ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2016թ.-ին GSP+-ից օգտվողների քանակն ավելացել է. Գարեգին Մելքոնյան (ԲԱՑԱՌԻԿ)

Ներկայացնում են «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ  Գարեգին Մելքոնյանի հետ:

 

- Պարո՛ն Մելքոնյան, Հայաստանը GSP արտոնությունների համակարգին միացել է 2006թ.-ին: 2008թ.-ի դեկտեմբերին Հայաստանն իրավունք ստացավ օգտվելու ԵՄ GSP  2009-2011 թվականների կանոնակարգով սահմանված կայուն զարգացման և պետական լավ կառավարմանն ուղղված ԵՄ հատուկ կարգավորումից (GSP+): Ինչպե՞ս կգնահատեք GSP+ արտոնությունների համակարգի շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությունը: Եվ որքանո՞վ է հայկական կողմն արդյունավետ օգտվում այս համակարգից:

 - Ի տարբերություն GSP-ի համակարգի, GSP+ արտոնությունների համակարգից օգտվելու համար, համաձայն GSP+-ի համար սահմանված ընթացակարգի  հետաքրքրվող երկրները պետք է դիմեն: Դիմելու համար կան որոշակի նախապայմաններ, որոնք հիմնականում կայանում են նախատեսված 27 միջազգային կոնվենցիաներին դիմող երկրի անդամակցությամբ: Երկիրը դիմելու և համակարգից օգտվելու համար նախևառաջ պետք է ապացուցի, որ միացել է այդ 27 կոնվենցիաներին: Հայաստանը դիմել է ԵՄ-ին` ներկայացնելով պահանջվող չափանիշների բավարարումը հավաստող ամբողջական փաթեթը:

GSP+ համակարգի իրավական հիմքը ժամանակի ընթացքում թարմացվել է, կանոնակարգումները վերահաստատվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից և ներկա համակարգը գործում է 2014թ. հունվարից:

Համակարգը միակողմանիորեն նախատեսում է շահառու երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար,  զրոյական մաքսատուրքերի դրույքաչափ մոտ 6200 անուն ապրանքատեսակների մասով, եթե դրանք բավարարում են որոշակի չափանիշների, այսինքն՝ ունեն ծագման սերտիֆիկատ, համարվում են շահառու երկրում արտադրված և այլն:

Որքանով է հայկական կողմն արդյունավետ օգտվում այս համակարգից: Արդյունավետության կամ օգտագործելիության աստիճանի գնահատական իրականացնում է նաև հենց Եվրոպական հանձնաժողովը՝ ժամանակ առ ժամանակ անդրադառնալով բոլոր շահառու ինը երկրներին՝ գնահատելով, թե օգտագործելիության մակարդակն ինչքան է, ինչ տենդենց կա և այլն: Ես նշեմ, որ Հայաստանի օգտագործելիության մակարդակը բավական բարձր է. 2016թ.-ի տարեկան կտրվածքով ընկերությունները, ՀՀ-ից դեպի ԵՄ արտահանվող այն ապրանքների մասով, որոնք կարող էին օգտվել GSP+-ի արտոնություններից , օգտագործել են իրենց ընձեռած հնարավորությունը,  և  82 %-ը փաստացի օգտվել է: Դա մոտ տասը տոկոսային կետով ավել է, քան նախորդ տարիների ցուցանիշը: Օգտագործելիության մակարդակի այս աճը ցույց է տալիս, որ մենք ունենք հետաքրքրությանն ու իրազեկվածությանը զուգահեռ օգտագործման աստիճանի շարունակական աճ:

Ընդհանուր առմամբ, համակարգը բավական արդյունավետ է գործում, որովհետև նույն Եվրոպական հանձնաժողովի վիճակագրական տվյալների համաձայն, GSP+-ի շնորհիվ հայկական կազմակերպությունները մոտ 10 մլն եվրոյի մաքսատուրք չեն վճարել եվրոպական մաքսային մարմիններին: Դա նշանակում է, որ մասնավորն այդքան գումար տնտեսել է և կարող է այդ գումարը ծախսել ուղղելով իր բիզնեսի զարգացմանը` այդպիսով հայկական ապրանքը եվրոպական շուկայում այդքան գումարի մասով դարձնելով ավելի մրցունակ և էժան:

Արդյո՞ք արտոնությունների համակարգի վերաբերյալ տեղեկացվածությունն ու դրանց կիրառելիությունը բավարար մակարդակի վրա են գտնվում: Ի՞նչ միջոցառումների կարիք ունենք հայ տնտեսավարողների առավել ակտիվ ներգրավվածությունն ապահովելու համար:

- Տեղեկացվածությունն այն հարցն է, որի մասին կարելի է մշտապես խոսել: Նույնիսկ եթե ամեն օր այս մասին խոսենք, միշտ կարող են լինել կազմակերպություններ, որոնք համեմատաբար ավելի քիչ են տեղյակ և որքան էլ տեղեկացվածության հետ կապված աշխատանքներ իրականացնենք, երբեք հնարավոր չի լինի ունենալ մի վիճակ, որը  համարենք բավարար և այս մասին այլևս խոսելու կարիք չլինի: Մենք շեշտը շատ դրել ենք տեղեկատվության տարածման վրա զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև վերջին տարիներին գրեթե բոլոր գործարար բնույթի միջոցառումներին, բիզնես ֆորումներին, կլոր սեղաններին, պարտադիր խոսել ենք այս համակարգից՝ տեղեկացնելով, հուշելով և նաև ողջունելով, որպեսզի կազմակերպությունները տեղյակ լինեն և օգտվեն GSP+-ի ընձեռած հնարավորություններից: Այս տարի նույնպես մի քանի միջոցառում իրականացվել է: Վերջերս Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելության GSP+-ի մասնագիտական թիմն այստեղ էր, ևս մեկ միջոցառում կազմակերպեցինք կոնկրետ ուղղված մասնավոր հատվածին՝ հրավիրելով ներկայացուցիչներ 100-ից ավել կազմակերպություններից, Առևտրաարդյունաբերական պալատից, Գործարարների միությունից, ճյուղային միություններից, լրատվական գործակալություններից: Միջոցառման ընթացքում, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ միասին շատ մանրամասն, նույնիսկ տեխնիկական մակարդակի ներկայացրեցինք, թե ինչ է պետք իմանալ համակարգից օգտվելու համար: Եթե ընդհանրացնեմ պատասխանս, շատ մեծ ծավալի աշխատանք իրականում արվել է տեղեկատվության բարձրացման առումով , սակայն մեր օրակարգում այս հարցը մնում է և  մենք հետագայում էլ պարբերաբար կխոսենք համակարգից, որպեսզի վստահ լինենք, որ մեր գործարարները ստանում են տեղեկատվություն և հիշում են, որ նման հնարավորություն կա և իրենք կարող են օգտվել դրանից:

- Ձեր խոսքում ասացիք, որ նկատում եք հետաքրքրության աճ: Կարո՞ղ ենք ասել, որ նախաձեռնություն է նկատվում հենց մասնավոր հատվածի կողմից:

- 2016թ.-ին փաստացի այս համակարգից արտահանման ժամանակ օգտվել է մոտ 640 ընկերություն: Եթե մենք նայենք նախորդ տարիների տարեկան ցուցանիշները, առնվազն 10%-ով, մենք ունենք ոչ միայն օգտագործելիության մակարդակի, այլ նաև օգտվողների քանակի աճ: Սա նշանակում է, որ ավելի շատ ձեռնարկություն է տեղեկացել համակարգի մասին և կարողացել օգտվել դրանից: Նաև հաշվի առնելով այս տարվա ընթացքում մեր կողմից պարբերաբար տեղեկատվության տարածումը GSP+-ի մասին` ես կարծում եմ, որ 2017թ.-ի տարեկան ցուցանիշները կլինեն էլ ավելին և՛ արտահանման օգտագործելիության տոկոսի, և՛ օգտված կազմակերպությունների քանակի առումով:

2018թ.-ի հունվարին սպասվում է GSP+-ի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցը: Ինչպիսի՞ գնահատականներ ակնկալել:

- Ես նշեցի, որ անդամակցելով համակարգին՝ մենք պարբերաբար ունեցել ենք երկխոսություն Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կոնվենցիաների մասով իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացնելու տեսանկյունից: Մինչ այժմ արդեն չորս անգամ տարեկան զեկույցներ ենք ներկայացրել Եվոպական հանձնաժողովին, և այս հրապարակվելիք զեկույցը առաջինը չէ: Այն պետք է շարունակական քայլերի հաջորդականության մեջ նայել:

Ինչպե՞ս է սովորաբար համակարգը լինում. բոլոր շահառու երկրների հետ աշխատելով՝ ձևավորվում է որոշակի հետաքրքրություն ներկայացնող հարցերի ցանկ, որը կարող է տարբեր լինել և որն ուղարկվում է երկրներին՝ ակնկալելով երկրի արձագանքն այդ մասով իրականացված աշխատանքներին: Հարցերի ցանկը կարող է լինել օրենսդրական նախաձեռնությունների, օրենսդրական կիրարկմանն առնչվող վիճակագրական տվյալներ ունենալու մասին և այլն: Վերջին տարիներին ուղարկված մեր զեկույցները բավական բարձր են գնահատվել: Բացի զեկույցներից մենք ունեցել ենք քննարկումներ վիդեոկոնֆերանսների, փորձագետների հանդիպումների ձևաչափով, և ընդհանրապես հաշվետվողականությունն այս մասով նույն եվրոպացի գործընկերների կողմից բավական օրինակելի է համարվել, որովհետև GSP+-ի այլ շահառու երկրներին որոշ դեպքերում նույնիսկ հորդորվել է ուսումնասիրել Հայաստանի օրինակը և, տեղեկատվությունն ու հաշվետվությունները ներկայացնել հենց Հայաստանի օրինակով՝ որպես լավագույն հաջողված օրինակ:

Աշխատանքները շարունակական են, և մենք իհարկե զեկույցների միջև բավական ծավալուն աշխատանք ենք իրականացնում, որովհետև ստանձնած պարտավորություններն ու ձեռք բերված որոշումները մեկ օրվա իրականանալիք աշխատանքներ չեն: Մինչև տարեվերջ տեղեկատվությունը կամփոփենք, կներկայացնենք, զեկույցը կամփոփվի; Դրա հիման վրա հետագայում էլ աշխատանքներ կլինեն անելու, քանզի ըստ եվրոպական կողմի ներկայացված տեղեկատվության, աշխատանքը շարունակական է լինելու, որը Հայաստանը նույնպես հանձնառու է իրականացնելու:

Պարո՛ն Մելքոնյան, այս տարեսկզբին նախաստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև իրավական շրջանակային նոր համաձայնագիրը: Ի՞նչ կտա այս նոր համաձայնագիրը Հայաստանի տնտեսությանն ու ՀՀ-ԵՄ հարաբերություններին առհասարակ:

- Մինչ շրջանակային համաձայնագրին անդրադառնալը, կցանկանայի նշել REX համակարգի մասին, որը համեմատաբար նոր բան է: Այս համակարգի մասին մենք սկսել ենք խոսել բառացիորեն վերջին շաբաթների ընթացքում: Հայաստանը և Եվրոպական միությունը իրականացվող համատեղ աշխատանքի ընդհանուր երկխոսության կոնտեքստում որոշեցին, որ Հայաստանը 2018թ.-ի հունվարից անդամագրվում է REX համակարգին: Ինչ է սա իրենից ենթադրում. GSP+-ից օգտվելու համար 2018թ.-ից սկսած մեր տեղական կազմակերպությունները հնարավորություն կունենան մեկ անգամ գրանցվելով էլեկտրոնային համակարգում,  այլևս ամեն խմբաքանակի համար կարիք չեն ունենա ձեռք բերել ծագման սերտիֆիկատ և կկարողանան  ապրանքներն արտահանել դեպի ԵՄ` օգտվելով GSP+-ի զրոյացված մաքսատուրքերի դրույքաչափից` առանց ծագման սերտիֆիկատի: Սա կնշանակի մի քայլ պակաս անել, քիչ գումար ծախսել սերտիֆիկատի համար: Սրա մասին մինչև տարեվերջ մենք ավելի մանրամասն կխոսենք, թե ում է պետք դիմել, ինչ ժամկետներում, ինչպես գրանցվել և այլն:

Ինչ վերաբերում է շրջանակային համաձայնագրին, ամենակարևոր գնահատականը, որ ես կտամ համաձայնագրին, հետևյալն է. ՀՀ-ԵՄ այս նոր բանակցված փաստաթուղթն առաջին հերթին պետք է կարևորել մեր հարաբերությունների երկարաժամկետ զարգացման համատեքստում: Փաստաթուղթը խիստ ծավալուն է, ընդգրկում է մեծ թվով ոլորտներ և ուղղություններ ՀՀ-ԵՄ հարաբերությունների, զարգացման օրակարգի, համատեղ աշխատանքների վերաբերյալ և առաջիկա երկար տարիների համար նախանշում է համագործակցության այն ձևաչափն ու ուղղությունները, որոնց շուրջ կողմերը պայմանավորվում են համագործակցել: Անշուշտ, սա շատ կարևոր է, որովհետև այն համաձայնագիրը, որը գործում է ՀՀ և ԵՄ միջև, ստորագրվել է դեռևս 1996թ.-ին: Այսինքն՝ ավելի քան քսան տարի  գործող փաստաթուղթը մենք նորացնում ենք: Այն հիմնված է ժամանակի պահանջներին համահունչ մոտեցումների, նաև կողմերի պատրաստակամության վրա՝ հարաբերությունները խորացնելու առումով: Ես վստահ եմ, որ երկարաժամկետ տեսանկյունից այն կունենա շատ դրական ազդեցություն ոչ միայն ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, այլև շատ ոլորտներում եվրոպական փորձը Հայաստանում կիրառելու և բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: