ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ քաղաքական ճգնաժամը կամ «Աջ շրջադարձ» Եվրոպայում

europebusines.blogspot

Վերջին տարիներին ազգայնականությունն ու եվրահոռետեսությունը մեծ տարածում են գտել Եվրոպական միության անդամ երկրներում: Սակայն հատկապես 2015-2016 թվականներին այս տրամադրությունները մեծ թափ հավաքեցին, երբ աջակողմյան քաղաքական շարժումներն իրար հետևից հաղթանակ տարան մի շարք խորհրդարանական, տարածաշրջանային և նախագահական ընտրություններում:

Հատկապես հունիս ամսի հայտնի հանրաքվեից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ կազմից, մյուս անդամ-պետություններից շատերը սկսեցին ավելի ինտենսիվ կերպով քննարկել կառույցը լքելու հավանականությունը:

«Աջերի» առաջխաղացումը Եվրոպայում

Լեհաստանում աջ պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ դառնալով առաջին միայնակ իշխող կուսակցությունը՝ Լեհաստանում ժողովրդավարության վերականգնումից ի վեր: Դանիայում աջ պոպուլիստական ​​«Ժողովրդական կուսակցությունը» 21% ձայներով դարձավ երկրորդ քաղաքական ուժը երկրում, իսկ Նիդերլանդներում աջ ծայրահեղական «Ազատության կուսակցությունը» երրորդ տեղը զբաղեցրեց:

Նույն իրավիճակին ականատես եղանք Հունգարիայում, որտեղ մեծ առաջխաղացում ապրեց «Հանուն ավելի լավ Հունգարիայի» կուսակցությունը,  իսկ Հունաստանում՝ «Ոսկե մայրամուտ»-ը: Ավստրիայում աջ ծայրահեղական Նորբերտ Հոֆերն անգամ հաղթանակ տարավ ապրիլի նախագահական ընտրությունների առաջին փուլում, և միայն երկրորդ փուլում պարտության մատնվեց:

Սակայն ամենահետաքրքիր իրավիճակը վերջին օրերին ստեղծվել է Ֆրանսիայում և Իտալիայում: Ֆրանսուա Օլանդից հետո՝ նախագահի պաշտոնին ամենալուրջ հավակնորդներից մեկն այս պահին հանդիսանում է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը, ով հայտնի է իր խիստ ծայրահեղական, հակամիգրացիոն հայացքներով: ՏԻՄ ընտրություններում շատ մեծ հաջողության հասնելուց հետո այժմ էլ Լը Պենը ֆավորիտ է համարվում 2017 թ.-ի ընտրություններում:

«Եվրոպան այլևս երբեք չի լինի այն նույն Եվրոպան, որը մենք ճանաչում ենք: Այն կվերածվի իսլամական հանրապետության: Այժմ մի մեծ շրջափուլ է մեզ սպասվում, և եթե մենք չպաշտպանենք մեր քաղաքակրթությունը, այն անհետ կվերանա», - ասել էր Լը Պենն իր վերջին ելույթներից մեկի ժամանակ:

Միաժամանակ, Իտալիայում Մատեո Ռենցիի հրաժարականից  հետո՝ վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է «Հյուսիսի լիգա» աջակողմյան կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին, ով իր հերթին բազմիցս նշել է, որ թե՛ իտալացիները, թե՛ ԵՄ մյուս բոլոր պետությունները չպետք է ձևացնեն, թե ոչինչ չի կատարվում և շարունակեն իրենց հունով ապրել:

«Բավական է խաղաղասիրական հռետորաբանություն կիրառել: Որպեսզի երաշխավորենք մեր մայրցամաքի անվտանգությունը, պետք է ամեն կերպ պայքարենք իսլամիստների դեմ», - հայտարարել էր Սալվինին:

Նման միտման դրդապատճառները

«Աջ շրջադարձը» Եվրոպայում ի հայտ է եկել մի շարք տարբեր պատճառներով: Առաջին հերթին, ծայրահեղականության խթան է հանդիսացել միգրացիոն ճգնաժամը, որն իսկական պատուհաս դարձավ Եվրոպայի գլխին հատկապես 2015-ի ամռանը՝ վերածվելով մեծամասշտաբ աղետի: Փախստականների անկառավարելի ներհոսքը հանգեցրեց եվրոպական հասարակության պառակտման՝ մի կողմից հանդուրժողականության և մարդու իրավունքների գաղափարներին հավատարիմ մարդկանց, մյուս կողմից՝ անվտանգության հսկայական սպառնալիք տեսնող մարդկանց միջև: Ուստի միգրացիոն քաղաքականությունը դարձավ առանցքային ուղղություն՝ եվրոպական հասարակության քաղաքական համակրանքն ընտրություններին ստանալու համար:

Աջակողմյան կուսակցությունները նախատեսում էին խստացնել սահմանների վերահսկման համակարգերը՝ հիմնավորելով դա իրենց քաղաքացիների հանգստությամբ և անհոգությամբ, ինչպես նաև եվրոպական քաղաքակրթության և մշակույթի պաշտպանությամբ:

Ազգայնականության աճի կարևոր գործոն է հանդիսացել նաև իսլամաֆոբիան եվրոպական հասարակության մեջ, ինչպես նաև, այսպես կոչված, «եվրոպական ինքնության» ճգնաժամը: 

Ըստ որոշ փորձագետների՝ եվրոպական ինքնությունն ու եվրոպական արժեքներն ավելի ու ավելի են կորցնում իրենց ուժը, և հատկապես իսլամական կրոնի ներկայացուցիչների ֆոնին կտրուկ անկում է ապրում եվրոպական քաղաքակրթությունը և զգացվում է «մայրամուտի ոգին»:

Եվ վերջապես նման քաղաքական տրամադրությունների համար ոչ փոքր դեր է խաղացել նաև Եվրոպայում 2008 թ. սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Պահպանվող գործազրկության բարձր մակարդակը, Չինաստանի տնտեսական զարգացման դինամիկայից կախվածությունը, ԱՄՆ տնտեսական անկման հետ կապված մտահոգությունները, Եվրոպական միության արտադրության անկումը հավանականություն առաջացրին հետագա «կրկնաճգնաժամի», որի պատասխանատուն, ըստ աջ թևի կուսակցությունների, իհարկե իշխող ուժերն են Եվրոպայում: Այս իրավիճակն էլ անշուշտ ճանապարհ բացեց պոպուլիստական ​​աջ քաղաքական կուսակցությունների առաջխաղացման համար, որոնք ներկայացվում են որպես լավագույն այլընտրանք իշխանություններին:

Չի կարելի թերագնահատել նաև ԶԼՄ-ների դերն այս ամենում, որոնք է՛լ ավելի մասսայականություն հաղորդեցին աջ կուսակցություններին՝ խուճապ սերմանելով եվրոպացիների շրջանում և ավելի սրելով նրանց ազգայնական տրամադրությունները:

Չնայած քաղաքագետների մի հոծ զանգված համարում է, որ ժողովուրդն աջերին դիտում է զուտ որպես ընդդիմություն, և նրանց օգտին քվեարկելով՝ իր բողոքի նոտան է հայտնում իշխանություններին, այնուամենայնիվ ստեղծված իրավիճակը Եվրոպայում խիստ մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ նմանատիպ անհանդուրժողականության և օտարատյացության ականատես ենք եղել դեռևս 1930-ականներին, երբ ի հայտ եկան ռասիզմն ու ֆաշիզմը Եվրոպայում: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: