ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի «մարդասիրության» իրական պատճառները

© Sputnik

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին, իսկ այսօր հրապարակվեց վերջինիս նամակը, ով խոստովանեց իր մեղքն ու հաջողություն մաղթեց Ադրբեջանին «իր օկկուպացված տարածքները» վերադարձնելու հարցում:

Լապշինի նամակի բովանդակությունը բոլորովին զարմանալի չէ, քանի որ հստակ է, թե ինչ պայմաններում է Լապշինը գրել այն և հանուն ինչի: Միաժամանակ հասկանալի է, որ Ալիևի ներողամտությունն ու մարդասիրության այդ դրսևրումը պայմանավորված չէ Լապշինի խոստովանությամբ: Այս նամակն ընդամենը Բաքվի դեմքը փրկելուն ուղղված քայլ էր, որը պարտադրվել էր բլոգերին՝ որպես ազատման վերջին պայման:

Այլ հարց է, թե ինչը դրդեց Ալիևին այսքան ժամանակ անց որոշում կայացնել Արցախ այցելած Ալեքսանդր Լապշինին ներելու վերաբերյալ:

Պաշտոնական Բաքվի համար նորություն չեն լրագրողների, քաղաքական ակտիվիստների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ ճնշումների վերաբերյալ Արևմուտքից հնչող քննադատությունն ու կոչերը: Եվ դժվար է ենթադրել, որ դրանք են դրդել Ալիևին ազատ արձակել  սև ցուցակի ներկայացուցիչ Լապշինին: Դրա հետ մեկտեղ, նման ճնշումների ինտենսիվացումն ու համադրումն այլ գործոնների հետ կարող է զգալիորեն բարդացնել Ալիևյան ռեժիմի կյանքը:

«Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած սկանդալային բացահայտումը նման գործոններից մեկն էր: Արևմտյան պաշտոնյաներին կաշառելու, կառուպցիոն աղմկոտ գործարքների մասին այս հրապարակումը ևս մեկ անգամ Արևմուտքի ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ ավտորիտար այս ռեժիմի գործողությունները դադարել են նրա ներքին գործը լինելուց և արդեն սպառնալիք են դառնում Եվրոպայի արժեհամակարգի, դարերի ընթացքում ձևավորված կարգերի ու ավանդույթների համար: Խավիարային դիվանագիտությունը սկսում է լուրջ հարված հասցնել եվրոպական կառույցերի միջազգային հեղինակությանը, և դա անհանգստացնում է եվրոպացիներին: Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացն ու ԵԽԽՎ հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորումը դրա վառ ապացույցներն են:

Բնական է, որ դա չի կարող իր ազդեցությունը չունենալ ԵՄ-Ադրբեջան, Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունների վրա: Մի կողմից, այս ողջ աղմուկն ավելի զգուշավոր է դարձնելու եվրոպացի պաշտոնյաներին՝ զգալիորեն նվազեցնելով նրանց հետ գործարքի մեջ մտնելու Բաքվի հնարավորությունները: Մյուս կողմից, դա, բնականաբար, հանգեցնելու է Ադրբեջանի վրա եվրոպական կառույցների ճնշման մեծացմանը, մինչ այդ լռեցված թեմաների բարձրաձայնմանն ու, այդ թվում, պատժամիջոցների սահմանմանը: Իսկ սա, արդեն, Բաքվին չանհանգստացնել չի կարող:

Եթե այս ամենին գումարենք միակ ադրեջանական ընդդիմադիր Թուրան գործակալության հիմնադիր Մեհման Ալիևի անօրինական կալանավորման հետ կապված Արևմուտքի զգալի ճնշումները, այդ թվում՝ Ադրբեջանի մի շարք պաշտոնայների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցի բարձրացումը ԱՄՆ-ում՝ պատկերն էլ ավելի հստակ է դառնում:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով նաև Թուրքիա-ԵՄ բարդ հարաբերությունները և Անկարայից աջակցություն ստանալու փոքր հավանականությունը, ստեղծված իրավիճակում Բաքուն ստիպված է «զիջումների գնալ» իր համար նոր խնդիրներ չստեղծելու և միջազգային ճնշումներն իր վրա չմեծացնելու համար: Լապշինի, Թուրքանի հիմնադրի, Նարդարանի ակցիաների ներկայացուցիչների ազատ արձակումն այդ զիջումների շարքում է:

Այս գործընթացն իր ազդեցությունն, ամենայն հավանականությամբ, կունենա նաև Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունն ու ապակառուցողականությունը բանակցային գործընթացում աննկատ չեն մնում միջնորդների՝ այդ թվում ԱՄՆ և Ֆրանսիայի աչքից: Եվ այս հարցում ևս Բաքուն ստիպված է լինելու «գնալ զիջումների»: Հաշվի առնելով Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացը վերականգնելու և առաջ տանելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայիս ձգտումը՝ բնական է, որ Բաքվին կհորդորեն կայանալիք հանդիպումներին կառուցողական լինել: Արևմուտքի հետ ներկայիս սրված հարաբերությունների ֆոնին Ալիևին դժվար կլինի հավատարիմ մնալ բանակցությունները տապալելու և համաձայնությունների կատարումից հրաժարվելու իր ձեռագրին: Ուստի, Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ շրջանակներում, Ադրբեջանին դժվար բանակցություններ են սպասվում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: