:

Հայաստանի համար Երևանյան գագաթաժողովը կարևորվեց նաև «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարության» ընդունմամբ: Հայտարարության մեջ կարևորվում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը` որպես քաղաքական բանակցությունների պայման: Բացի այդ՝ որպես հակամարտության կարգավորման հիմք են դիտարկվում Հելսինկյան եզրափակիչ ակտում ներառված սկզբունքները, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: 

Նման շեշտադրումներով հայտարարության ընդունումը Հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով ինքնին կարևոր իրադարձություն էր՝ հաշվի առնելով այն հայտնի հանգամանքը, որ նույն ՀԱՊԿ-ում որոշ երկրներ բավական սերտ համագործակցում են Ադրբեջանի հետ՝ հնարավորության դեպքում առաջ տանելով նրա շահերը:

Նիստի ժամանակ ընդունված փաստաթղթերից կարելի է առանձնացնել նաև ևս երկու փաստաթուղթ՝ «ՀԱՊԿ ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկի ձևավորման մասին կանոնակարգի վերաբերյալ որոշումը» և ՀԱՊԿ անդամ երկրների հայտարարությունը՝ միջազգային անվտանգության և կայունության վրա ՀՀՊ գլոբալ համակարգի տեղակայման միակողմանի քայլերի ազդեցության մասին: Հաշվի առնելով վերջին շրջանում Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում նկատվող լարվածությունը՝ նման փաստաթղթերի ընդունմամբ ՀԱՊԿ-ը փաստացիորեն ներքաշվում է այդ հակադրությունների ոլորտ: Անկախ հնարավոր մարտահրավերներից՝ Հայաստանը, որը միշտ բարձրաձայնում է ՀԱՊԿ-ում անդամ երկրների կողմից արտաքին քաղաքականության ներդաշնակեցման կարևորության մասին, բնականաբար, չէր կարող խոչընդոտել այդ փաստաթղթերի ընդունմանը:

Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ արտաքին քաղաքական տարբեր հիմնախնդիրների շուրջ համանման մոտեցումների որդեգրման խնդիրը շարունակում է մնալ կառույցի առանցքային խնդիրներից մեկը, ինչն «իր մաշկի վրա զգացել է» ոչ միայն Հայաստանը (օրինակ՝ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ՌԴ-ն չկարողացավ միասնական դիրքորոշում ապահովել ՀԱՊԿ բոլոր անդամների կողմից): Անդամ երկրների մոտեցումներում նման տարբերությունների առկայությունը թերևս խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ-ը՝ որպես ռազմաքաղաքական կառույց, դեռևս կայացման փուլում է, այլ հարց է, թե ինչ արագությամբ և արդյունավետությամբ է ընթանում այդ գործընթացը:

Բացի ընդունված փաստաթղթերից՝ ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովն աչքի ընկավ մեկ այլ իրադարձությամբ ևս, որը թերևս դարձավ գլխավոր ինտրիգներից: Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ անդամ պետությունների ղեկավարներն օրակարգից հանեցին Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցը (ըստ նախնական տեղեկության՝ ՀԱՊԿ նոր քարտուղար պետք է նշանակվեր ՀՀ ներկայացուցիչ)՝ դրա քննարկումը տեղափոխելով դեկտեմբերին կայանալիք պետերբուրգյան գագաթաժողով: Այս հետաձգման պատճառների վերաբերյալ անորոշությունը, ինչպես և կարելի էր սպասել, դարձավ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների միջև առկա հակասություններից մինչև Հայաստանի կողմից հարմար թեկնածուի բացակայություն, և այլն: Նման «գուշակություններին» վերջ տվեց ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցն օրակարգից դուրս չի եկել, իսկ նշանակումը պարզապես հետաձգվել է Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի բացակայության պատճառով: Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կառույցի գլխավոր ներկայացուցչական պաշտոնն է՝ Բորդյուժայի բացատրությունը բավական իրատեսական է հնչում:

Ամփոփելով կարելի է նշել, որ ՀԱՊԿ-ը՝ որպես իր անդամների հավաքական անվտանգությունն ապահովող ռազմաքաղաքական կառույց, դեռևս իր կայացման փուլում է, և բոլոր անդամները պետք է դա նկատի ունենան թե՛ կառույցից իրենց ակնկալիքները սահմանելիս, թե՛ իրենց պաշտպանական քաղաքականությունը մշակելիս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: