ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդստանի հանրաքվեի հարցում Իրանի համեմատաբար մեղմ դիրքորոշումը պայմանավորված է սեփական ուժերի հանդեպ ունեցած վստահությամբ. Վ. Ոսկանյան

«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին նախատեսվող հանրաքվեի հարցում Իրանի դիրքորոշման և իրանական շահերի շուրջ:

- Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը Քրդստանի հանրաքվեի անցկացման հարցում և ինչո՞վ է այն պայմանավորված:

- Ակնհայտ է, որ անկախ Քրդստանի ձևավորումն Իրաքի հյուսիսային տարածքներում չի բխում Իրանի շահերից: Սա բացատրվում է մի շարք հանգամանքներով: Նախևառաջ, Իրանը կողմնակից է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը: Երկրորդ, անմիջապես Իրաքի քրդաբնակ շրջանների հարևանությամբ՝ Իրանի տարածքում, նույնպես կա քուրդ բնակչություն, և քրդական ազգայնականության տարածումը դեպի Իրանի քրդաբնակ շրջաններ ակնհայտորեն չի բխում Թեհրանի շահերից և ծրագրերից: Մյուս կողմից, սակայն, պաշտոնական Թեհրանը, թե՛ դիվանագիտական և թե՛ ոչ դիվանագիտական խողովակներով օգտագործելով իր ունեցած կապերը և հնարավորությունները Իրաքի քրդաբնակ շրջաններում, ձգտում է այնտեղ հնարավորինս պահպանել ուժերի հավասարակշռությունը: Խոսքը վերաբերում է քրդական երկու քաղաքական կուսակցություններին՝ Քրդստանի ժողովրդավարական կուսակցությանը և Քրդստանի հայրենասիրական միությանը:

Եթե մենք հետևենք պաշտոնական մակարդակի հայտարարություններին, ապա Իրանի հայտարարությունները, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվան, այդքան էլ խիստ չէին: Ամեն դեպքում, դա չենք կարող համեմատել Թուրքիայի, մասնավորապես այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ես կասեի, ծայրահեղական հայտարարության հետ: Այս համատեքստում, կարծես թե, Իրանն ինչ-որ առումով ծայրահեղականության դրսևորումները թողել է թուրքական կողմին: Սա Իրանի կողմից խելամիտ քաղաքականություն է՝ հաշվի առնելով նաև Իրաքյան Քրդստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի՝ Թուրքիայի հետ ունեցած թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական կապերը: Բնական է, որ իրանցիները փորձում են հնարավորինս սասանել այդ կապերը՝ իրենց դիրքորոշումն ինչ-որ առումով ավելի մեղմ ձևակերպելով:

- Դուք անդրադարձաք Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումից Իրանի համար բխող մարտահրավերների: Իսկ չկա՞ն, արդյոք, այս հարցից բխող հնարավորություններ Իրանի համար:

- Գիտեք, Իրանն ամեն դեպքում կողմ չէ, որ Իրաքը մասնատվի: Իրանցիներն Իրաքում ունեն հսկայական ազդեցություն թե՛ Բաղդադում, թե՛ Էրբիլում և թե՛ Սուլեյմանիայում: Այս առումով նրանց համար այս պետության մասնատումը ամենևին շահեկան  չէ: Կրկնեմ, որ կան վտանգեր, որ այսպես կոչված անկախացման գործընթացի  արձագանքները կարող են տարածում ստանալ  նաև Իրանի քրդաբնակ շրջաններում: Այս հեռանկարը հաշվի առնելով՝ իրանցիները բավականին լրջորեն և խելամտորեն են կառավարում իրավիճակը սեփական երկրում՝ տեղի քուրդ բնակչությանը տրամադրելով մշակութային մի շարք հնարավորություններ և արտոնություններ: Ինչպես գիտենք, նախորդ տարվանից քրդերենը դասավանդվում է Իրանի Քրդստան նահանգի մայրաքաղաք Սանանդաջի համալսարանում: Քրդերենը հնչում է նաև տեղական հեռուստատեսությամբ, ռադիոյով, Իրանում քրդերենով հրապարակվում է պարբերական մամուլ: Այս առումով իրանցիները հստակորեն կառավարում են իրավիճակը սեփական երկրի քրդաբնակ շրջաններում:

Մյուս կողմից էլ իրանցիներն առանձին կապեր են պահպանում թե՛ բարզանիական և թե՛ թալաբանիական ուժերի հետ: Վերջին խոսուն փաստերից մեկն էլ այն էր, որ թալաբանիների ողջ ընտանիքը Քրդստանի անկախության հանրաքվեի մտադրության մասին հայտարարությունից հետո ժամանեց Իրան և ճշգրտեց իրանական դիրքորոշումն այս հարցում: Իրաքյան Քրդստանի ներսում կան տարբեր մոտեցումներ, նույնիսկ ներքրդական մոտեցումները չափազանց տարբեր են: Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել: Դա Քրդստանի տարածքում բնակվող փոքրամասնությունների իրավունքների՝ նախևառաջ կյանքի իրավունքի խնդիրն է, խոսքը վերաբերում է թե՛ եզդիաբնակ  և  թե՛ ասորաբնակ տարածքներին, որոնք գտնվում են մշտական վտանգի տակ: Այս առումով, եթե քրդական իշխանությունը կարողանա ապահովել այս փոքրամասնությունների իրավունքները, և կրկնեմ՝ կյանքի իրավունքը, այս տարածքներում, որոնք հայրենիք են նշված փոքրամասնությունների համար, ապա դա կլինի լուրջ ձեռքբերում:

Ինչևէ, պետք է սպասել՝ տեսնելու՝ արդյո՞ք հանրաքվեի մասին հայտարարությունը միտված էր տարբեր խաղացողների՝ և՛ տարածաշրջանում, և՛ տարածաշրջանից դուրս, դիրքորոշման ճշգրտմանը, թե իրոք կա լուրջ մտադրություն անցկացնելու այս հանրաքվեն և արդյունքում ունենալու Քրդստանի անկախ պետականություն Իրաքի հյուսիսում:

- Դուք ասացիք, որ հարցի շուրջ Իրանի արտահայտած պաշտոնական դիրքորոշումն սպասվածից ավելի մեղմ էր: Ի՞նչ եք կարծում, կա որևէ տարբերություն Իրանի արտահայտած պաշտոնական դիրքորոշման և ունեցած իրական դիրքորոշման միջև:

- Առանց իրանական աջակցության և առանց իրանական ներկայության քրդական ինքնավարությունում բազմաթիվ խնդիրներ կարող  են ծագել: Գաղտնիք չէ, որ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ընթացքում այս մասին բարձրաձայնել են նաև իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, իրանական ռազմական ներկայությունն Էրբիլի մատույցներում վճռորոշ դերակատարություն ունեցավ՝ կանխելով ԻՊ-ի մուտքը քաղաք: Այս առումով, թերևս, իրանցիներն ունեն իրավիճակի վրա ազդելու ամենամեծ լծակները տարածաշրջանային պետությունների շարքում: Բնական է, որ իրանական դրիքորոշումների մեղմությունը պայմանավորված է, նախևառաջ, այս պետության` սեփական ուժերի հանդեպ ունեցած վստահությամբ: Պետք է նկատել, որ տարբեր այլ խնդիրների դեպքում նույնպես  իրանցիները կարծես թե ծայրահեղական, այսպես ասած, բարձրագոչ  հայտարարություններ անելու «իրավունքը» թողնում են թուրքական կողմին: Սա բխում է Իրանի շահերից, քանի որ արդյունքում Իրանը չի փչացնում իր հարաբերությունները տարբեր խաղացողների հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: