ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության փոփոխության հարցը և Հայաստանի դիրքորոշումը

Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Ընդ որում, քննարկումներն ընթանում են երկու ուղղությամբ: Մի կողմից, Ադրբեջանը շարունակում է փորձերը 1992 թվականից հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու ուղղությամբ: Մյուս կողմից՝ կարգավորման գործընթացին ժամանակ առ ժամանակ մասնակցելու ցանկություն են հայտնում տարբեր երկրներ: Եվ եթե որոշների պարագայում այդ մասնակցության հնարավորությունը տեսականորեն կարող է դրական համարվել, ապա ոմանց պարագայում կարգավորման գործընթացին միանալը կարող է կործանարար ազդեցություն ունենալ ողջ բանակցային գործընթացի համար: Բայց այս ամենի մասին՝ հերթով:

Նախորդ ամիսներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական դերակատարում ունենալու ցանկություն են հայտնել տարածաշրջանային երկրներից Իրանն ու Թուրքիան:

Օրեր առաջ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի երկիր չի կարող նույնքան դրական դերակատարում ունենալ, որքան Իրանը, բայց Իրանի միջնորդության հարցն այսօր օրակարգում առկա չէ»: Թեհրանը, որի դիրքորոշումը հակամարտության հարցում խարսխված է երկու առանցքային գործոնների՝ դրական չեզոքության և միջնորդական նախաձեռնողականության վրա, միջազգային պատժամիջոցներից ազատվելու արդյունքում տարածաշրջանային զարգացումներում ակտիվ ներգրավվելու հնարավություն է ստացել: Տնտեսական և անվտանգային տարբեր պատճառներից ելնելով՝ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ՝  միաժամանակ հանդես գալով տարածաշրջանային գործերին արտաքին ուժերի միջամտության դեմ: Ընդհանուր առմամբ, բարիդրացիական հարաբերություններ պահպանելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ ապրիլյան պատերազմի օրերին Իրանը խուսափեց հակամարտող կողմերից որևէ մեկին աջակցություն հայտնելուց:

Հատկանշական է, որ Հայաստանը մշտապես գնահատել է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը և նրա պատրաստակամությունը՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը (այդ թվում նաև հաշվի առնելով 1992 թվականի միջնորդության արդյունավետ փորձերը): 

Նույնը չի կարելի ասել Թուրքիայի մասին, որը չնայած իր ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներին՝ շարունակում է տարաբնույթ գործողություններով միջամտել գործընթացին: Հասկանալի է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Թուրքիան պետք է հակամարտության կարգավորումն իր ուշադրության կենտրոնում պահի, բայց այդ ուշադրությունը չպետք է մեղմ ասած ապակառուցողական լինի: Ապրիլյան պատերազմի օրերին թուրքական իշխանությունները բոլոր հնարավոր մակարդակներով իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին «եղբայրական Ադրբեջանին»՝ միաժամանակ ակտիվացնելով գործընթացում Թուրքիայի ներգրավման անհրաժեշտության շուրջ քննարկումները: Անտեսելով միջազգային հանրության կոչերը, որոնք ընդգծում են առանձին «արտաքին խաղացողների» փորձերը կանխելու անհրաժեշտությունը՝ թուրքական իշխանությունների կողմից Ադրբեջանին սատարելու մասին հայտարարությունները որքան գնում, այնքան ավելի «սրտառուչ ու ոգևորող» են դառնում: Արդյունքում՝ Թուրքիան հենց ինքն է ապացուցում կարգավորման գործընթացում իր նման կողմնակալ և սադրիչ պետության ներգրավման անհնարինությունը, ինչն արդեն ակնհայտ է բոլորի համար:

Մյուս կողմից, Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է աշխատանքները Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը այլ հարթակներ, մասնավորապես` ՄԱԿ, ԵԽԽՎ, Իսլամական համագործակցության կազմակերպություն և այլ կառույցներ տեղափոխելու ուղղությամբ:

Հասկանալի է, որ հայկական կողմերը բավականին զգուշավորությամբ են մոտենում Ղարաբաղյան կարգավորման գործընթացի նկատմամբ տարաբնույթ հետաքրքրություններին: Եվ խնդիրն այստեղ միայն այն չէ, որ Հայաստանին շրջափակման մեջ պահող և փաստացի թշնամական կեցվածք ունեցող Թուրքիայի նման երկիրը չի կարող որևէ կառուցողական դերակատարում ունենալ գործընթացում: Գլխավոր խնդիրն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահությունից բացի որևէ կառույցի միջամտությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին կարող է էապես վնասել առկա բանակցային գործընթացին՝ վտանգելով մինչ այժմ գրանցված արդյունքները և, ըստ էության, հետ քայլ արձանագրել: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության որևէ փոփոխություն նշանակում է հրաժարվել հակամարտության կարգավորման մինչև անգամ դետալներում մասնագիտացված խմբից և ամեն ինչ սկսել զրոյից: Սա, ինքնին, հետաձգելու է հակամարտության հնարավոր կարգավորումը:

Պատահական չէ, որ նույն ՄԱԿ ԱԽ բանաձևերը, որոնք այդքան սիրում է մեջբերել ադրբեջանական կողմը, «հորդորում են տարածաշրջանի բոլոր պետություններին զերծ մնալ որևէ տեսակի թշնամական գործողություններից և որևէ տեսակի միջամտություններից, որը կհանգեցնի հակամարտության էլ ավելի սրմանը և կխաթարի խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»:

Նույն կերպ, հակամարտության շուրջ քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու ջանքերը մեծապես վնասում են առանց այն էլ փխրուն բանակցային գործընթացին: Խնդրի էությունից անտեղյակ երկրների կողմից միակողմանի հայտարարությունները որևէ նպաստ չեն կարող բերել հակամարտության կարգավորմանը: Ցանկացած կառույցում քննարկում ծավալողները պետք է առաջնորդվեն առաջին հերթին գործընթացին չվնասելու սկզբունքով:

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ սխալ է այն մոտեցումը, թե իբր Հայաստանը լիովին բավարարված է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության աշխատանքով: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների արդյունավետությունն ու օբյեկտիվությունը բավարար գնահատել չի կարելի:  Ադրբեջանի սադրիչ պահվածքին համարժեք արձագանք տալու անկարողությունն, ինչպես նաև հայկական կողմերի և Ադրբեջանի միջև անդադար հավասարության նշաններ դնելու քաղաքականությունը չեն կարող մշտապես ընդունելի լինել: Նույն կերպ, ամեն անգամ բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելը չի կարող Ադրբեջանի համար մշտապես անպատիժ մնալ: Եվ չնայած այս հարցերի կարևորությանը՝ ապրիլյան իրադարձությունների համեմատ սրանք աննշան են թվում: Ադրբեջանի կողմից լայնամաշստաբ ագրեսիան, հարյուրավոր զոհերն ու ռազմական հանցագործությունները «մարսելը» իմիջային լրջագույն հարված է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահությանը: Ադրբեջանական ագրեսիային համապատասխան արձագանքի բացակայությունը մեծացնում է հետագայում նման սադրանքների կրկնության հնարավորությունը:  

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոններն՝ անհրաժեշտ է ջանքերն ուղղել ոչ թե նոր հարթակների կամ ձևաչափերի փնտրտուքին, այլ գործող և միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի արդյունավետության բարձրացմանն ու հնարավոր բոլոր սադրանքների կանխարգելմանը: Առավել ևս որ բանակցային ձևաչափի փոփոխություն առանց հայկական կողմերի համաձայնության տեղի ունենալ չի կարող:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: