ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է առաջարկում Դաշնակցություն կուսակցությունը. արտաքին քաղաքականություն (ՏԵՂԵԿԱՆՔ)

Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի շրջանակներում մրցակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական առաջնահերթությունները հանրությանն առավել մատչելի և ամփոփ ներկայացնելու համար «Հայացք» վերլուծական կենտրոնը  նախաձեռնում է վերլուծական տեղեկանքների շարք: Տեղեկանքները կհիմնվեն ինչպես խորհրդարանական ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի, այնպես էլ տվյալ ուժի ներկայացուցչի հետ «Արմեդիա» ՏՎԳ անցկացրած հարցազրույցի վրա:

 Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է, որը հիմնադրվել է 1890 թ.-ին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից: Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և սփյուռքի ավելի քան 40 երկրում։ Ներկայացված է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Լիբանանի, Իրանի, Սիրիայի խորհրդարաններում (ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Լիբանանում խմբակցության մակարդակով)։

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ծրագրում արտաքին քաղաքական մոտեցումներն արտացոլված են «ԱՐՑԱԽ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնում:

ՀՅԴ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:  

Փորձենք ներկայացնել ՀՅԴ մոտեցումներն՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքականության հետևյալ առաջնահերթությունների՝ Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանություն, ՀՀ-ուժային կենտրոններ, ՀՀ-հարևաններ, ՀՀ-ինտեգրացիոն գործընթացներ, հայրենիք-սփյուռք հարաբերություններ:

Ղարաբաղյան հիմնախնդիր

 Արցախյան հարցի շուրջ կուսակցության դիքորոշումը հետևյալն է. «Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Այս հարցում դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»: Կուսակցության նախընտրական ծրագրում Արցախյան հարցի շուրջ կան հետևյալ առաջարկները.

  1. Ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական համագործակցությունը, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, մշակութային, կրթական համարկումը:
  2. Ջանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերվող բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու համար:

Կուսակցության արտաքին քաղաքական մոտեցումների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ հետ հարցազրույցում ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացի մասին ՀՅԴ մոտեցումը ներկայացնելիս շեշտեց Արցախի անկախության հռչակումն ու ճանաչումը՝ որպես հանգրվան Հայաստանի հետ վերամիավորման, ինչի համար կարևորեց ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրային հիմքերը: Մանոյանի խոսքերով, ապրիլյան պատերազմը, դրանից հետո ՄԽ համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնցից ավելի ուշ հրաժարվեց Ադրբեջանը, պատեհ առիթ են ստեղծում ռազմաքաղաքական պայմանագրի կնքման համար: Նախընտրական ծրագրում այդ հարցը ևս արտացոլված է. «Ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական համագործակցությունը, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, մշակութային, կրթական համարկումը»:

Կիրո Մանոյանն արցախյան հակամարտության կարգավորման իրենց տեսլականը ներկայացրեց հետևյալ կերպ. «Մեր մոտեցումով Արցախն ի վերջո պետք է միացվի Հայաստանին. շարժումն այդ նպատակով է ստեղծվել: Մեր տեսանկյունից անկախության հռչակումն ու ճանաչումը միայն հանգրվան է Հայաստանի հետ վերամիավորման գործընթացում»: 

Հայ-թուրքական հարաբերություններ

Կուսակցության նախընտրական ծրագրում հայ- թուրքական հարաբերությունների վերաբերյալ նշված է. «Ձևավորել անհրաժեշտ դիմակայություն ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերի: Չեղարկել մեր ազգային շահերին հակասող հայ-թուրքական արձանագրությունները»:

Հայոց ցեղասպանություն 

Կուսակցության նախընտրական ծրագրում տվյալ հարցի շուրջ առկա է հետևյալ ձևակերպումը. «ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մաս դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերը, բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որևէ գործողություն»:

Ըստ Մանոյանի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը պետք է լինի մեր երկրի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը՝ «անկախ Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալ-չունենալուց»: 

ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ, ՀՀ-Վրաստան, ՀՀ-Իրան

ՀՅԴ նախընտրական ծրագրում ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ ուղղություններին առանձնացված անդրադարձ չկա (կա ընդհանուր դրույթ՝ կապված արտաքին ուղղությունների հետ, որը ներկայացված է «Ինտեգրացիոն գործընթացներ» բաժնում):

«Արմեդիա» ՏՎԳ հետ հարցազրույցում Կիրո Մանոյանն այս կապակցությամբ նշեց, որ որպես համակարգի, հասարակարգի զարգացման ուղղություն, ՀՅԴ ճիշտ ուղղությունը համարում է եվրոպականը: Մանոյանի մոտեցման համար,  այդ ուղղությանը հետևենք, տեղայնացնենք, որովհետև մենք քաղաքակրթությամբ իրականում եվրոպացի ենք: Մանոյանը միաժամանակ նշեց, որ ՀՅԴ կողմ է ԵԱՏՄ մաս կազմելուն: Նա նաև նշեց, որ ԵԱՏՄ-ի կամ դրա մաս չկազմող հարևան կամ մերձավոր երկրների հետ պետք է հնարավորինս աշխատանքներ տանենք:

Հարևան երկրների հետ հարաբերությունների հարցում Մանոյանը նշեց, որ և՛ Իրանի, և՛ Վրաստանի հետ ունենք հարաբերությունները խորացնելու անհևաժեշտություն. « Վրաստանը շեշտում ենք այս ընտրությունների առիթով, որովհետև որպես կուսակցություն, արդեն իրենց շրջանակների հետ հարաբերություններ հաստատելու որոշ նախաձեռնություններով  հանդես եկել ենք՝ նախքան իրենց խորհրդարանական ընտրությունները,  և մեր ընտրություններից հետո պիտի շարունակենք այդ հարաբերությունները: Ջավախահայերի և վիրահայության իրավունքների կատարմանն աջակցելու խնդիր կա: Ինչ վերաբերում է Իրանին, բնականաբար, այդ երկրի հետ մեր հարաբերությունները պետք է սերտացնենք, խորացնենք տնտեսական և այլ գործակցությունը, տարածաշրջանային ծրագրերի ուղղությամբ պետք է նոր նախաձեռնություններ իրականացվեն: Բավական հարցերի մասին արդեն խոսվել է՝ նավթամուղ, երկաթգիծ: Բոլոր այդ հարցերն իրականանալի են քաղաքական տեսանկյունից: Մնում է դրանց գործնական իրականացումը»:

Վրաստանի մասով Մանոյանի նշածի և նախընտրական ծրագրում առկա կետի միջև կա ընդհանրություն .«Վրաստանի հետ հարաբերությունները կառուցել բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության և ընդհանրապես վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա»: Մինչդեռ նախընտրական ծրագրում չկա անդրադարձ Իրանին:

Ինտեգրացիոն գործընթացներ

Որպես արտաքին քաղաքական առաջին գերակայություն՝ Կիրո Մանոյանը նշեց. «Հայամետ և հայաստանակենտրոն քաղաքականությունն է, այսինքն` ոչ թե միտում այս կամ այն ճամբարին, այլ մեր ազգային պետական շահերից բխող արտաքին քաղաքականություն»: Գրեթե նույնանման ձևակերպում կա նաև կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության հատվածում. «Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահի և պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականի վրա: Մենք ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ չենք, մենք հայամետ և հայաստանակենտրոն ենք: Արտաքին քաղաքականության վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահով»: Կապված ինտեգրացիոն գործընթացների շուրջ տեսլականի հետ՝ Մանոյանը նշեց, որ պետք է շարունակել հարաբերությունների խորացումը և՛ եվրոպական ուղղությամբ,  և՛ ԵԱՏՄ կազմում: Մանոյանը շեշտեց բազմակողմանի քաղաքականության կարևորությունը, այդ թվում՝ նաև տարբեր դաշինքների հետ համագործակցության իմաստով՝ բառացիորեն նշելով. «Մեր մոտեցումն այն է, որ եթե որևէ դաշինքի մաս ենք, դա ոչ թե ընդդեմ որևէ մեկի է, այլ՝ հանուն անվտանգության»:   Արտաքին քաղաքականութան ուղղությունների մասին, գրեթե չտարբերվող ձևակերպում կա նաև ՀՅԴ նախընտրական ծրագրում. «Մեր կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որևէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների իրականացման»:

Սփյուռք

Եվ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում, և՛ ՀՅԴ նախընտրական ծրագրում Սփյուռքի հետ համագործակցության գաղափարը կայանում է ՀՀ բոլոր բնագավառների զարգացումներին Սփյուռքը մասնակից դարձնելը: «Անհրաժեշտ է Սփյուռքին առավել ևս մասնակից դարձնել ՀՀ բոլոր բնագավառների զարգացումներին: Ճիշտ է՝ որոշներում կա Սփյուռքի մասնակցություն, պարզ է, որ դա միատարր միավոր չէ, խոսում ենք ընդհանուրի մասին: Ճիշտ է, որոշ կառույցներին անդամակցելով, անհատապես կամ այլ կերպ դրսում ապրող մեր հայրենակիցները մասնակցություն ունեն ՀՀ ներքին հարցերին, սակայն անհրաժեշտ է, որ նրանք մասնակցություն ունենան նաև քաղաքական զարգացումներին: Դրա ամենակարճ ճանապարհը երկքաղաքացիությունն է: Բնականաբար պետք է մի կողմից երկրի վիճակը բերել բավարար մակարդակի, իսկ մյուս կողմից՝ աշխատանքներ տանել, որպեսզի նաև տեղի ունենա հայրենադարձություն՝ և՛ ՀՀ-ում ծնված հեռացածների, և՛ ՀՀ-ում չծնվածների: Դա, բացի ժողովդրագրական հարցերի լուծումներից, կնպաստի նաև երկրի տնտեսական վիճակի բարելավմանը: Սփյուռքի պարագայում յուրաքանչյուր կողմին պետք է մոտենանք անհատապես, ոչ թե այն դիտարկենք միագույն»,- Սյուռքի հետ համագործակցության տեսլականը ներկայացնում է Կիրո Մանոյանը՝ նշելով, որ միակ քաղաքական ուժն են, որը և՛ ՀՀ-ում, և՛ Արցախի Հանրապետություն, և՛ արտասահմանյան շուրջ երեսուն երկրներում կառույց  ունի:

Նույն հարցի շուրջ նախընտրական ծրագրում ամրագրված է հետևյալ կետը. «ՀՀ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդող սկզբունք համարել այն, որ Հայոց պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև համայն հայության ազգային նպատակների իրականացման երաշխավորն է: Ըստ այդմ՝ ամեն ինչ անել սփյուռքահայությանը հայոց պետականության գործընթացում լիարժեք ներգրավելու համար: Գործադրել Հանրապետության և հայության տարբեր հատվածների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, համազգային ներուժի բացահայտման և օգտագործման ամբողջական ռազմավարություն»:

Ի՞նչ նորույթ է առաջարկում կուսակցությունը

Կուսակցության նախընտրական ծրագրում առաջարկվող նորույթը, որը թերևս չկա այլ քաղաքական ուժի ներկայացրած ծրագրում ջավախահայերի և առհասարակ վիրահայերի իրավունքների պաշտպանության խնդրի դիտարկումն է:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    08.10.2024
       
    09.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: