ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունական և թուրքական Կիպրոսի առաջնորդներին խիզախություն է պետք «վերջնախաղին» հասնելու համար. Ահմեթ Սյոզեն (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Արևելամիջերկրական համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի անդամ, Կիպրական քաղաքական կենտրոնի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ահմեթ Սյոզենի հետ Կիպրական խնդրի շուրջ բանակցությունների տապալման պատճառների և հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ:

 

 

Միջազգային հանրությունը լուրջ ակնկալիքներ ուներ Կիպրական խնդրի կարգավորման շուրջ Շվեյցարիայում ընթացող բանակցություններից: Որո՞նք են բանակցությունների ձախողման հիմնական պատճառները:

 

- Առաջին հերթին նշենք, որ սա ամբողջ բանակցային գործընթացի տապալումը չէ: Մոնթ-Պելերինում (Շվեյցարիա) տապալվեցին մասնավորապես կիպրական հիմնախնդրի տարածքային ասպեկտների շուրջ բանակցությունները: Իմ կարծիքով հիմնական պատճառը, որ դրանք տապալվեցին, Կիպրական խնդրի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու հստակ քաղաքական կամքի բացակայությունն է ղեկավարության մոտ: Ես ի նկատի ունեմ, որ մենք Կիպրական խնդրում հիմա այն կետում ենք, որ առաջնորդներից պահանջվում է ընդունել խիզախ որոշումներ «տուր և վերցրու» գործընթացի տեսանկյունից: Թվում է, թե ղեկավարության մոտ հաջորդ քայլը կատարելու քաղաքական կամքի կամ քաղաքական խիզախության պակաս կա: Այդ քայլի ձեռնարկումը կնշանակի Կիպրական խնդիրը տանել «վերջնախաղի», տերմին, որն օգտագործում է ՄԱԿ-ը:

Դա կլինի կիպրական խնդրի վերջնական փուլը, երբ, ինչպես մենք անվանում ենք, երաշխավոր ուժերը կփորձեն լուծել վերջին խնդիրները՝ անվտանգությունն և երաշխիքները (Միացյալ Թագավորությունը, Թուրքիան և Հունաստանը միասին պետք է հանդես գան որպես երաշխավոր ուժ՝ մնացյալ հարցերը լուծելու համար):   

Մինչ այժմ թուրքական և հունական Կիպրոսների առաջնորդները փորձում էին լուծել ներքին խնդիրներ, և նրանք համաձայնության էին հասել խնդիրների մեծ մասի շուրջ: Չկարգավորված որոշ խնդիրներ կան, որոնք վճռորոշ նշանակություն ունեն, և դրանց կարգավորման համար առաջնորդներին պետք է «տուր և վերցրու» գործընթաց: Օրինակ՝ թուրքական Կիպրոսի առաջնորդը պետք է հանձնի տարածքի մի մաս, մինչդեռ հունական Կիպրոսի առաջնորդը պետք է ճանաչի թուրքական Կիպրոսի քաղաքական հավասարությունը: 

- Ինչո՞վ էին այս բանակցությունները տարբերվում մյուսներից: Ո՞րն էր պատճառը, որը դրանց հաջողությունն այսքան մոտ էր դարձել:

- Մինչ այժմ, կարծում եմ, Կիպրոսի երկու առաջնորդները շատ քայլեր են կատարել բոլոր հարցերում առաջընթացի համար: Նրանք քննարկել են գրեթե բոլոր հարցերը, ինչը նախկինում այդպես չէր, քանի որ անվտանգության երաշխիքները և տարածքային հարցերն այդքան էլ շատ չեն քննարկվել: Նախորդ բանակցությունների համեմատ տարբերություններից մեկն այն է, որ այս անգամ գործընթացն իսկապես կիպրական էր, այսինքն՝ չկային արտաքին դերակատարներ՝ բացի հույն և թուրք կիպրացիներից, ովքեր ուղղակիորեն ներառվել են կիպրական բանակցություններին: Այսինքն՝ բոլոր համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել, ձեռք են բերվել երկու առաջնորդների կողմից: Նույնիսկ հայտարարությունները հավանության են արժանացել նրանց կողմից՝ ստորակետից մինչև վերջնական ավարտ: Այսպես, օրինակ, ՄԱԿ-ի ներգրավվածությունը նվազագույնն էր: ՄԱԿ-ի գրասենյակն ուղղակի նպաստել է բանակցություններին, նրանք որևէ բանի հավանություն չեն տվել, ինչպես որ նախկինում էր: Օրինակ՝ 2004 թվականին ՄԱԿ-ը խաղում էր «արբիտրի» դեր և լրացնում էր այն բացը, որը կողմերը չէին կարողանում լրացնել:

- Կողմերը կկարողանա՞ն ուղիներ գտնել այս փակուղուց դուրս գալու համար, և դրա նախապայմանները որո՞նք են:

- Թո՛ւյլ տվեք սկսել հարցի վերջին հատվածից: Նախապայմանները երկխոսություն սկսելն է կրկին առանց նախապայմանների: Եթե երկու կողմերը պնդեն նախապայմանների վրա, նրանք իսկապես չեն կարող հետ վերադառնալ բանակցություններին: Բացի այդ՝ հարկավոր է նաև նոր ճանապարհային քարտեզ: Առաջնորդներն ուղղակի չեն կարող անվերջանալի բանակցություններ վարել առանց ժամանակային շրջանակների կամ ճանապարհային քարտեզի: Երկու առաջնորդները պետք է առաջին հերթին պայմանավորվեն ճանապարհային քարտեզի շուրջ, որում կլինեն նրանց ապագա քայլերը, և նրանք մինչև վերջ կկատարեն դրանք: Այսպիսով՝ պետք է լինի հստակ ճանապարհային քարտեզ, որը նրանք կընդունեն մինչև բովանդակային բանակցություններին անցնելը:

Այժմ վերադառնանք հարցի առաջին մասին: Կարծում եմ՝ բոլորը, այդ թվում նաև հույն կիպրացիները, թուրք կիպրացիները, ՄԱԿ-ի գրասենյակը, որը նպաստում է բանակցություններին, շատ ժամանակ և ջանք են ներդրել վերջին 18 ամիսներին, որ բանակցությունների վերջին այս փուլը սկսվի: Ուղղակի հիմարություն և անմտություն կլինի այսքան շատ ջանքերը ջուրը գցել: Անհրաժեշտ է, որ երկու առաջնորդներն ուշքի գան: Թուրքիան և Հունաստանը՝ որպես երաշխավոր ուժ, նույնպես պետք է շփումներ սկսեն նրանց երկուսի միջև, ոգևորեն թուրքական և հունական Կիպրոսների ղեկավարությանը սկսել գործընթաց, որը կհանգեցնի «վերջնախաղի»:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: