ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի խորհրդարանական ընտրություններ. Մերկելը հավակնում է չորրորդ անգամ դառնալ կանցլեր

naftemporiki.gr

Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց ժամանակ կորոշվի՝ արդյոք Անգելա Մերկելը չորրորդ անգամ կդառնա Գերմանիայի կանցլեր: Ըստ սեպտեմբերի 20-ին անցկացված հարցումների արդյունքների՝ ընտրություններին առաջին տեղը կզբաղեցնի հենց Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքը 36,2% ձայներով, իսկ երկրորդ տեղում 22,3% ձայներով կլինի Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը» (ԳՍԴԿ)՝ Մարտին Շուլցի գլխավորությամբ:

Ընդհանուր առմամբ 42 կուսակցություններ են հավակնում ընդգրկվել Գերմանիայի 19-րդ գումարման Բունդեսթագի կազմում, սակայն, ըստ հարցումների, բացի վերը նշված երկու կուսակցություններից, ամենայն հավանականությամբ, ընտրական 5%-անոց շեմը կկարողանան հաղթահարել ևս միայն 4 կուսակցություններ՝ «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» (ԱԴԿ), «Կանաչները», «Ձախերը» և «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունը:

Իսկ որո՞նք են եղել նախընտրական պայքարի հիմնական հարցերը:

Վերջին շրջանում Եվրոպայում տեղի ունեցող զարգացումները՝ Brexit, Ֆրանսիայում աջակողմյան «Ազգային ճակատ» ուժի հաղթանակը, եվրահոռետեսների շարժումները ցույց տվեցին, որ Եվրոպայում հասարակությունը դժգոհ է միգրացիոն քաղաքականությունից, ինչպես նաև ԵՄ գործընթացներից (ինտեգրացիոն գործընթացներ, արտաքին պաշտպանության քաղաքականություն և այլն): Այս հարցերի վերաբերյալ մոտեցումներն էլ եղել են միմյանց դեմ պայքարող կուսակցությունների հիմնական «խաղաքարտերը»:

Մերկելի կուսակցությունը շարունակում է պնդել, որ պետք է վարել բաց դռների քաղաքականություն, սակայն անհրաժեշտ է ընդունել նոր օրենք, որը կկարգավորի միգրացիան: Առանց սահմանափակման միգրանտներ ընդունելուն կողմ են նաև «Կանաչները»: Հարցի շուրջ հակառակ դիրքորոշման է հակված «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունը, որը պնդում է, որ պետք է փակել Գերմանիայի սահմանները, երկիր թողնել որակավորում ունեցող միգրանտներին և վերացնել երկքաղաքացիությունը: Մյուս 3 հիմնական կուսակցությունները՝ «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը», «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» (ԱԴԿ) և «Ձախերը» կողմ են միգրանտներին երկիր թողնելուն, միևնույն ժամանակ կարծում են, որ պետք է օգնել լուծել տարբեր երկրներում միգրացիայի պատճառները և անհրաժեշտ է կարգավորել հմուտ միգրանտների ներգաղթը:

Եվրոպական արտաքին պաշտպանության քաղաքականությունը նույնպես քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավում ամենաշատ արծարծված թեմաներից է: Եթե Մերկելն առաջարկում է ԵՄ պաշտպանության ոլորտում ավելի մեծ համագործակցություն, ինչպես նաև հակված է մեծացնել ռազմական ծախսերը, ապա «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» և «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» կողմ են ԵՄ միասնական բանակ ստեղծելուն: Իսկ «Կանաչներն» ու «Ձախերը» անգամ դեմ են ռազմական ծախսերն ավելացնելուն:

ԵՄ ինտեգրման հետ կապված հարցերը նույնպես բավականին լուրջ քննարկումների առարկա են դարձել: Բոլոր հիմնական կուսակցությունները կողմ են Գերմանիայի՝ ԵՄ անդամ մնալուն և նրանց տեսակետների տարբերությունները դրսևորվում են միայն ԵՄ-ում տարբեր հարցերի հետ կապված Գերմանիայի մոտեցումներում: Միայն  «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն է, որ պնդում է, թե պետք է դուրս գալ միասնական արժութային համակարգից, ուժեղացնել Գերմանիայի ազգային սուվերենությունը ԵՄ-ում կամ դուրս գալ ԵՄ-ից:

Երկու հիմնական կուսակցություններն ի դեմս իրենց առաջնորդների՝ Մերկելի և Շուլցի, բավականին լայն անդրադարձ են կատարել նաև Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը: Հետաքրքրական է, որ Գերմանիայում ունենալով բավականին մեծ թվով թուրք քաղաքացիներ, թե’ Մերկելը, թե’ Շուլցը միաձայն են այն հարցի շուրջ, որ, հաշվի առնելով Թուրքիայում մարդու իրավունքների վատթարացող վիճակը, ԵՄ հետ բանակցությունները պետք է դադարեցվեն: Նման մոտեցման պատճառ, օրինակ, կարող է լինել ազգային շահերին հակասող հարցերի վերաբերյալ պայմանավորվածությունը՝ որդեգրել միասնական մոտեցում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ՝ հակառակ պարագայում հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ չնայած միգրացրոն ճգնաժամին, միգրանտների հոսքերի հետևանքով առաջացած մի շարք խնդիրներին, հարցումները ցույց են տալիս, որ Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը կողմ է միգրանտների ընդունման բաց դռների քաղաքականությանը, ԵՄ անդամ մնալուն, միևնույն ժամանակ գերմանացիներն անտարբեր չեն ԵՄ ճակատագրի նկատմամբ՝ հաշվի առնելով երկու առաջին տեղերում գտնվող կուսակցությունների մոտեցումները ԵՄ արտաքին պաշտպանության քաղաքականության ու Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցերում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: