ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միգրացիոն ճգնաժամը շարունակում է պառակտել Եվրոպան

European Parliamentary Research Service Blog

Թեպետ Եվրոպական միությանը հաջողվել է որոշ չափով վերականգնել արտաքին սահմանների վերահսկողությունը՝ նպաստելով փախստականների թվի կրճատմանը, այդուհանդերձ, թեման և դրա շուրջ քաղաքական քննարկումները շարունակվում են:

Այս ֆոնին Եվրոպական դատարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ պետք է մերժել փախստականների քվոտաների համակարգի անօրինականության մասին Հունգարիայի և Սլովակիայի հայցը, հայտնում է Euronews-ը: Դատարանը գտնում է, որ այդ համակարգը բավարարում է իր առջև դրված խնդրին, այն է՝ կրճատել Իտալիայի և Հունաստանի դժվարությունները, որոնք մի քանի տարի շարունակ ընդունում են մեծ թվով փախստականների:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն համաձայնեցրել էր Հունաստան և Իտալիա ժամանած փախստականների տեղափոխման ծրագիրը 2015 թվականին, երբ միգրացիոն ճգնաժամը հասել էր իր գագաթնակետին: Սահմանվեցին քվոտաներ, որոնց համաձայն ԵՄ երկրները պետք է ընդունեին 160 հազար փախստական: Սակայն վերջին 2 տարիների ընթացքում Լեհաստանը և Հունգարիան չեն ընդունել ոչ մի փախստական, իսկ Չեխիան ծրագրին կարճ ժամանակ մասնակցելուց հետո ևս դադարեց կատարել իր պարտականությունները: Այս երկրները հայտարարում են, որ ԵՄ-ն չի կարող ստիպել ընդունել փախստականներին, քանի որ դա անվտանգության հարց է: Ի դեպ, Եվրոպական հանձնաժողովի առաջարկի համաձայն, երկրները կարող են հրաժարվել քվոտաների համակարգից, սակայն այդ դեպքում պարտավոր են 250 հազար եվրո վճարել յուրաքանչյուր փախստականի համար, որին չեն ընդունել:

Քվոտաների համակարգի ծրագիրն ավարտվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին: Ինչևէ, այս ծրագիրը չկարողացավ արդարացնել իրեն: Նման կարծիք հայտնել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով ասել է, որ ԵՄ-ն առաջընթացի չի հասել քվոտային սկզբունքով փախստականներին ԵՄ երկրներում բաշխելու հարցում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ փախստականների ընդունումը ԵՄ բոլոր երկրների պարտականությունն է առանց բացառության, հայտնում է УНИАН-ը:

Չնայած փախստականների հոսքը կանխելուն ուղղված ԵՄ բոլոր ջանքերին՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ 2015 թվականի միգրացիոն ճգնաժամը կարող է կրկնվել: Գերմանիայի ԱԳՆ-ում ենթադրում են, որ այս տարի Սիրիայից և Իրաքից իրենց երկիր կարող է ժամանել ևս 200-300 հազար փախստական, գրում է RT-ն

2017 թվականի սկզբից Միջերկրական ծովով ավելի քան 70 հազար փախստական է ժամանել Եվրոպա: Ընդ որում, ըստ ՄԱԿ-ի մայիս ամսվա տվյալների, նրանց մեծ մասը՝ մոտ 60 հազար մարդ, ժամանել է Իտալիա: Նախորդ տարվա համեմատ, Միջերկրակական ծովը հատած փախստականների թիվը կրճատվել է: Այս ցուցանիշը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց թվում է նաև Թուրքիայի հետ կնքված համաձայնագիրը, որի համաձայն, Թուրքիայից հունական կղզիներ տեղափոխված փախստականները վերադարձվում են Թուրքիայի տարածք: Ի դեպ, օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ երկիրը կարող է խզել փախստականների մասին ԵՄ հետ մայիսին կնքված համաձայնագիրը: Դրա պատճառ հանդիսանում է այն, որ ԵՄ մի շարք երկրներ դեմ են միությանը Թուրքիայի անդամակցությանը: Բնական է՝ սա հավելյալ դժվարություններ է ստեղծում ԵՄ-ի համար, որն այժմ ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է ապրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր: Այդ ճգնաժամը պայմանավորված է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում մի շարք զինված հակամարտություններով և տնտեսական խնդիրներով: Սկսած 2015 թվականից՝ փախստականների հարցը եվրոպական երկրների ղեկավարների օրակարգում է:

Միգրացիայի խնդիրը լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել եվրոպական ղեկավարների միջև՝ միևնույն ժամանակ ստիպելով նրանց համագործակցել բազմաթիվ հարցերում: 2016 թվականի մարտին ԵՄ-ն ձեռնարկեց մի շարք քայլեր ճգնաժամը հաղթահարելու համար: Դրանց թվում էին նաև բալկանյան միգրացիոն հոսքի փակումը, ԵՄ արտաքին սահմանների հսկողության ուժեղացումը և Թուրքիայի հետ վերոնշյալ համաձայնագիրը: Շնորհիվ այս միջոցառումների՝ եվրոպացիներին հաջողվեց իրավիճակը վերցնել վերահսկողության տակ: Սակայն չի կարելի ասել, որ խնդիրը վերջնական լուծում է ստացել, քանի որ ճգնաժամի պատճառ դարձած Մերձավոր Արևելքի քաղաքական քաոսը շարունակվում է, չի ավարտվել նաև տնտեսական ճգնաժամն Աֆրիկյան երկրներում: Բացի այդ, տարաձայնությունները շարունակում են ավելանալ եվրոպական երկրների միջև, մյուս կողմից էլ Թուրքիան է սպառնում հրաժարվել փախստականներին ընդունելու մասին համաձայնագրից: Հաշվի առնելով վերոնշյալ պատճառները՝ կարելի է ասել, որ ԵՄ արդյունավետ միգրացիոն քաղաքականությունը դեռևս չկա:     

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: