ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ արտաքին քաղաքականությունը 2016 թվականին

abali.ru

2016 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները եղել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպան: Սա պայմանավորված է ոչ միայն այդ երկրների հետ ավանդական սերտ հարաբերություններով, այլ նաև Ապրիլյան պատերազմով և գործընթացը բանակցային սեղան վերադարձնելուն ուղղված դիվանագիտական քայլերով: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ բացի Ղարաբաղյան հակամարտությունից այս երկրների հետ հարաբերություններում մեծ տեղ են զբաղեցրել նաև երկկողմ հարաբերությունները:

Այսպես, 2016 թվականին շարունակել է դինամիկ զարգանալ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը 2016-ին չորս անգամ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ կայացել են բարձր մակարդակի բանակցություններ: Պարբերաբար հանդիպումներ են եղել նաև Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև: Վերջիններիս հանդիպումների հաճախականությունը, ինչպես արդեն նշեցինք, այս տարի պայմանավորված էր Ապրիլյան պատերազմով:

Դինամիկ զարգացում են գրանցել նաև հայ-ամերիկյան հարաբերությունները: 2016-ին նախագահը 2 անգամ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նշենք, որ այս տարի ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ հանդիպումները և հեռախոսազրույցները համեմատաբար հաճախակի են եղել, ինչը մեծամասամբ նույնպես պայմանավորված է ապրիլյան պատերազմով: Նշենք, որ Հայաստան են այցելել ամերիկյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում նաև ԱՄՆ նախագահի գլխավոր օգնական Չարլզ Կապչանը, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը:

Հարկ է նշել, որ եվրոպական երկրներից թերևս ամենաշատ ուշադրություն դարձվել է Ֆրանսիային (Մինսկի խմբում համանախագահող երկիր) և Գերմանիային (2016 թվականին նախագահում էր ԵԱՀԿ-ն): Այսպես, 2016 թվականին նախագահը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա, որտեղ հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ: Երևանում նախագահն ընդունել է ԱԳ նախարար Շտայնմայերին: ՀՀ արտգործնախարարն, իր հերթին, հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հարցերով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցչի, Բունդեսթագի փոխնախագահի, ԱԳ նախարարի, կանցլերի գլխավոր խորհրդականի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նշենք, որ 2016-ին ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղարի, Ֆրանսիայի արտգործնախարարի, Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարի և բարձրաստիճան այլ պաշտոնյանների հետ: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

2016 թվականը բավականին ակտիվ է եղել նաև եվրոպական մյուս երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման առումով: Նախագահը պաշտոնական այց է կատարել Հունաստան, Կիպրոս:  Պետական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի նախագահը, իսկ պաշտոնական այցով՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: 2016 թվականին ԱԳ նախարարը պաշտոնական այցեր է կատարել Բուլղարիա, Չեռնոգորիա և Ֆինլանդիա: ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Չեխիայի, Շվեդիայի, Սլովակիայի, Հունաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Ավստրիայի, Լատվիայի, Իտալիայի, Իսլանդիայի, Կոսովոյի, Պորտուգալիայի, Լյուքսեմբուրգի, Սերբիայի արտգործնախարարների հետ: Հանդիպումներ են եղել նաև եվրոպական տարբեր երկրների այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ ինչպես նախագահի, այնպես էլ ԱԳ նախարարի մակարդակներով:

2016-ին շարունակել են դինամիկ զարգանալ հարաբերությունները նաև հարևաններից Իրանի և Վրաստանի հետ, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի հանդիպումները: Այսպես, անցնող տարում պաշտոնական այցով Իրան էր ժամանել ԱԳ նախարարը, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ: Բացի այդ, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները հետախոսազրույցների ժամանակ քննարկել են նաև Հայաստանի և Իրանի նախագահները: Դեկտեմբերին Հայաստան է այցելել Իրանի նախագահը:  Ավելացնենք, որ այս տարի չեղարկվել է երկու երկրների միջև վիզային ռեժիմը:

Էդվարդ Նալբանդյանը 2016-ին պաշտոնական այց է կատարել նաև Վրաստան:  Վրաստանի ԱԳ նախարարը հայ-վրացական հարաբերությունները քննարկել է նաև Երևանում ԱԳ նախարարի և նախագահի հետ ունեցած հանդիպումների ժամանակ: Բացի այդ, Սերժ Սարգսյանը երկու երկրների սահմանին հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ:

Հայաստանը քայլեր է ձեռնարկել նաև ասիական երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այսպես, նախարար Նալբանդյանը պաշտոնական այց է կատարել Ինդոնեզիա, որտեղ անցկացրել է բարձր մակարդակի բանակցություններ: Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնացի, Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացի, Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարարի, Սինգապուրի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ: 2016-ին Հայաստանի և Մակաոյի միջև ստորագրվել է մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին պայմանագիր: Հայաստանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր:

2016-ի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից դուրս չեն մնացել նաև Կենտրոնական Ասիայի երկրները: Այսպես, նախարար Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների հետ, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հարաբերությունները քննարկել է Տաջիկստանի նախագահի հետ:

Հայաստանը շարունակել է ամրապնդել իր ավանդական հարաբերությունները մերձավորարևելյան երկրների հետ: Մասնավորապես Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Հորդանանի, Իրաքի, Սիրիայի, Կատարի ԱԳ նախարարների, Լիբանանի մշակույթի նախարարի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ բարձր մակարդակի բանակցություններ է ունեցել:

2016 թվականին Հայաստանը շարունակել է զարգացնել համագործակցությունը նաև Լատինական Ամերիկայի երկրների հետ: Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիա, որտեղ բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել: ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Արգենտինայի, Բոլիվիայի, Բրազիալիայի, Կուբայի և Հոնդուրասի ԱԳ նախարարների հետ:

Անցնող տարում Երևանի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև աֆրիկյան երկրները: Այսպես, 2016-ին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նիգերի հետ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հարաբերությունների քննարկման համար հանդիպումներ է ունեցել Մալիի, Կոնգոյի, Տոգոյի, Մադագասկարի, Մարոկկոյի, Բուրունդիի, Կամերունի և Կոտ-դ'Իվուարի ԱԳ նախարարների հետ:

Հայաստանն ակտիվ է եղել նաև ինտեգրացիոն գործընթացների ներքո, միջազգային և տարածաշրջանային կազմակեպությունների հետ համագործակցության հարցում: Մասնավորապես, Հայաստանը շարունակել է սերտ համագործակցությունը Եվրոպական Միության հետ: 2016-ին Երևան է այցելել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Միևնույն ժամանակ, ԱԳ նախարարը և նախագահը Մոգերինիի հետ Հայաստան-ԵՄ հարաբերությունները քննարկել են այլ միջոցառումների շրջանակներում: Այս առումով նշենք, որ արդեն կայացել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավապայմանագրային նոր հիմքի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը և կողմերի գնահատմամբ բանակցությունները բավականին արդյունքվետ են ընթանում:  Ավելացնենք, որ 2016-ին Երևանում կայացել է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ընդհանրապես 2016-ին Հայաստանը ակտիվորեն մասնակցել է եվրոպական կառույցների աշխատանքին և այնտեղ հստակ ներկայացրել Երևանի դիրքորոշումը: Ասածի վառ ապացույցնի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագծի ընդունման տապալումը:

2016 թվականին Հայաստանն ակտիվ գործունեություն է ծավալել նաև Միավորված ազգերի կազմակերպությունում, ինչի մասին վկայում են ԱԳ նախարարի և նախագահի հանդիպումները ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այսպես, 2016-ին նախարար Նալբանդյանը հանդիպուներ է ունեցել ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղար Բան Կի-մունի, գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ: Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շամշադ Ախթարին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆֆրի Ֆելթմանին: Անցնող տարում Հայաստանի Հանրապետությունն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում, դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ: 2016-ին Էդվարդ Նալբանդյանը նախագահել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը:

Հիշեցնենք, որ Հայաստանը այս տարի նախագահում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունունում: Երևանում կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդատվությունները, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների նախագահների նիստ: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը շարունակել է ամրապնդել համագործակցությունը նաև Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Հայաստանի արտգործնախարարը 2016-ին հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականի հետ: Նալբանդյանը մասնակցել է Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

Նշենք, որ Հայաստանի համագործակցությունը դինամիկ կերպով զարգացել է նաև ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի ՍԾՏՀԽ-ի շրջանակներում:

2016 թվականին Հայաստանն ակտիվորեն շարունակել է զարգացնել համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, ինչի մասին վկայում են նախարար Նալբանդյանի պարբերական հանդիպումները կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ:Նշենք, որ Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 2018 թվականի գագաթաժողովը:

Ավելացնենք, որ Հայաստանը 2016 թվականին ակտիվ քայլեր է ձեռնարկել նաև միջուկային ոլորտում միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ: Այսպես, 2016-ին Վաշինգտոնում նախագահը մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթաժողովին, իսկ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը Վիեննայում մասնակցել է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին: Միևնույն ժամանակ, համաձայնագիր է ստորագրվել ՀՀ Կառավարության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև, ինչպես նաև լրացվել է միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև: Նշենք, որ Հայաստանը միացել է նաև կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագրին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: