ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսպանիան դրդում է Կատալոնիային անկախանալ

Javier Soriano / AFP

Կատալոնիայում հոտեմբերի 1-ին կայացած անկախության հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայից անկախանալուն: Հանրաքվեի նման արդյունքն ինչ-որ չափով պայմանավորված է նաև Մադրիդի գործողություններով: Նշենք, որ հանրաքվեին նախորդած սոցհարցումների համաձայն կատալոնացիների միայն 41 տոկոսն էր պատրաստվում քվեարկել անկախության օգտին: Հանրաքվեին մասնակցել են ձայնի իրավունք ունեցող 5.3 մլն կատալոնացիներից 2.3 մլն. Արդյունքում Մադրիդի կոչերը չմասնակցելու «անօրինական» հանրաքվեին լսել են անկախության ընդդիմադիրներն, ովքեր են փաստորեն պարտություն են պարգևել Մադրիդին:

Հանրաքվեից հետո Մադրիդի դիրքերը թուլացել են ոչ միայն քվեարկության արդյունքների պատճառով, այլ նաև ձեռնարկված ոչ միանշանակ և կոշտ միջոցառումների հետևանքով:

Հանրաքվեի օրն Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան փորձել է ուժով վերահսկողություն սահմանել ընտրատեղամասերում, ինչի հետևանքով բախումներ են սկսվել: Իսպանիայի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Կատալոնիայում հանրաքվեին մասնակցել ցանկացող քաղաքացիներին ցրելու համար, երկաթե արգելապատնեշներ է տեղադրել ընտրատեղամասերի մոտ, առգրավել է քվեատուփերը, քաղաքացիներին ուժով դուրս է բերել ընտրատեղամասերից: Ոստիկանության նման գործողությունների հետևանքով տուժել է մոտ հազար քաղաքացի: Սա բավականին բարդ իրավիճակ է ստեղծել Մադրիդի համար: Չնայած պաշտոնական Մադրիդը պնդում է, որ ոստիկանությունը կատարել է իր ծառայողական պարտքը, սակայն մարդու իրավունքների խախտումներն առավել քան ակնհայտ են: Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների ԵԱՀԿ բյուրոյի տնօրեն Սոլրուն Գիսլադոտիրը, մեկնաբանելով կատալոնական հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակը, Իսպանիայի իշխանություններին կոչ է արել հարգել խաղաղ հավաքների և կարծիքի արտահայտման ազատության կատալոնացիների իրավունքները: Իսպանական ոստիկանության գործողությունները հայտնվել են նաև Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում, որը դրանք կքննարկի հոկտեմբերի 4-ին կայանալիք Խորհրդի կանոնադիր մարմնի նիստի ժամանակ:

Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլն այս կապակցությամբ հայտարարել է, որ Իսպանիան Կատալոնիայի բնակիչների հանդեպ բռնության համար պատասխան կտա միջազգային ատյաններում։ «Իսպանիան անձամբ է իրեն վտանգել և պատասխան կտա դրա համար միջազգային դատարաններում»,-ասել է Տուրուլը։

Այս ամենը բավականին բարդացնում է միջազգային հանրության աջակցությունն Իսպանիային, ինչով էլ բացատրվում է վերջինիս ուշացած արձագանքը հանրաքվեի արդյունքներին: Այս կապակցությամբ իրենց դիրքորոշումը մինչ այժմ հայտնել է Եվրահանձնաժողովը, Ռուսաստանը, Լեհաստան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան: Եվրահանձնաժողովն ու Կրեմլը կատալոնական զարգացումներն անվանել են Իսպանիայի ներքին գործ: Լեհաստանի ԱԳՆ-ում ևս կարծում են, որ պետք չէ միջամտել կատալոնական զարգացումներին, որ դա Մադրիդի ներքին խնդիրն է: Մեծ Բրիտանիան պաշտպանել է Իսպանիայի տարածքային ամբողջականությունը, իսկ Բելգիայի ԱԳՆ-ն Իսպանիայի և Կատալոնիային երկխոսության կոչ է արել:

Երկխոսությանը դեմ չեն նաև Կատալոնիայում: Հանրաքվեից հետո Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ իրենք պատրաստ են Մադրիդի հետ երկխոսության. «Մենք բաց ենք երկխոսության առաջարկությունների համար, եթե միայն դրանք հարգեն կատալոնացի ժողովրդին: Մենք բաց ենք միջնորդության առաջարկների համար, որոնք մեզ կօգնեն այդ ճանապարհին», - ասել է Պուչդեմոնը:

Սակայն Մադրիդում կարծես թե հակված չեն երկխոսության. Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Մադրիդը չի ճանաչում հանրաքվեի անցկացման փաստը: Մադրիդի նման կոշտ դիրքորոշումը կարող է հանգեցնել նրան, որ Կատալոնիան իսկապես միակողմանիորեն հայտարարի Իսպանիայից անկախանալու մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.10.2024
       
    06.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: