ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ներքաղաքական զարգացումները 2016 թվականին

Թուրքիայի ներքաղաքական կյանքում անցնող տարին պայմանավորվեց մի շարք առանցքային իրադարձություններով, որոնցից գլխավորը, թերևս, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձն էր: Հեղաշրջման փորձի տապալումը Թուրքիայի ներսում սկիզբ դրեց բռությունների ու հետապնդումների մի նոր ալիքի, որ, ըստ ամենայնի, կշարունակվի նաև սպասվող 2017 թվականին: Նախագահ Էրդողանի համար կատարվածը լավագույն առիթն էր՝ երկրի ներսում եղած հակառակորդներից ու այլախոհներից ազատվելու և նախագահական համակարգի անցման համար սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով: Սակայն, մինչև հուլիսյան իրադարձություններն էլ Թուրքիայում հետևողականորեն խախտվում էին մարդու իրավունքներն ու ազատությունները, որոնք արձանագրվել են նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում:

Վերոնշյալ խախտումների և Էրդողանի դիրքերի ամրապնդմանն ուղղված քաղաքականության համատեքստում լիովին տեղավորվում էր նաև իշխանությունների մայիսյան նախաձեռնությունը՝ խորհրդարանի որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Օրինագծի նպատակն էր սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու միջոցով անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց նկատմամբ դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում: Այստեղ հիմնական հարվածն ուղղված էր ընդդիմադիր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP)-ի պատգամավորների դեմ, որոնցից ոմանք մեղադրվում էին Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու մեջ: Օրինագծի ընդունումը նախագահ Էրդողանը որակեց որպես «պատմական» իրադարձություն:

Քրդերի դեմ ուղղված պայքարը չսահմանափակվեց միայն քրդական քաղաքական էլիտայի դեմ ուղղված ակցիաներով: 2016-ի սկզբից անդադար արյունալի բախումներ էին տեղի ունենում Թուրքիայի քրդաբնակ հատվածներում՝ հանգեցնելով բազմաթիվ զոհերի ու վիրավորների: Քրդաբնակ Դիարբեքիրը, օրինակ, ապրիլ-մայիս ամիսներին վերածվել էր պատերազմական գործողությունների իսկական թատերաբեմի: Թուրք-քրդական հակամարտության արյունոտ հետևանքները զգացվեցին նաև Թուրքիայի ուրիշ քաղաքներում՝ քրդական կազմակերպությունների կողմից կազմակերպված ահաբեկչությունների միջոցով (օրինակ՝ Բուրսա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի պատասխանատվությունը ստանձնեց «Քրդստանի ազատագրման բազեներ» կազմակերպությունը):

2016 թվականին Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններից էր նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը, ով Թուրքիայում առանցքային նշանակություն ունեցող գործիչներից էր: Դավութօղլուի հրաժարականը մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում: Ըստ տարբեր աղբյուրների՝ դեպքերի նման զարգացումից խիստ անհանգստացած էր Բրյուսելը՝ վախենալով, որ Դավութօղլուի հրաժարականը կտապալի նաև Եվրոպայի համար այնքան մեծ կարևորություն ունեցող միգրացիոն համաձայնագրի իրագործումը: Դավութօղլուի հրաժարականը կրկին մեկնաբանվեց երկրում նախագահական համակարգ հաստատելու Էրդողանի որդեգրած քաղաքականության համատեքստում, ինչի առնչությամբ Էրդողանը նշեց, որ նախագահական կառավարման համակարգին անցնելը անհրաժեշտություն է Թուրքիայի համար և բխում է ոչ թե իր անձնական, այլ Թուրքիայի պետական ու ազգային շահերից: Թուրքիայում նոր կառավարությունը գլխավորեց նախագահի մերձավոր համախոհներից Բինալի Յըլդըրըմն, իսկ նոր ձևավորված կաբինետն առավելապես ընկալվեց որպես «Էրդողանի կառավարություն»:

Համատարած բռնությունների և ձերբակալությունների ֆոնին հուլիսին Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ, որը սակայնիշխանություններին հաջողվեց ճնշել, այնուհետև երկրում հայտարարել արտակարգ դրության ռեժիմ: Հեղաշրջման փորձի տապալման հիմնական պատճառը, ըստ էության, բանակի  ոչ միասնական լինելն էր. հեղաշրջման փորձին մասնակցել էր բանակի թվակազմի մոտ 1,5 տոկոսը: Հայտնի է նաև, որ հեղաշրջման նախաձեռնությունը գալիս էր բանակի ղեկավարության միջին օղակից, իսկ բարձրագույն ղեկավարությունը դեմ էր դրան: Սա ևս հեղաշրջման փորձի տապալման հիմնական պատճառներից մեկն է: Եվ, ի վերջո, իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ Էրդողանը, չնայած իր վարած կոպիտ ու բռնապետական քաղաքականությանն, ունի հանրության լայն զանգվածների աջակցությունը, ովքեր էլ նրա հորդորով դուրս եկան փողոց:

Ռազմական հեղաշրջման փորձն Էրդողանին տվեց հնարավորություն բացահայտելու այս անգամ արդեն բանակի՝ իր դեմ տրամադրված հատվածին: Իսկ հեղաշրջման փորձի տապալումը նախագահի համար կանաչ լույս հանդիսացավ՝ այդ տարրերին վերացնելու և բանակը, որպես նախագահական կառավարման համակարգին անցնելու ճանապարհի հնարավոր խոչընդոտ, վերջնականապես չեզոքացնելու համար: Տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ գեներալներ ու բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնանկ արվեցին, հետապնդումների ենթարկվեցին ու ձերբակալվեցին:

Հեղաշրջմանն աջակցելու նպատակով հետապնդման ենթարկվեցին նաև լրագրողներ, մտավորականներ, իրավապաշտպաններ, երկրում փակվեց ավելի քան 130 ԶԼՄ:

Պաշտոնանկությունների ու ձերբակալությունների մի մեծ ալիք էլ բաժին հասավ կրթության ոլորտին, որտեղ ավանդաբար մեծ է եղել Էրդողանի երդվյալ թշնամի, ԱՄՆ-ում գտնվող Ֆեթհուլա Գյուլենի ազդեցությունը: Թուրքիայում գյուլենական շարժումն արմատախիլ անելն Էրդողանի գլխավոր նպատակներից մեկն է եղել և նման հարմար առիթը բաց թողնել նա չէր կարող: Բնականաբար, իշխանությունները հեղաշրջման փորձը ևս կապեցին Գյուլենի հետ՝ հայտարարելով, որ վերջինս աջակցել և հովանավորել է նրանց: Թուրքական իշխանությունների կողմից Գյուլենը անգամ համեմատվեց «Ալ Քաիդա»-ի հանգուցյալ առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ: Ստամբուլի դատարանը Գյուլենին հեռակա կարգով կալանավորելու մասին որոշում ընդունեց, ինչն ինքը՝ Գյուլենը, մեկնաբանեց որպես Էրդողանի՝ Թուրքիայում բռնապետություն հաստատելու քաղաքականության վկայություն: Գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում աշխատանքից հեռացվեց ավելի քան 70.000 պետծառայող, կալանավորվեցին հազարավորները:  

Աշնան սկզբին Թուրքիայում կրկին բողոքի ձայն բարձրացրին քրդերը: Մասնավորապես, քրդական մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ անժամկետ հացադուլ հայտարարեցին՝ հանդիպում պահանջելով քրդական առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ: Քրդերը մտահոգություն ունեին հատկապես կապված առաջնորդի առողջական վիճակի հետ, քանի որ հեղաշրջման փորձի տապալումից հետո նրա  հետ անմիջական հանդիպման հնարավորություն չէր ստեղծվել: Իշխանություններն ընդառաջ գնացին այս պահանջին՝ կազմակերպելով Օջալանի հանդիպումը եղբոր հետ, ով հանդիպումից հետո հավաստիացրեց, որ իր եղբոր առողջական վիճակը նորմալ է: Սակայն այս քայլը չէր նշանակում, որ թուրքական իշխանությունները հրաժարվել են իրենց պլաններից և պատրաստ են երկխոսության: Ավելին՝ երկրում արտակարգ դրության ռեժիմի եռամսյա ժամկետի սպառվելուց անմիջապես հետո այդ ժամկետը ևս երեք ամսով երկարաձգվեց՝ տալով հնարավորություն ավարտին հասցնել Թուրքիան «գյուլենական» ու «հակաէրդողանական» տարրերից մաքրելու գործընթացը: Ձերբակալությունները զանգվածաբար շարունակվեցին՝ ընդգրկելով Թուրքիայի պետական կառավարման համակարգի բոլոր օղակները:

Ընդհանուր առմամբ 2016 թվականը Թուրքիայի ներքաղաքական կյանքում նշանավորվեց որպես բռնությունների ու ճնշումների տարի: Այդ ամենի գնով աստիճանաբար ավելի ու ավելի ամրապնդվեցին նախագահի դիրքերը, ով այժմ առավել վստահ է առաջ քաշում նոր սահմանադրության և նախագահական կառավարման համակարգի անցնելու իր ծրագրերը: Թուրքիան հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, ինչը կարծես թե արդեն անուղղելի ու անբեկանելի գործընթաց է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: