ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է առաջարկում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը. արտաքին քաղաքականություն (ՏԵՂԵԿԱՆՔ)

Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի շրջանակներում մրցակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական առաջնահերթությունները հանրությանն առավել մատչելի և ամփոփ ներկայացնելու համար «Հայացք» վերլուծական կենտրոնը նախաձեռնում է վերլուծական տեղեկանքների շարք: Տեղեկանքները կհիմնվեն ինչպես խորհրդարանական ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի, այնպես էլ տվյալ ուժի ներկայացուցչի հետ «Արմեդիա» ՏՎԳ անցկացրած հարցազրույցի վրա:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ձևավորվել է 2017 թվականի փետրվարի 13–ին: Դաշինքի կազմում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, անկուսակցական  Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին աջակցում են նաև «Ժողովրդական», «Արդարություն» կուսակցությունները, «Միացյալ հայեր», «Կարմիր բերետներ» և «Անկախ դատարաններ» ՀԿ-ները։

Խորհրդարանական ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» քաղաքական դաշինքը հանդես է գալիս  «Ժառանգությո՛ւն-համախմբո՛ւմ-հաղթանա՛կ» կարգախոսով: 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» քաղաքական դաշինքի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է դաշինքի անդամ, համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանի հետ:

Փորձենք ներկայացնել Ելք դաշինքի մոտեցումներն՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքականության հետևյալ առաջնահերթությունների՝ Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանություն, ՀՀ-ուժային կենտրոններ, ՀՀ-հարևաններ, ՀՀ-ինտեգրացիոն գործընթացներ, հայրենիք-սփյուռք հարաբերություններ: Հատկանշական է, որ ներկայացվող վերլուծական տեղեկանքի նպատակը դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերությունների մատչելի ներկայացում է, ուստի այս դաշինքի մեջ մտնող կուսակցունների/ուժերի ծրագրային հնարավոր տարբերությունները չեն դիտարկվել:

 Ղարաբաղյան հիմնախնդիր

Ըստ դաշինքի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտումը: Դաշինքի նախընտրական ծրագրում մասնավորապես նշվում է. «Խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին: Առանց արցախցիների ցանկության հնարավոր չէ հասնել որևէ համաձայնության»:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության հարցում դաշինքի ունեցած դիրքորոշմանը, Արմեն Մարտիրոսյանը «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում առանձնացրեց երեք հիմնական կետերի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչում», «Ղարաբաղի վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ»,  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության պաշտպանություն»:

Դաշինքի նախընտրական ծրագրում կայուն և երկարատև խաղաղության հաստատման, Արցախի անվտանգության ապահովման հարցում որպես անհրաժեշտ գործոններ դիտարկվում են ուժերի հավասարակշռությունը, ժողովրդական դիվանագիտության միջոցով հայերի և ադրբեջանցիների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև միակողմանի ցանկացած զիջման բացառումը:

Հայ-թուրքական հարաբերություններ

Դաշինքի նախընտրական ծրագրում հայ-թուրքական հարաբերություններին չկա առանձին անդրադարձ, փոխարենը խոսվում է հարևանների հետ որակապես ու բովանդակապես նոր, բարիդրացիականության վրա հիմնված հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին:

Այնուամենայնվիվ արդեն հարցազրույցում, Արմեն Մարտիրոսյանն ադրադարձավ  հայ-թուրքական հարաբերություններին՝ դրական համարելով  Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման տարվող քաղաքական գիծը: Միևնույն ժամանակ վերջինս նկատեց, որ այս պահին հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հնարավորություն չի տեսնում, քանի որ Թուրքիան նախապայմաներից չի հրաժարվում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերականգման իրենց տեսլականին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գրավականն ուժեղ պետություն ունենալն է և Թուրքիայի կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման պատրաստակամությունը»:

Հայոց ցեղասպանություն 

Թեև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» քաղաքական դաշինքի նախընտրական ծրագրում Ցեղասպանության վերաբերյալ որևէ բաժին կամ առանձին կետ չկա, Արմեն Մարտիրոսյանը «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նկատեց. «Ցեղասպանության ճանաչման հետ կապված, մենք տեսել ենք, որ աշխարհի շատ պետություններ են ընդունել Ցեղասպանությունը, երբ Հայաստանն ուժեղ և հետամուտ է եղել: Հիմա ակնհայտորեն նմանատիպ իրավիճակ չէ, և հատկապես հայ-թուրքական արձանագրությունները խանգարեցին դրան: Մեր՝ իշխանության գալու պարագայում չեմ բացառում, որ պետությունները շարունակեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ, ՀՀ-Վրաստան, ՀՀ-Իրան

Ուժային կենտրոնների (օր. ՌԴ, ԱՄՆ) հետ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ Դաշինքի նախընտրական ծրագիրն առանձին բաժին չունի, փոխարենը ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող ընդհանրական բաժնում, խոսվում է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ հարաբերվելիս հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին՝ նպատակով՝ «բարձրացնել ՀՀ ինքնիշխանության և սուբյեկտայնության մակարդակը միջազգային ասպարեզում, ապահովել մեր երկրի անվտանգությունը, ձեռք բերել վստահելի ու հուսալի գործընկերոջ կամ դաշնակցի կարգավիճակ»:

Հարցազրույցում, անդրադառնալով ուժային կենտրոնների հետ ՀՀ երկկողմ հարաբերություններին, Արմեն Մարտիրոսյանը, մի փոքր ավելի բացելով փակագծերը, մասնավորապես նկատեց. «Մեր դաշնակից ՌԴ հետ հարաբերությունները շարունակվելու ենք, Արևմուտքի հետ՝ Միացյալ Նահանգներ, Եվրոպա, իրական, խորքային հարաբերություններ են լինելու և ոչ թե թղթի վրա գրված ինչ-որ գրանտներ, որոնք մտնում են Հայաստան և ոչինչ չեն տալիս»:

Ինչ վերաբերում է հարևանների (Վրաստան, Իրան) հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն, ապա այս դեպքում նույնպես Դաշինքի նախընտրական ծրագրում չկա առանձին բաժին: Փոխարենը, նախընտրական ծրագրում, հարևանների հետ տարվող քաղաքականության վերաբերյալ առկա է միայն հետևյալ ընդհանրական ձևակերպումը. «Հարևան երկրների հետ որակապես ու բովանդակապես նոր, բարիդրացիականության վրա հիմնված հարաբերությունների հաստատումը պետք է  հանդիսանա ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը»:

Այս դեպքում նույնպես, հարցազրույցում Արմեն Մարտիրոսյանն ավելի մանրամասն անդրադարձավ հարևանների հետ տարվող քաղաքականության հարցում  Դաշինքի ունեցած դիրքորոշմանը՝ ընդգծելով երկու հարևանների հետ «խորքային» հարաբերություններ ունենալու կարևորությունը. «Շատ ենք կարևորում Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների խորացումը: Վրաստանը մեր բնական գործընկերն է, և մենք պետք է այդ բնականությունը երկկողմ պայմանագրերով կարողանանք ապահովել այն աստիճան, որ որևէ խնդիր չլինի Վրաստանի հետ հարաբերություններում: Իրանի հետ ևս առևտրատնտեսական, քաղաքական նաև ռազմաքաղաքական լավ, խորը հարաբերություններ պետք է ունենանք»:

Ինտեգրացիոն գործընթացներ

Դաշինքի նախընտրական ծրագրում չկա առանձին անդրադարձ ինտեգրացիոն գործընթացներին՝ մասնավորապես ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ ՀՀ հարաբերություններին: Փոխարենը Դաշինքի նախընտրական ծրագրի արտաքինին վերաբերող բաժինը անդրադառնում է մեր երկրի «առանցքային ու խաչմերուկային աշխարհաքաղաքական դիրքին», որը դիտարկվում է որպես «շահավետ գործոն»՝ ապահովելու տարածաշրջանի խոշոր տնտեսական ծրագրերին ՀՀ մասնակցությունը:

«Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում, անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին՝ Արմեն Մարտիրոսյանը ընդծվում է hավասարակշռված, բազմավեկտոր քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը:

Սփյուռք

Դաշինքի նախընտրական ծրագիրում կա սփյուռքին նվիրված առանձնացված բաժին, որտեղ կարևորվում է սփյուռքահայ համայնքների հայապահպանման խնդիրն, ինչպես նաև խոսվում  ներգաղթ ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին: Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ Դաշինքը առաջարկում է ստեղծել համաշխարհային հայության ամբողջականացված համակարգ, իրականություն դարձնել համահայկական միասնականության գաղափարը, սփյուռքահայերին մասնակից դարձնել հայաստանյան կարևոր իրադարձություններին և գործընթացներին։

Հարցազրույցում Արմեն Մարտիրոսյանն ավելի մանրամասն անդրադարձավ Սփյուռքի հետ փոխհարաբերությունների ուղղությամբ իրենց Դաշինքի պատկերացմամբ անհրաժեշտ քայլերին՝ առանձնացնելով հետևյալ քայլերը. որոշումների կայացման մեխանիզմում սփյուռքի մեր հայրենակիցների  մասնակցության անհրաժեշտություն, ինչպես նաև Սփյուռքի մասնագիտական կադրերի այստեղ ներկայացված լինելու անհրաժեշտությունը:

Ի՞նչ նորույթ է առաջարկում դաշինքը

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» քաղաքական դաշինքը նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածում որոշակի նորույթ պարունակող կամ քիչ շրջանառված թեզերից կարելի է առանձնացնել համաշխարհային հայության ամբողջականացված համակարգ ստեղծելու առաջարկը, որի մանրամասները, սակայն, Դաշինքի նախընտրական ծրագրում չի ներկայացվում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    08.10.2024
       
    09.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: