ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կորեական ճգնաժամ. սպառնալիք ողջ աշխարհի՞ն

Novoye Vremya

Հարավային Կորեան հերթական անգամ ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքի փորձարկման հետքեր է հայտնաբերել: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, Հյուսիսային Կորեան անց էր կացրել թվով 6-րդ` նախորդներից 5-6 անգամ ավելի հզոր միջուկային փորձարկումը: Ավելի ուշ Փհենյանը հայտարարեց ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին, որը մինչ օրս ունեցել են միայն միջուկային գերտերությունների կարգավիճակ ունեցող 5 պետություններ (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Չինաստան):

Այս ամենից հետո (սեպտեմբերի 11) ՄԱԿ ԱԽ-ն միաձայն կողմ քվեարկեց ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների սաստկացմանը: Մասնավորապես, Փհենյանին արգելվել է տարեկան 2 միլիոն բարելից ավել նավթամթերք գնել, արտահանել տեքստիլ արտադրանք, արգելվել է նաև աշխատավորների մեկնումն արտագնա աշխատանքի: Հարկ է նշել, որ վերջին երկու կետերը Հյուսիսային Կորեային տարեկան 1 միլիարդ եկամուտ էին բերում:

Ինչևէ, խիստ կասկածելի է, որ ԿԺԴՀ-ի դեմ ընդունված պատժամիջոցները կստիպեն վերջինիս ետ կանգնել իր միջուկային ծրագրից: Նշենք, որ չնայած ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցների ընդունմանը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծում է, որ հյուսիսկորեական ճգնաժամի ռազմական կարգավորումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ:

Ռուսաստանը և Չինաստանը ևս համոզված են, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել միայն քաղաքական ճանապարհով: Այս երկու պետությունները խնդրի լուծումը տեսնում են հետևյալ կերպ. ԿԺԴՀ-ն պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային փորձարկումներից, իսկ Վաշինգտոնը և Հարավային Կորեան` համատեղ լայնածավալ զորավարժություններից: Ինչևէ, ԿԺԴՀ-ի վաղեմի թշնամի հանդիսացող Հարավային Կորեան պատրաստ է դիմել նույնիսկ ծայրահեղ գործողությունների: Պաշտոնական Սեուլն արդեն խոստացել է ի պատասխան ԿԺԴՀ-ի փորձարկումների ձեռնարկել մաքսիմալ ռազմական միջոցառումներ: Չի բացառվում, որ ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված ներկայիս լարվածությունը Հարավային Կորեան լավ առիթ է համարում` լուծելու այդ երկրի հետ իր վաղեմի խնդիրները:    

Տեղեկանք

Կորեական թերակղզու հակամարտության արմատները ձգվում են 1945 թվական, երբ ավարտվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմը: Ընդհուպ մինչև 1945 թվականը Կորեան եղել է Ճապոնիայի գաղութ: Հյուսիային Կորեան ազատագրվեց 1945 թվականին, երբ Կարմիր բանակը ջախջախիչ պարտության մատնեց Ճապոնիայի Կվանտունյան բանակին: 1945 թվականի սեպտեմբերին կղզու հարավային հատվածում հաստատվեցին ԱՄՆ զորքերը:   

1947 թվականին Կորեայում միասնական պետություն ստեղծելու հարցն ԱՄՆ նախաձեռնությամբ դրվեց ՄԱԿ-ի քննարկման, որտեղ որոշում կայացվեց ՄԱԿ հանձնաժողովի դիտորդությամբ ընտրություններ անցկացնելու մասին: 1948 թվականի մայիսին Հարավային Կորեայում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ և նույն թվականի օգոստոսի 15-ին հռչակվեց Կորեայի Հանրապետությունը: Ի պատասխան` Հյուսիսում ևս անցկացվեցին Կորեայի գերագույն ազգային ժողովի ընտրություններ և 1948 թվականի սեպտեմբերի 9-ին հռչակվեց Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ):

Սոցիալ-քաղաքական տարբեր կառուցվածքներ ունեցող այս երկու նոր հռչակված պետությունների ռազմաքաղաքական հակասությունները շատ շուտով` 1950 թվականի սկզբին, հանգեցրին պատերազմի: Հունիսի 25-ին մեկնարկած ռազմական գործողություններին Հարավային Կորեայի կողմից մասնակցում էին ԱՄՆ-ի և 15 այլ պետությունների կոնտինգենտներ, որոնք հանդես էին գալիս ՄԱԿ բազմազգ ուժերի դրոշի ներքո: ԿԺԴՀ-ի կողմից կռվում էին Չինաստանի և ԽՍՀՄ-ի ԶՈւ կոնտինգենտները: 1953 թվականի գարնանը կողմերի համար պարզ դարձավ, որ հաղթանակը չափազանց թանկ գին ունի. հուլիսի 27-ին ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիր, որի համաձայն, Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանվում են սահմանագծով, որի երկու կողմերով անցնում է 4 կիլոմետր լայնությամբ ապառազմականացված գոտի:

Կորեական թերակղզին փաստացի մինչ օրս գտնվում է պատերազմական վիճակում, քանի որ Կորեական պատերազմն ավարտվել է հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ, այլ ոչ թե խաղաղության պայմանագրի: Այն մի կողմից ստորագրել են ԿԺԴՀ-ի և Չինաստանի զորքերի հրամանատարները, մյուս կողմից՝ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի դրոշի ներքո:

1972 թվականի հուլիսին ստորագրվել է Հյուսիսի և Հարավի Կորեաների Համատեղ հայտարարությունը, որում ամրագրված են միավորման հիմնական սկզբունքները. ինքնուրույն, առանց արտաքին ուժերի ազդեցության, «ազգային մեծ կոնսոլիդացիա» հիման վրա: Երկրի միավորումը Փհենյանում տեսնում են կոնֆեդերացիայի ստեղծման ճանապարհով, որը կունենա հետևյալ բանաձևը. «մեկ ազգ, մեկ պետություն՝ երկու համակարգ, երկու կառավարություն»:

Նշենք, որ պատմության ողջ ընթացքում տեղի է ունեցել երկու միջկորեական գագաթաժողով, երկուսն էլ Փհենյանում (2000 և 2007 թվականներին): 2008 թվականին Հարավային Կորեայում Լի Մեն Բակի վարչակազմի իշխանության գալուց հետո Փհենյանի նկատմամբ հարավկորեական մոտեցումները սաստկացան, ինչն էլ հանգեցրեց ավելի վաղ ձեռքվերված համաձայնությունների իրականացման կասեցմանը:

Թերակղզում իրավիճակը հատկապես սրված է եղել 2006 թվականի հոկտեմբերին և 2009 թվականի մայիսին, երբ ԿԺԴՀ-ն իրականցրել է ստորգետնյա միջուկային փորձարկումներ: Դրանք հարուցեցին նաև միջազգային հանրության դժգոհությունը: ՄԱԿ-ը պահանջեց անմիջապես դադարեցնել միջուկային փորձարկումները և վերադառնալ բանակցային սեղան:

Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բազմիցս տեղի են ունեցել զինված բախումներ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի` միջկորեական մերձեցման գործընթացը տանելով փակուղի:

2010 թվականի նոյեմբերի 23-ին Կորեական թերակղզում` Դեղին ծովի Յոնփհենդո կղզու շրջանում, որտեղով անցնում է ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի վիճելի սահմանը, տեղի ունեցավ վերջին կես դարում ամենախոշոր ռազմական բախումը:  2013 թվականի փետրվարին երրորդ միջուկային փորձարկումն ավելի բարդացրեց միջկորեական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Հարավային և Հյուսիսային Կորեաների հարաբերությունները կտրուկ սրվեցին հենց 2013 թվականին, երբ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն անցկացրին ամենամյա համատեղ լայնածավալ զորավարժություններ: Հենց այդ ժամանակ էլ ԿԺԴՀ-ն հայտարարեց Սեուլի հետ հրդադարի մասին համաձայագրից դուրս գալու և միջուկային զենքի կիրառմամբ ռազմական գործողություններ սկսելու հնարավորության մասին: ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից պարբերաբար իրականացվող համատեղ զորավարժությունները Փհենյանի կողմից դիտարկվում են որպես պատերազմի փորձեր:

 

Կորեական թերակղզու ճգնաժամը, որը, կարելի է ասել, ընկած է Հյուսիսային Կորեայի շուրջ այսօր ստեղծված միջազգային լարվածության հիմքում, կարող է հանգեցնել գլոբալ աղետի և ահռելի թվով մարդկային զոհերի: Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի խաղաղ ճանապարհով լուծումը թերևս այլընտրանք չունի, քանի որ այդ երկիրը չի հրաժարվի իր փորձարկումներից նույնիսկ ամենախիստ պատժամիջոցների ընդունման պարագայում, իսկ իր դեմ ուղղված ռազմական գործողություններին կարող է պատասխանել ոչ միայն միջին հեռավորության հրթիռներով, այլև այնպիսի զենքերով, որոնց դեմ առհասարակ անհեթեթ է կիրառել հակահրթիռային տեխնիկա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: