ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ համաձայնագիր. փոստային ծառայություններ, էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր (ՏԵՂԵԿԱՆՔ)

Sprint Ink

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն  ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:  

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նախաստորագրված և նոյեմբեր ամսին Բրյուսելում ստորագրվելիք համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդհանուր առմամբ բաղկացած է 386 հոդվածից, կարգավորում է ՀՀ-ԵՄ համագործակցության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ փոստային ծառայությունների, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ծառայությունների:

 Փոստային ծառայություններ.

Սույն ենթաբաժնով սահմանվում են փոստային բոլոր ծառայությունների կարգավորման սկզբունքները: Մասնավորապես նշվում է, որ յուրաքանչյուր կողմ ապահովում է, որպեսզի համընդհանուր ծառայությունների հետ կապված պարտավորություններին կամ փոստային մենաշնորհին ենթակա փոստային ծառայություններ մատուցողը ձեռնպահ մնա շուկայի գործունեությունը խաթարող գործելակերպից, օրինակ՝ անհիմն կերպով այնպիսի հաճախորդների միջև տարբերակումից, ինչպիսին են բիզնես հաճախորդները, մեծ քանակությամբ նամակներ ուղարկողները կամ էքսպեդիտորները:  Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի սահմանելու համընդհանուր ծառայության մասով պարտավորության այն տեսակը, որը ցանկանում է ունենալ: Այդպիսի պարտավորությունները, որպես այդպիսին, չեն համարվի հակամրցակցային՝ պայմանով, որ դրանք կիրառվեն թափանցիկ, ոչ խտրական և մրցակցային տեսակետից չեզոք եղանակով և անհրաժեշտից ավելի ծանրաբեռնող չլինեն տվյալ կողմի սահմանած՝ համընդհանուր ծառայության այդ տեսակի համար։ Յուրաքանչյուր կողմ պետք է միջոցներ ձեռնարկի համընդհանուր ծառայության մեջ չընդգրկված ծառայությունների համար պահանջվող լիցենզիաները պարզ գրանցմամբ փոխարինելու համար: Այն դեպքում, երբ պահանջվում է լիցենզիա, լիցենզիաների ժամկետներն ու պայմանները պետք է հասանելի լինեն հանրությանը, դիմումատուն պետք է տեղեկացվի լիցենզիա տալը մերժելու հիմքերի մասին (նման պահանջ ներկայացվելու դեպքում), յուրաքանչյուր կողմ պետք է նախատեսի անկախ մարմնի միջոցով բողոքարկման այնպիսի ընթացակարգ, որը կլինի թափանցիկ, ոչ խտրական և օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված: Կարգավորող մարմինը, օրենքին համապատասխան, անկախ է որևէ փոստային և առաքման ծառայություններ մատուցողից և հաշվետու չէ նրան: Կարգավորող մարմնի որոշումները և դրա կողմից կիրառվող ընթացակարգերն անկողմնակալ են շուկայի բոլոր մասնակիցների համար: Ինչ վերաբերվում է աստիճանական մոտարկմանը, ապա, ըստ համաձայնագրի,  կողմերը ճանաչում են ՀՀ՝ փոստային ծառայությունների վերաբերյալ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանն աստիճանական մոտարկման կարևորությունը:

 Էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր ու ծառայություններ.

Սույն ենթաբաժնով սահմանվում են էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի (փոխանցման համակարգեր և, եթե կիրառելի է, փոխանջատման կամ երթուղման սարքավորումներ և այլ ռեսուրսներ) տրամադրման և ծառայությունների (ամբողջությամբ կամ հիմնականում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ազդանշանների փոխանցումից բաղկացած ծառայություններ) մատուցման կարգավորման սկզբունքները: Ըստ համաձայնագրի, յուրաքանչյուր կողմ ապահովում է, որ իր Էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և ծառայությունները կարգավորող մարմիններն իրավաբանորեն առանձին և գործառույթի մասով անկախ լինեն էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ցանկացած մատուցողից կամ էլեկտրոնային սարքավորումների ցանկացած մատակարարից: Յուրաքանչյուր կողմ ապահովում է, որ իր կարգավորող մարմինները ունենան բավականաչափ լիազորություններ, որպեսզի կարգավորեն ոլորտը, և ունենան համապատասխան ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, որպեսզի կատարեն իրենց հանձնարարված առաջադրանքը: Բացի այդ, կարգավորող մարմինների որոշումները և դրանց կողմից օգտագործվող ընթացակարգերն անկողմնակալ են շուկայի բոլոր մասնակիցների նկատմամբ, կարգավորող մարմինների լիազորություններն իրականացվում են թափանցիկ և ժամանակին, նրանք լիազորություն ունեն ապահովելու, որ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները և ծառայություններ մատուցողները, նման պահանջ ներկայացվելու դեպքում, նրանց անհապաղ տրամադրեն բոլոր տեղեկությունները, ներառյալ՝ ֆինանսական տեղեկություններ, որոնք կարգավորող մարմիններին անհրաժեշտ են իրենց առաջադրված խնդիրներն իրագործելու համար: Համաձայնագրում նաև նշվում է, որ անհրաժեշտության դեպքում, կողմը կարող է պահանջել ռադիոհաճախականությունների և թվերի օգտագործման իրավունքի լիցենզիա, որպեսզի հնարավոր լինի խուսափել վնասակար միջամտությունից, ապահովել ծառայության տեխնիկական որակը, երաշխավորել ռադիոհաճախականության տիրույթի արդյունավետ օգտագործումը, կամ իրականացնել ընդհանուր շահերից բխող այլ նպատակներ: Վարչական բոլոր ծախսերը մատակարարների վրա են դրվում օբյեկտիվության, թափանցիկության, համաչափության և նվազագույն ծախսերի սկզբունքով:

Սահմանափակ ռեսուրսների, այդ թվում՝ ռադիոհաճախականության տիրույթի, թվերի և սերվիտուտի իրավունքի բաշխումը և դրանք օգտագործելու իրավունքի շնորհումը ևս իրականացվում են բաց, օբյեկտիվ, ժամանակին, թափանցիկ, ոչ խտրական և համաչափ ձևով:

Հասանելիության (հարմարությունները կամ ծառայություններն այլ մատակարարին սահմանված պայմաններով հասանելի դարձնելը) և փոխկապակցման (միևնույն կամ տարբեր մատակարարների կողմից օգտագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի ֆիզիկական և տրամաբանական կապակցում) վերաբերյալ համաձայնագրում ասավում է, որ դրանք պետք է սկզբունքորեն համաձայնեցվեն տվյալ օպերատորների միջև առևտրային բանակցությունների հիման վրա: Կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան միջոցներ ընդունի կամ իրականացնի՝ առանձին կամ միասին խոշոր օպերատոր հանդիսացող մատակարարների հակամրցակցային գործելակերպը կանխելու նպատակով:

Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի սահմանելու համընդհանուր ծառայություն (սահմանված որակի ծառայությունների նվազագույն խումբ, որը պետք է կողմի տարածքում հասանելի լինի բոլոր օգտագործողներին) մատուցելու պարտավորության այն տեսակը, որը ցանկանում է ունենալ:  Համընդհանուր ծառայություն մատուցելու այդ պարտավորությունները, որպես այդպիսին, չեն համարվում հակամրցակցային՝ պայմանով, որ դրանք կիրառվեն համաչափ, թափանցիկ, օբյեկտիվ և ոչ խտրական ձևով: Բոլոր Էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները և (կամ) ծառայություններ մատուցողները պարտավոր են մատուցել համընդհանուր ծառայություններ:

Ըստ համաձայնագրի, յուրաքանչյուր կողմ ապահովում է, որ հանրային հաղորդակցության էլեկտրոնային ծառայություններ մատուցողներն ապահովեն ողջամիտ ժամկետներով և պայմաններով հեռախոսահամարների տեղափոխելիությունը (հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների բոլոր այն բաժանորդներին ընձեռված հնարավորություն, որոնք հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների միևնույն կատեգորիայի մատուցողների միջև անցում կատարելիս դիմում են միևնույն վայրում միևնույն հեռախոսահամարները պահպանելու պահանջով՝ առանց որակի, վստահելիության կամ հարմարության վատթարացման):    Յուրաքանչյուր կողմ ապահովում է էլեկտրոնային հաղորդակցության և հարակից թրաֆիքի տվյալների գաղտնիությունը հանրային հաղորդակցության էլեկտրոնային ցանցերի և հանրորեն հասանելի էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների միջոցով՝ չսահմանափակելով ծառայությունների առևտուրը։ Որպես ենթաբաժնի ամփոփում նշվում է, որ կողմերը ճանաչում են էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը ԵՄ համապատասխան օրենսդրության հետ աստիճանաբար մոտարկելու կարևորությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: