ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոզանի պայմանագիրը սուրբ գիրք չէ. Էրդողանը պահանջում է վերանայել այն

Murat Cetinmuhurdar/AP

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողանում հաշտվել իրականության հետ: Նա կրկին հիշել է Լոզանի պայմանագիրը (1923 թվականին կնքված Լոզանի պայմանագիրը սահմանում է ժամանակակից Թուրքիայի Հանրապետության սահմանները: Պայմանագրի համաձայն` Թուրքիան հրաժարվում էր Օսմանյան կայսրության մյուս հատվածների նկատմամբ իր պահանջներից), որի մասին աղմկահարույց հայտարարություներ էր արել ընդամենը մեկ ամիս առաջ: Էրդողանը պնդում է, որ Լոզանի պայմանագիրը պետք է վերանայվի և այն պետք է բանակցությունների առարկա դառնա: Էրդողանը կարծում է, որ Լոզանի պայմանագիրը «ոչ սուրբ գրություն է, ոչ էլ սուրբ գիրք», հետևաբար, այն կարող է վերանայվել՝ «Թուրքիայի համար ավելի լավ գործարք ապահովելու լույսի ներքո»: Այս մասին Էրդողանը հայտարարել է նախագահական նստավայրում «Թուրքիայի նոր անվտանգության ոգին» խորագրով անցկացված համաժողովի ժամանակ, հայտնում է Protothema կայքը՝ հղում անելով թուրքական Cumhuriyet պարբերականին: 

«Մենք այն ազգի ժառանգներն ենք, ում տարածքները հասել են 22 միլիոն կիլոմետր քառակուսու: Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից առաջ մենք 3 միլիոն կիլոմետր տարածք ունեինք, ինչը շարունակեց կրճատվել, և այսօր մենք 780 հազար կիլոմետր տարածք ունենք: Լոզանի պայմանագրով մեր 3 միլիոն կիլոմետրից մեզ մնաց 780 հազարը: Նրանք հողը տարան ուղիղ մեր քթի տակից և հպարտանում են դրանով: Այսքանից հետո նրանք հայտարարում են, թե մենք հաջողությամբ դուրս եկան պայմանագրից: Ինչպե՞ս կարելի է հողեր հանձնելը հաջողություն համարել», - վրդովվել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանին չի մտահոգում նաև այն հանգամանքը, որ Լոզանի պայմանագրի վերանայումը կարող է դժգոհություններ առաջացնել: «Մենք գիտենք, որ սա կարող է հակասել շատերի շահերին, բայց մենք առաջ ենք շարժվելու այս ուղղությամբ», - ասել է Էրդողանը:

Ավելի ուշ Էրդողանը բաց տեքստով հայտարարել էր, որ Թուրքիայի «ֆիզիկական սահմանները չեն համապատասխանում նրա սրտի սահմանների հետ»: Թուրքիայի նախագահը, հիշեցնելով Թուրքիայի Ազգային ուխտի (քեմալականների  «անկախության պայքարի ծրագիր», որն իրականում արտացոլում էր քեմալական շարժման ազգային քաղաքականության հիմնական սկզբունքները) մասին, նշել է, որ Թուրքիան չի կարող անտարբեր լինել այնպիսի տարածաշրջանների և երկրների հանդեպ, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ղրիմը, Ղարաբաղը,  Բոսնիան, Վրաստանը, Ուկրաինան, Բալկանները, Հյուսիսային Աֆրիկան և «մյուս եղբայր տարածաշրջանները»: Էրդողանը փաստացի հայտարարել է այս տարածքների նկատմամբ ժամանակակից Թուրքիայի հավակնությունների մասին. «Սրանցից մենք կհրաժարվենք այն օրը, երբ կհրաժարվենք մեր անկախությունից և ապագայից»:

Էրդողանը Լոզանի պայմանագրից դժգոհել էր հոկտեմբերին: Բայց հատկանշական է, որ Էրդողանի ներկայացրած պահանջները գնալով աճում են: Եթե հոկտեմբերին Էրդողանը հայտարարում էր, որ «1914 թվականին մեր տարածքները կազմում էին 2.5 միլիոն քառ/կմ», ապա այսօր՝ ընդամենը մեկ ամիս անց, այդ տարածքները Էրդողանի թեթև ձեռքով դարձել են 3 միլիոն: Միևնույն ժամանակ Էրդողանը, փաստորեն, հետևողականորեն ընդգծում է պայմանագրի վերանայման անհրաժեշտությունը: Եթե հոկտեմբերին Էրդողանն իր դժգոհությունն էր հայտնում, ապա այսօր պահանջում է վերանայել Լոզանի պայմանագիրը՝ անգամ մատնանշելով 2023 թվականը որպես հնարավոր վերջնաժամկետ:

Ընդ որում, հենց Լոզանի պայմանագիրը վերանայելու խնդրով է Էրդողանը փորձում արդարացնել իր ռազմական գործողությունները հարևան երկրներում: «Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան հեռու մնա Սիրիայից և այլ երկրներից: Արդյո՞ք այս տարածաշրջաններում խաղաղություն կլինի», - Էրդողանի փիլիսոփայական հարցադրումները մեջբերում է Greek Reporter-ը: «Սևրի պայմանագրով (1920) Թուրքիան բաժանվեց 7-8 մասերի: Թուրքիան չի ընդունում այն երկակիությունը, որով ձևավորվեցին այսօրվա սահմանները: Լոզանի պայմանագրի շուրջ քննարկումները պետք  է մեկնարկեն հենց այս կետից», - հայտարարել է Էրդողանը:

Ինչ խոսք, սա լիովին տեղավորվում է իշխող ԱԶԿ-ի արտաքին քաղաքական մոդելից բխող Էրդողանի ծավալապաշտական քաղաքականության շրջանակներում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: