ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեռնոգորիան՝ ՆԱՏՕ-ի նոր անդամ. ՌԴ հետ լարվածությունն ավելի է սրվում

Правда.Ру

Այսօր՝ հունիսի 7-ին, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա Չեռնոգորիայի դրոշի բարձրացման արարողությունը՝ որպես դաշինքի 29-րդ անդամ: Չեռնոգորիայի անդամակցության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հունիսի 5-ին Վաշինգտոնում:

Այս իրադարձությունը միանշանակ չընդունվեց ո՛չ Չեռնոգորիայում, ո՛չ նրա սահմաններից դուրս: Ընթացիկ տարվա ապրիլին՝ անդամակցության փաստաթղթի վավերացման ժամանակ, կողմ քվեարկել է 46 պատգամավոր՝ չնայած ընդդիմության բոյկոտին (երկրի խորհրդարանում կա 81 պատգամավոր): Ինչևէ, երկրի վարչապետ Դուշկո Մարկովիչը դաշինքին անդամակցությունն անվանել է «պատմական իրադարձություն երկրի և ազգի» համար: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունն իրենց մշտական կայունություն է երաշխավորում, հայտնում է РИА Новости-ն: Անվտանգության ամրապնդման տեսանկյունից երկրի անդամակցության մասին իր կարծիքն է հայտնել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, սակայն, ըստ նրա, Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սոսկ աշխարհաքաղաքական բնույթ է կրում, և այն չի ամրապնդի ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ այդ երկրի անվտանգությունը, քանի որ Չեռնոգորիային ոչ ոք չէր սպառնում և չի սպառնա: Ըստ Լավրովի՝ դա միայն կհանգեցնի նոր ծախսերի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների համար, հայտնում է RT-ն:

Այս իրադարձությունների ֆոնի վրա ՌԴ-Չեռնոգորիա արդեն իսկ լարված հարաբերություններն էլ ավելի են սրվել: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը որոշում էր ընդունել միանալ հակառուսական պատժամիջոցներին: Նրա խոսքերով, երկիրը միացել էր հակառուսական պատժամիջոցներին արագացնելու համար ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության գործընթացը, հիշեցնում է Rambler.ru-ն: Բացի այդ, ավելի վաղ Չեռնոգորիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանն «ակտիվ միջամտել է երկրի ներքին գործերին»: Պաշտոնական Մոսկվան հերքեց մեղադրանքները՝ անվանելով դա ՆԱՏՕ-ին անդամակցությունն արդարացնելու փորձ:  Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատասխան քայլեր է ձեռնարկելու: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն զգուշացրել է ռուս զբոսաշրջիկներին, որ Չեռնոգորիայում նկատվում է հակառուսական տրամադրությունների բռնկում՝ խորհուրդ տալով զերծ մնալ ուղևորություններից դեպի այդ երկիր:

Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հանգեցրեց Ռուսաստանի հարաբերութությունների սրման ոչ միայն այդ երկրի, այլև առավել լարեց հարաբերությունները դաշինքի հետ: ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են դեռևս 2014 թվականի մարտին՝ Ռուսաստանին Ղրիմի միանալու գործընթացի ֆոնին: 2014 թվականի մարտի 5-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն որոշել է վերանայել ՌԴ հետ հարաբերությունները: 2014 թվականի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները հաստատեցին ՌԴ-ի հետ ցանկացած գործնական և ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին որոշումը, սակայն պայմանավորվեցին պահպանել ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի կապերը դեսպանների և ավելի բարձր մակարդակով: 2016 թվականի հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հաստատեցին ռոտացիայի սկզբունքով դաշինքի մեկական գումարտակի տեղակայումը Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում: Ռուսաստանն այս ամենը դիտարկում է որպես 1990 թվականի փետրվարին Գերմանիայի վերամիավորման մասին բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության խախտում, համաձայն որի ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու դեպի արևելք: Բացի այդ, 1997 թվականին կնքված ՌԴ-ՆԱՏՕ հիմնադիր ակտի համաձայն՝ դաշինքը պարտավորվում է մշտական ռազմական ուժեր չտեղակայել իր նոր անդամների տարածքում: Ակտում  նաև նշվում էր, որ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն չեն դիտարկում միմյանց որպես հակառակորդներ: Սակայն դաշինքի ընդարձակումը դեպի արևելք դարձել է ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում հիմնական խնդիրներից մեկը:

Ինչևէ, Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դաշինքի համար կարևոր է Ռուսաստանի սահմանների մոտ ինչպես իր, այնպես էլ ԱՄՆ-ի ռազմական ներկայության ամրապնդման տեսանկյունից: Չեռնոգորիայի անդամակցությամբ ավարտվում է դաշինքի վերահսկողության հաստատումն Ադրիատիկ ծովի շրջանում, քանի որ մյուս առափնյա երկրները (Իտալիա, Սլովենիա, Խորվաթիա և Ալբանիա) արդեն իսկ ՆԱՏՕ-ի կազմում են:

 

Տեղեկանք 

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպություն, Հյուսիսատլանտյան դաշինք (North Atlantic Treaty Organisation, NATO) – եվրոպական երկրների, ԱՄՆ-ի և Կանադայի ռազմաքաղաքական դաշինք, որն ստեղծվել է 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրմամբ  (ԱՄՆ, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Դանիա, Իսլանդիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա և Ֆրանսիա): Այժմ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնում է 29 երկրի:

Համաձայն 1949 թվականի պայմանագրի, ՆԱՏՕ-ի հիմնական նպատակ հանդիսանում է իր անդամ-պետությունների ազատության և անվտանգության ապահովումը քաղաքական և ռազմական միջոցներով:

ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 10-րդ հոդվածի, անհրաժեշտ է բավարարել ներքոնշյալ կետերին.

  • Երկիրը պետք է գտնվի Եվրոպայի տարածքում
  • ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է համաձայնություն տան տվյալ երկրի անդամակցությանը

Ընդ որում, ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ կարող է հավելյալ պահանջներ ներկայացնել անդամակցության թեկնածու երկրին:

1999 թվականին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում ընդունվել է պարտավորությունների ցանկ, որոնք պետք է կատարի ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող երկիրը: Փաստաթղթում հստակեցվում է, որ թեև դրանց կատարումն ազդում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու որոշման վրա, սակայն վճռորոշ չէ: Մասնավորապես, անդամակցության թեկնածու երկրները պետք է.

  • Խաղաղ ճանապարհով կարգավորեն իրենց առնչվող միջազգային վեճերը
  • Կարգավորեն էթնիկ, տարածքային և քաղաքական հակամարտությունները՝ ելնելով ԵԱՀԿ-ի սկզբունքներից
  • Հավատարմություն դրսևորեն մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը
  • Կազմակերպեն անհրաժեշտ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ
  • Տեղեկություն տրամադրեն երկրի տնտեսության և բյուջեի մասին
  • Կատարեն անհրաժեշտ կազմակերպչական, տնտեսական և ռազմական ներդրում ՆԱՏՕ-ի աշխատանքներում, այդ թվում՝ մասնակցելով ՆԱՏՕ-ի առաքելություններին

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: