ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դասեր Կիպրոսի հակամարտության կարգավորման փորձերից

Հյուսիսային Կիպրոսի հակամարտությունը հերթական անգամ մոտ էր իր հանգուցալուծմանը, սակայն նոյեմբերի 22-ին կողմերին՝ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին և թուրք-կիպրացիների առաջնորդ Մուսթաֆա Ակնջիին, չհաջողվեց համաձայնության գալ տարածքների հարցի շուրջ: Միաժամանակ դեռևս պահպանվում է հույսը, որ այս ձախողումը վերջնական փակուղի չի մտցնի երկու տարի առաջ նոր թափ ստացած բանակցությունները:

Չնայած բանակցությունները չհասան ցանկալի արդյունքին, այնուամենայնիվ կան մի քանի գործոններ, որոնք արժանի են հատուկ ուշադրության:

Առաջին՝ Կիպրոսի խնդրի շուրջ բանակցություններն ընթանում են ՄԱԿ-ի հովանու ներքո հնգակողմ ձևաչափով՝ Թուրքիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Կիպրոսի Հանրապետության և չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մասնակցությամբ: Սակայն բանակցային գործընթացում իրական արդյունք արձանագրելու, կողմնակի ազդեցություններից խուսափելու համար վերջին փուլում բանակցություններն ընթանում էին Կիպրոսի երկու հատվածների անմիջական հանդիպումների ձևաչափով: Ենթադրվում էր, որ նրանք համաձայնության կգան կարգավորման հիմնական բաղադրիչների շուրջ, իսկ արդեն թուրքական զորքերի դուրսբերման և երաշխիքների հարցերը կքննարկվեն հնգակողմ համաժողովի ձևաչափով: Այս օրինակը ցույց է տալիս, որ ինքնորոշման ձգտող միավորի հետ անմիջական երկխոսությունը, անկախ միավորի ճանաչված չլինելուց և կարգավիճակից, նվազեցնում է կողմնակի գործոնների ազդեցությունը և մեծացնում իրական կարգավորման հնարավորությունը: 

Երկրորդ՝ 2006թ.-ից ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հյուսիսային Կիպրոսին՝ շրջափակումից դուրս բերելու, սոցիալական, տնտեսական զարգացում ապահովելու, ԵՄ ստանդարտները հնարավորինս ապահովելու, քաղաքացիական հասարակության զարգացումը խթանելու նպատակով: Այս մոտեցումը կարելի է ամփոփել «ներգրավում առանց ճանաչման» բանաձևի ներքո: ԵՄ կողմից այս քաղաքականությունն իրականացվում է Կիպրոսի Հանրապետության հետ հետագա վերամիավորումը հնարավորինս առանց ցնցումների ապահովելու համար, սակայն սա նաև կարևոր նշանակություն է ունենում տեղի համայնքի փակվածությունը հաղթահարելու, երկխոսության հնարավորությունները մեծացնելու, դեպի ԵՄ շարժվելու ձգտումը մեծացնելու համար: Չի կարելի բացառել, որ մասամբ նաև ԵՄ անմիջական աշխատանքի արդյունք է այսօր բանակցությունների կառուցողականությունն ու թուրքական Կիպրոսի դիրքերի ճկունությունը՝ անցյալի համեմատ: Սա ևս փաստում է, ոչ չճանաչված միավորների հետ միջազգային դերակատարների աշխատանքը ոչ միայն զգալի ազդեցություն է ունենում տեղի բնակչության կյանքի որակի վրա, այլև օգնում է քաղաքական բանակցությունների առաջմղմանը:

Եվ երրորդը՝ այսօր Հյուսիսային Կիպրոսը կրկին համաձայնվել է քննարկել կղզու վերամիավորման հարցը: Իսկ դա նշանակում է, որ Կիպրոսի Հանրապետության քաղաքական էլիտան, երկու կողմերի քաղաքական երկխոսության մակարդակն ու ընդհանրապես Կիպրոսի Հանրապետության հռետորաբանությունն ու ժողովրդավարության մակարդակը հնարավորություն են տալիս թուրք-կիպրացիներին դիտարկել այդ պետության հետ միավորվելու և ընդհանուր պետության ներքո իրենց ապագան կառուցելու հեռանկարը: Երկու կողմերի անցած ճանապարհը հնարավորություն է տվել հաղթահարելու փոխադարձ թշնամանքն ու հնարավոր է դարձրել միավորման հարցի քննարկումը: Ուստի այլ հակամարտությունների համար ևս միավորման տարբերականեր առաջարկելիս հարկավոր է հաշվի առնել այս գործոնները և միասին ապրելու հնարավորությունը, այսպես կոչված՝ «համատեղելիությունը», որը պահանջում է թշնամանքի բացառում, ժողովրդավարության բարձր մակարդակ և այլն:

Սրանք, թերևս, մի քանիսն են այն դասերից, որ կարող են օրինակելի և ուսուցողական լինել նաև մյուս հակամարտությունների կարգավորման համատեքստում: Դրանք պետք է հաշվի առնեն թե՛ բանակցությունների կողմերը, թե՛ միջնորդները:  

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: