ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ձիթենու ճյուղ». շահում են բոլորը... բացի` քրդերից

Reuters

Սիրիական Աֆրինում շարունակվում է Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը քրդական ռազմականացված խմբավորումների դեմ, և չնայած վերջիններս բավականին լավ դիմակայում են թուրքական զինուժին, սակայն արդեն հստակ է, որ Սիրիայում քրդական ինքնավարության և առավել ևս Սիրիայի հյուսիսում քրդական անկախ պետության ստեղծման մասին անգամ խոսք լինել չի կարող: Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ վճռական է տրամադրված ոչ միայն իր տարածքում, այլ նաև հարևան երկրներում՝ Իրաքում և Սիրիայում, քրդերի անկախանալու ձգտումների դեմ:

Նշենք, որ քրդերը սիրիական հակամարտության տարիներին բավականին արդյունավետ պայքար են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ինչում նրանց հիմնականում աջակցել է ԱՄՆ-ն՝ զենք մատակարարելով և ուսուցանելով քրդական զինված ջոկատներին: Վերջին շրջանում քրդերը համարվում էին Սիրիայում ԱՄՆ միակ դաշնակիցը:

Սիրիան ահաբեկիչներից մաքրելու գործընթացում ունեցած ներդրումն, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցությունն որոշակի ակնկալիքներ էր առաջացրել քրդերի մոտ՝ կապված պետականություն ստեղծելու հեռանկարի  հետ: Լուրեր էին շրջանառվում, որ Սիրիայում իր ազդեցությունը պահելու նպատակով Վաշինգտոնը մտադիր է կրկնել իրաքյան փորձը՝ ստեղծելով քրդական անկախ միավորում: Սակայն ամերիկյան արձագանքը Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողության խոսում են այն մասին, որ քրդերի հետ կապված ամերիկյան ծրագրերն  միանգամայն այլ են:

Նշենք, որ «Ձիթենու ճյուղ» գործողությանը Վաշինգտոնի արձագանքը բավականին զուսպ սէ. Վաշինգտոնում հասկանում են Թուրքիայի իրավունքը լուծելու անվտանգության ոլորտում ունեցած սպառնալիքները՝ միևնույն ժամանակ կոչ անելով սահմանափկել քրդերի դեմ գործողությունները: 

ԱՄՆ-ում դժվար թե չգիտակցեին, որ Սիրիայի հյուսիսում՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հիմնականում քրդերից կազմված «անվտանգության ուժեր» ստեղծելու իրենց մտադրությունը կարող է Թուրքիայի համար առաջացնել անվտանգության ոլորտում «օրինական» այդ խնդիրները՝ հանգեցնելով սիրիացի քրդերի դեմ ռազմական գործողությունների (հիշեցնենք, որ սա Թուրքիայի երկրորդ ռազմական գործողությունն է Սիրիայի քրդերի դեմ, առաջինը «Եփրատի վահանը»՝ 2016-ի օգօստոս–2017-ի մարտ):

Ի”նչ խնդիրներ է լուծում ԱՄՆ-ն այս պահին: Հիշեցնենք, Վաշինգտոնն քրդերի դեմ ռազմական գործողությունը սկսելուց հետո առաջարկել է Անկարային Սիրիայի հյուսիսում 30 կիլոմետրանոց սահմանային անվտանգության գոտի ստեղծել միասին՝ լուծելու Թուրքիայի անվտանգության խնդիրը: Միևնույն ժամանակ Պենտագոնի ներկայացուցիչը արել է բավական հակասական հայտարարություն՝ նշելով, որ իրենք կդադարեցնեն քրդերին աջակցություն ցուցաբերել, եթե վերջիններս բացի ԻՊ դեմ ուղղված ռազմական գործողություններից, այլ գործողություններ իրականացնեն. այժմ քրդերի ռազմական պոտենցիալն ուղղված է գլխավորապես Թուրքիայի և վերջինիս դաշնակիցներին՝ Սիրիական ազատ բանակի զինյալներին, հակահարված հասցնելուն: 

Ամերիկյան կողմի այս երկու ուղերձներից ակնհայտ է, որ Վաշինգտոնը փորձում է համագործակցության եզրեր գտնել Թուրքիայի հետ և, կարծես թե, քրդական խաղաքարտը պահել էր հենց այս նպատակով: Թե կոնկերտ ինչ հարցի շուրջ է փորձում ԱՄՆ-ը պայմանավորվել Թուրքիայի հետ, դեռևս դժվար է ասել: Նշենք, որ վերջին շրջանում դաշնակիցների միջև լուրջ տարաձայնություններ կան, միևնույն ժամանակ Թուրքիան սիրիական հարցում բավականին ակտիվ համագործակցում է Իրանի և Ռուսաստանի հետ: Նման իրավիճակի պահպանումը լուրջ հարված կարող է դառնալ տարածաշրջանում ամերիկյան շահերի համար:

Ինչ վերաբերում է Թուրքիայի գործողություններին Ռուսաստանի արձագանքին, նախ նշենք, որ չնայած Ռուսաստանը ևս համագործակցել է քրդերի հետ ահաբեկչության դեմ պայքարում, սակայն, ի տարբերություն ամերիկյան համագործակցության, այն եղել է սահմանափակ, իսկ անկախության հեռանկարը երբեք չի դիտարկվել: Այսպես, ռուսական կողմը քրդերին զենք է մատակարարել մինչև Սիրիայում ռուսական զինուժի հայտնել, միևնույն ժամանակ ռուսական կողմը շահարկում էր սիրիական կարգավորման շուրջ բանակցություններին և Սիրիայի ապագայում քրդերի մասնակցության անհրաժեշտությունը, մինչդեռ վերջիններս հրաժարվում են իրենց ազատագրած տարածքներում ճանաչել Դամասկոսի իշխանությունը:

Ռուսաստանի զուսպ արձագանքը պայմանավորված էր Սոչիում կազմակերպված Սիրիական ազգային կոնգրեսով, ինչին կարող էր խանգարել Թուրքիան: Կոնգրեսի հաջող կազմակերպումը Պուտինին դիվիդենտներ բերեց ոչ միայն միջազգային հարաբերություններում, այլ նաև ներքաղաքական կյանքում՝ մարտին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Միևնույն ժամանակ Սիրիայում Թուրքիայի ազդեցության գոտի համարվող Իդլիբում սիրիական կառավարական զորքերի կողմից ռազմական գործողությունների իրականացումը, որը սկզբում առաջացրել էր Անկարայի բուռն ռեակցիան (նույնիսկ Ռուսաստանի և Իրանի դեսպանները կանչվել էին թուրքական ԱԳՆ) խոսում, որ քրդերի դեմ ռազմական գործողությունների նկատմամբ ռուսական զսպվածության, ինչպես նաև ռազմական գործողությունների գոտուց ռուսական զորքերի դուրսբերման համար, Անկարան Մոսկվային խոստացել էր ավելին, քան Սոչիի հանդիպմանը չխոչընդոտելը: Նշենք, որ Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազան գտնվում է ընդամենը 50 կմ հեռավորության վրա Իդլիբից, որտեղ կենտրոնացած է մինչև 100 հազար իսլամիստ: Ռուսական կողմը Թուրքիայի հակաքրդական արշավին չմիջամտելով կարծես թե լուծում է Սիրիայում իր ուժերի համար անվտանգության գոտի ստեղծելու հարցը:

Այսպիսով, «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը բխում է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերից: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: