ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան և ԱՄՆ-ն շրջանցում են «փշոտ» հարցերը

NY Daily News

Այս շաբաթ տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն ԱՄՆ, որն առաջինն էր ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Այցի շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներից էին Սիրիայում տիրող իրավիճակը և տարածաշրջանում պայքարն ահաբեկչական կազմավորումների դեմ (այս համատեքստում առկա հիմնական տարաձայնությունն էր ԱՄՆ կողմից ահաբեկչության դեմ պայքարի նպատակով Սիրիայում քրդերի զինումը), ինչպես նաև թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը։

Հետաքրքրական է նկատել, որ այցի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ո′չ Թրամփը և ո′չ էլ Էրդողանը չանդրադարձան Թրամփի վարչակարգի վերջին որոշմանը՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում զենք մատակարարել Սիրիայում քրդական զինված ուժերին, որոշում, որը Թուրքիայի նախագահն անվանել էլ ԱՄՆ-Թուրքիա «ռազմավարական հարաբերություններին» հակասող քայլ: Փոխարենը երկու երկրների նախագահները շեշտեցին երկու երկրների միջև ձևավորված դաշնակցական հարաբերությունները և  միասին  ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Եթե հրապարակային ելույթում կողմերին հաջողվել է համաձայնության գալ առկա «փշոտ» հարցերը  շրջանցելու վերաբերյալ, ապա արդեն իսկ փակ քննարկումներում դժվար թե դա հնարավոր լիներ անել: Դատելով Թրամփի վարչակարգի առ այսօր վարած արտաքին քաղաքականությունից, այն է այլ երկրների հետ երկկողմ հարաբերությունները բերել հստակ պայմանավորվածությունների դաշտ, ակնհայտ է, որ Թրամփի վարչակարգը փորձելու էր տարածաշրջանում իր ՆԱՏՕ դաշնակցի հետ նույնպես ձեռք բերել հստակ պայմանավորվածություններ: Իսկ ինչի՞ շուրջ կարող էին լինել այդ պայմանավորվածությունները:

Դատելով ԱՄՆ նախագահի հանդիպմանը հաջորդող հրապարակային ելույթից՝ կարող ենք փաստել, որ տարածաշրջանում իր ՆԱՏՕ դաշնակցից հիմնական ակնկալիքը եղել է առավել ակտիվ դերակատարություն ստանձնել ահաբեկչության դեմ պայքարում: Այս առումով պատահական չէ, որ ԱՄՆ նախագահն իր ելույթում ընդգծել է Թուրքիայի ժողովրդի դեմ վերջին շրջանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները (դրանով փորձելով շեշտել, որ տարածաշրջանում ահաբեկչությունը նախևառաջ վտանգ է հենց թուրք ժողովրդի համար) և խոսել Սիրիայում սպանդը կանգնեցնելու հարցում Թուրքիայի՝ «առաջնորդի դեր» ստանձնելու մասին:

Իսկ որո՞նք են եղել Թուրքիայի ակնկալիքներն ԱՄՆ-ից: Դատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակային հայտարարությունից՝ կարող ենք փաստել, որ իրադարձությունների զարգացման այս փուլում Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալելու է լիակատար աջակցություն ահաբեկչության դեմ պայքարում: Պատահական չէ, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի մեջ արդեն իսկ կա ԱՄՆ-ից Թուրքիա զենքի մատակարարման վերաբերյալ  համաձայնություն: Բացի այդ,  Էրդողանը Թրամփից ակնկալելու է աչք փակել Էրդողանի վարչակարգի կողմից Թուրիքայում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների և բռնաճնշումների վրա: Այս համատեքստում նույնպես պատահական չէ, որ չնայած ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպանների՝ Թրամփին ուղղված հորդորին՝ դատապարտել Թուրքաիայում մարդու իրավունքների ոտնահարումները, իր հրապարակային ելույթում Թրամփն ուղղակի շրջանցեց այդ թեման, իսկ Էրդողանն համարձակվեց խոսել ժողովրդական արժեքների վրա խարսխված իրենց երկկողմ հարաբերությունների մասին:

Ինչ վերաբերում է առկա «փշոտ» հարցերին՝ այն է ԱՄՆ կողմից Սիրիայում քրդերի զինում, Գյուլենի արտահանձնում, ամենայն հավանականությամբ կոնկրետ համաձայնության չգալով կողմերին հաջողվել է ժամանակավորապես հետաձգել դրանց քննարկումը և հետագայում անդրադառնալ այդ հարցերին՝ ելնելով իրավիճակից բխող զարգացումներից: Այլ հարց է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, «իր դեմքը պահելու»  համար, շարունակում է և շարունակելու է պարբերաբար բարձրաձայնել այդ հարցերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: