ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական հակամարտությունը 2016-ին. խնդրի լուծման բանալին համակողմանի կարգավորման մեջ է

2011 թվականի մարտից Սիրիայում որպես «արաբական գարնան» շարունակություն սկսված ճգնաժամը մինչ օրս ոչ միայն չի հաջողվել կարգավորել, այլ նաև հակամարտությունը շարունակում է խորանալ: ՄԱԿ-ի տվյալներով սիրիական հակամարտության ավելի քան 5 տարիների ընթացքում զոհերի թիվը հասնում է կես միլիոնի:  Սիրիայի ներսում և նրա շուրջ տիրող իրավիճակն այսօր շատ ավելի բարդ ու խճճված է, քան 5 տարի առաջ էր, երբ սկսվեց ճգնաժամը: Առկա է ուղղակի առճակատման վտանգ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների և Ռուսաստանի միջև: Մի կողմից, թվում է, թե ջանքեր են գործադրվում սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ, մյուս կողմից, ռազմական գործողությունները դադարելու միտում չունեն (չնայած ժամանակավոր հրադադարներին):

5 տարի առաջ սահմանադրական բարեփոխումների կոչերով սկսված ցույցերը արագ վերաճեցին բախումների, որոնք մարդկային զոհերի պատճառ դարձավ: Շատ կարճ ժամանակահատվածում ճգնաժամում բազմաթիվ արտաքին ուժեր ներգրավվեցին՝ հակամարտությանը տալով միջազգային բնույթ: 2013 թվականը նոր սրություն բերեց, երբ Արևմուտքը սկսեց Բաշար Ասադի վարչակազմին մեղադրել քիմիական զենք կիրառելու մեջ՝ սպառնալով ռազմական միջամտութամբ:  Թեև սիրիական քիմիական զինանոցի ոչնչացման շնորհիվ հաջողվեց կանխել ամերիկյան ուղղակի ռազմական միջամտությունը, բայց լարվածությունը չթուլացավ: Դրա հիմնական պատճառներից մեկն էլ ծայրահեղական խմբավորումների տրանսֆորմացիան էր, որի արդյունքում ի հայտ եկան «Իսլամական պետություն», «Ջաբհան Ան-Նուսրա», «Ահրար Աշ-Շամ» և նման այլ ահաբեկչական խմբավորումներ: ԻՊ-ն դարձել է այն պայմանական ասած «ընդհանուր թշնամին», որի դեմ բոլորը պայքարում են, բայց որի դեմ պայքարողներին համախմբել մինչ օրս չի հաջողվում: 

Ինչո՞ւ չի հաջողվում կարգավորել հակամարտությունը

Գլխավոր խնդիրը, թերևս, կայանում է նրանում, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը շատ են, իսկ նրանց շահերն ու դիրքորոշումները խիստ տարբեր են: Սիրիական ճգնաժամում այսօր ներգրավված ուժերին կարելի է պայմանականորեն բաժանել «պրոասադական» և «հակաասադական» ճամբարների: Առաջին խմբի մեջ են մտնում սիրիական կառավարական ուժերն ու նրանց աջակցող ռազմաքաղաքական միավորները, Իրանը և լիբանանյան «Հիզբոլլահ» շիական խմբավորումը, ինչպես նաև Ռուսաստանը: «Հակաասադական» ճամբարի հիմնական դերակատարներն են Թուրքիան, արևմտյան երկրները, Ծոցի արաբական որոշ միապետություններ, ինչպես նաև երկրում գործող զանազան «չափավոր ընդդիմադիր» և ահաբեկչական խմբավորումները: Հակամարտության ինքնուրույն կողմ են հանդիսանում Սիրիայի քրդերը, որոնք կազմում են երկրի բնակչության մոտ 10%-ը և անկախ քրդական միավոր հիմնելու հայտ են ներկայացնում:

Հակամարտության խորացման մյուս կարևոր պատճառը կայանում է նրանում, որ Սիրիայում չափազանց շատ շահեր են հատվում: Մի կողմից, դա սուննի-շիա հակամարտությունն է, որի վերջին տասնամյակների ընթացքում աստիճանաբար ավելի է սրվում՝ ներառելով հակամարտության նորանոր օջախներ: Մյուս կողմից, մենք ականատես ենք լինում առավել գլոբալ առումով առճակատման Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Ազդեցության գոտիների համար պայքարը շարունակվում է: Այս ամենին գումարվում են տեղում էթնիկ և կրոնական ամենատարբեր խմբերի շահերը՝ ավելի խորացնելով հակամարտությունը:

Կարևորագույն խնդիր է հանդիսանում նաև ճգնաժամի տրանսֆորմացիան: Հակամարտությունը շարունակ նորանոր տրանսֆորմացիաների է ենթարկվում, ինչը թույլ չի տալիս որոշակի կայուն վիճակ արձանագրել և փորձել կարգավորման որոշակի ձևաչափ կամ բանաձև գտնել: Օրինակ, 2016 թվականի սկզբում, երբ թվում էր, թե ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև երկխոսությունը կարող է կարգավորման համար համապատասխան պայմաններ ստեղծել, Թուրքիան ռազմական գործողություն սկսեց Սիրիայի հյուսիսում՝ ըստ էության, նոր իրավիճակ հաստատելով ճգնաժամում: Տրանսֆորմացիաների ցայտուն օրինակ է նաև «չափավոր ընդդիմադիր» ուժերի ձևափոխումը ծայրահեղ ահաբեկչական զինված խմբավորումների:

Ինչպե՞ս է Ասադին հաջողվում պահել իշխանությունը

Առաջին և ամենակարևոր պատճառը կայանում է նրանում, որ Ասադն իսկապես աջակցություն ունի երկրի ներսում: Շատ հաճախ փորձ է արվում սիրիական հակամարտությունը ներկայացնել որպես բնակչության մեծամասնության՝ սուննիականության պայքար ընդամենը 10%-ը կազմող ալաուների դեմ: Այս թեզը, սակայան, իրականությանն այդքան էլ չի համապատասխանում: Նախ, Ասադի վարչակազմը վայելում է այդ թվում նաև Սիրիայի չափավոր սուննիների զգալի մասի աջակցությունը:

Երկրորդ, կառավարությունը միակ ուժն է, որն այսօր ի վիճակի է պայքարել ահաբեկիչների դեմ: Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերը գիտակցում են, որ Ասադին կամ ավելի ճիշտ իշխող վարչակազմին, ԲԱԱՍ կուսակցությանն այլընտրանք չկա: Միակ այլընտրանքն այսօր ծայրահեղ իսլամական ուժերն են: Արաբական գարնած փորձը սա ևս ապացուցեց: Իրաքի, Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի իրադարձությունները բոլորին ցույց տվեցին, որ այլընտրանքը կարող է անհաղթահարելի քաոսը լինել:

Երրորդ, հասկանալի է, որ Ասադի գոյատևման մեջ կարևոր դերակատարություն ունեցավ արտաքին աջակցությունը:

Պետք է արձանագրել, որ ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը մինչ այժմ որևէ էական արդյունք չեն տվել, այդ թվում նաև մարդասիրական աղետի հաղթահարման գործում: Բանակցային փորձերի տապալումը ցույց է տալիս, որ երկխոսության համար նախ և առաջ քաղաքական կամք է պետք, անհրաժեշտ է, որ հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակի ներգրավվածություն ունեցող բոլոր ուժերը պատրաստ լինեն վայր դնել զենքը: Իսկ դրա ժամանակը դեռ չի հասունացել, քանի որ ներգրավված ուժերը դեռ չեն բավարարել իրենց հետաքրքրությունները, չեն հասել հասել իրենց հետապնդած նպատակին: Միևնույն ժամանակ դժվար է միանշանակ պնդել, թե նրանք լիակատար վերահսկողություն ունեն  տեղում զինված գործողություններին անմիջականորեն մասնակցող ուժերի վրա: Սրան գումարած այն հանգամանքը, որ ռազմական գործողություններում ուղղակի ներգրավվածություն ունեցող կողմերից և ոչ մեկը չի կարողանում իրական բեկում մտցնել՝ լիակատար առավելություն գրանցելով մյուսի նկատմամբ: Հետևաբար, ցանկացած պայմանավորվածություն չի կարող կայուն լինել, առավել ևս նպաստել երկարաժամկետ կարգավորմանը:

Սիրիայում, ինչպես նաև առավել լայն իմաստով մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող գործընթացներն ապացուցում են, որ համակարգված, ավելին՝ համակողմանի և համապարփակ մոտեցման կարիք կա: Չի բացառվում, որ խնդրի լուծման բանալին տարածաշրջանային ճգնաժամերի միասնական դիտարկման և համակողմանի կարգավորման մեջ է: Կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կկարողանա կայունություն հաստատել ոչ միայն մեկ երկրում, ինչն ինքնին անհնար է համատարած քաոսի պայմաններում, այլ ողջ տարածաշրջանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: