ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության հարցն Իսրայելի համար չպետք է խաղաքարտ դառնա

Թուրք-իսրայելական հարաբերությունների վերջին սրացման ֆոնին կրկին Իսրայելի կողմից ակտիվորեն սկսեց շահարկվել Հայոց ցեղասպանության ճանաչման թեման։ Այդ թվում՝ «Եշ Ատիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «Իսրայելը Թուրքիայի հետ այլև երբեք լավ հարաբերություններ չի ունենա»։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շահարկելը, որպես Թուրքիային քաղաքական հարված հասցնելու գործիք, կամ որպես շանտաժային խաղաթուղթ օգտագործելն անընդունելի է, առավել ևս Իսրայելի պարագայում։ Հրեա ժողովուրդը, որպես Հոլոքոստից տուժած և դրա հետևանքներն առ այսօր կրող ազգ, բոլորից լավ պետք է հասկանա մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարի բարոյական, մարդասիրական կողմը։

Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված մեր պայքարն ինքնանպատակ չէ, այն պայքար է պատմական արդարության վերականգնման, հետագայում նման հանցագործությունների կանխարգելման համար: Այդ պայքարը Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու և նրանից հաշվեհարդար տեսնելու ձգտում չէ:

Եվ հենց դա է պատճառը, որ Հայաստանը հրաժարվում է Ցեղասպանության ճանաչման հարցը որպես հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նախապայման դիտարկելուց: Սա զուտ քաղաքական հարց չէ, շատ ավելի կարևոր և համամարդկային խնդիր է, քան կարճաժամկետ հեռանկարում Թուրքիային որևէ բան ապացուցելը։ Պատահական չէ, որ հայ գործիչների ջանքերով հիմնադրվել է  «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը, որը պարգևատրում է ամբողջ աշխարհում մարկային հազարավոր կյանքեր փրկող հերոսներին։

Իսրայելի նման քայլերը ողջունելի չեն, և չպետք է մեծ ոգևորությամբ ընդունվեն հայ հասարակության կողմից։ Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը միայն կարող է լինել իրական քայլ այս հարցում, և այն էլ ոչ թե ուղղված Թուրքիայի դեմ, այլ ուղղված արդարության վերականգնմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: