ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մաքսային ոլորտը, առևտրի տնտեսական խոչընդոտները և սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրում (ՏԵՂԵԿԱՆՔ)

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն  ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:  

 

Նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսում է, որ Կողմերն ամրապնդում են մաքսային ոլորտում համագործակցությունը՝ առևտուրը խթանելու, առևտրի թափանցիկ միջավայր ապահովելու, մատակարարման շղթայի անվտանգության մակարդակը բարձրացնելու, սպառողների անվտանգությունն ապահովելու, մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների հոսքը կանխելու, ինչպես նաև մաքսանենգության և խարդախության դեմ պայքարելու նպատակով։

Այս խնդիրներն իրագործելու նպատակով և հասանելի ռեսուրսների սահմաններում Կողմերը մասնավորապես համագործակցում են՝

ա) մաքսային օրենսդրությունը, կանոնակարգերը, գործելակերպը և դրա հետ կապված պարտադիր ուժ ունեցող որոշումները բարելավելու և մաքսային ընթացակարգերը պարզեցնելու նպատակով՝ մաքսային և առևտրի դյուրացման ոլորտում կիրառվող, այդ թվում՝ «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» միջազգային կոնվենցիային (Վերանայված Կիոտոյի կոնվենցիային) համապատասխան, և հաշվի առնելով Եվրոպական միության կողմից մշակված գործիքները և լավագույն գործելակերպերը, այդ թվում՝ մաքսային հայեցակարգերը.

բ) արդիական մաքսային համակարգեր, այդ թվում՝ մաքսազերծման տեխնոլոգիաներ, լիազորված տնտեսական օպերատորների վերաբերյալ դրույթներ, ռիսկի վրա հիմնված վերլուծությունների և հսկողության ավտոմատացված համակարգեր, ապրանքների բացթողման պարզեցված ընթացակարգեր, հետմաքսային հսկողության համակարգեր, մաքսային արժեքի որոշման թափանցիկ համակարգ, ինչպես նաև մաքսային և գործարար ոլորտների միջև գործընկերության մասին դրույթներ ներդնելու նպատակով.

գ) մաքսային ոլորտում, մասնավորապես՝ սահմանին բարեվարքության բարձր չափանիշների կիրառումը խրախուսելու նպատակով Վերանայված Արուշայի հռչակագրում ամրագրված սկզբունքներն արտացոլող միջոցների կիրառմամբ.

դ) լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով.

ե) անհրաժեշտության դեպքում համապատասխան տեղեկություններ և տվյալներ փոխանակելու նպատակով՝ պահպանելով հատուկ կատեգորիայի տվյալների գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ յուրաքանչյուր Կողմի իրավական պահանջները.

զ) անհրաժեշտ և նպատակահարմար լինելու դեպքում՝ Կողմերի մաքսային մարմինների կողմից իրականացվող համակարգված մաքսային գործողություններին մասնակցելու նպատակով,

է) անհրաժեշտ և նպատակահարմար լինելու դեպքում՝ լիազորված տնտեսական օպերատորների վերաբերյալ ծրագրերի և մաքսային հսկողության, այդ թվում՝ առևտրի դյուրացմանն ուղղված համարժեք միջոցառումների փոխադարձ ճանաչումն ապահովելու նպատակով.

ը) անհրաժեշտ և նպատակահարմար լինելու դեպքում՝ համապատասխան մաքսային տարանցման համակարգերի փոխկապակցվածությունն ապահովելու հնարավորությունների ստեղծման նպատակով, և

թ) Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ առևտրային հարաբերություններում մաքսային ոլորտին առնչվող պարտավորությունների կատարումը խթանելու, այդ թվում՝ ապրանքների ծագման երկիրը որոշելու հետ կապված համագործակցության նպատակով։

Կողմերը «ՍԱԳՀ-ի (1994 թվական) VII հոդվածի իրականացման մասին» համաձայնագրի դրույթները, այդ թվում՝ հետագայում դրանցում կատարված ցանկացած փոփոխություն, կիրառում են Կողմերի միջև առևտրում մաքսային նպատակներով ապրանքների մաքսային արժեքի որոշման նկատմամբ։ Այդ դրույթները ներառվում են սույն Համաձայնագրում և mutatis mutandis կազմում են դրա անբաժանելի մասը։

Կողմերը համագործակցում են՝ մաքսային արժեքի որոշման հետ կապված հարցերի շուրջ միասնական մոտեցում ունենալու նպատակով։

Համաձայնագիրը նախատեսում է մաքսային հարցերով ենթակոմիտեի ստեղծում, որը պարբերաբար անցկացնում է հանդիպումներ և վերահսկում է սույն գլխի կիրարկումը՝ ներառյալ առևտուրը հեշտացնող մաքսային համագործակցության, միջսահմանային մաքսային համագործակցության և կառավարման, մաքսային ոլորտին առնչվող տեխնիկական աջակցության հարցերը, ապրանքների ծագման երկիրը որոշելու մասին կանոնները, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը մաքսային ընթացակարգերի կիրառման միջոցով, ինչպես նաև մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցությունը։

Մաքսային հարցերով ենթակոմիտեն, մասնավորապես ապահովում է մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցության վերաբերյալ արձանագրության պատշաճ գործելը, անհրաժեշտության դեպքում Գործընկերության կոմիտեին տալիս է հանձնարարականներ։

 

Համաձայնագրի Մաս VI-ի Գլուխ 3-ով նպատակ է հետապնդվում Կողմերի միջև հեշտացնել ապրանքների առևտուրը՝ ԱՀԿ Համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված՝ «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրի (ԱՏԽ համաձայնագիր) շրջանակներում ստեղծելով առևտրի ավելորդ խոչընդոտները կանխելու, բացահայտելու և վերացնելու համակարգ։

Գործողության ոլորտը և սահմանումները

 

1. Սույն գլուխը կիրառվում է ԱՏԽ համաձայնագրով սահմանված այն ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության գնահատման ընթացակարգերի՝ Կողմերի կողմից նախապատրաստման, ընդունման և կիրառման նկատմամբ, որոնք ազդում են կամ կարող են ազդել Կողմերի միջև իրականացվող ապրանքների առևտրի վրա։

2. Չնայած 1-ին պարբերությանը՝ սույն գլուխը չի կիրառվում ԱՀԿ Համաձայնագրի 1Ա հավելվածում ներկայացված՝ «Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» համաձայնագրում (ՍԲՍ համաձայնագիր) սահմանված սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների նկատմամբ, ինչպես նաև պետական մարմինների կողմից սեփական արտադրության կամ իրենց սպառման պահանջների համար պատրաստված գնման մասնագրերի նկատմամբ։

Փոխադարձ առևտուրը խթանելու նպատակով Կողմերը պետք է՝

ա) փորձեն նվազեցնել տեխնիկական կանոնակարգերի, չափագիտության, ստանդարտացման, շուկայի ուսումնասիրության, հավաստագրման և համապատասխանության գնահատման ընթացակարգերի հետ կապված իրենց միջև առկա տարբերությունները, այդ թվում՝ խրախուսելով միջազգայնորեն համաձայնեցված գործիքների կիրառումը,

բ) խրախուսեն միջազգային նորմերին համապատասխան հավաստագրման գործընթացի կիրառումը՝ օժանդակելով համապատասխանության գնահատման մարմինների տեխնիկական կարողությունների և նրանց գործունեության գնահատմանը, և

գ) խրախուսեն Հայաստանի Հանրապետության և դրա համապատասխան ազգային մարմինների մասնակցությունն այն եվրոպական և միջազգային կազմակերպությունների աշխատանքներին ու հնարավորության դեպքում՝ այդ կառույցներին անդամակցությունը, որոնք գործունեություն են իրականացնում ստանդարտների, համապատասխանության գնահատման, հավաստագրման, չափագիտության ոլորտներում և ունեն դրանց հետ կապված գործառույթներ։

Համաձայնագիրը նախատեսում է, որ Կողմերը պետք է նախաձեռնեն և իրականացնեն այնպիսի գործընթաց, որով աստիճանաբար կարելի է հասնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների և համապատասխանության գնահատման ընթացակարգերի մոտարկման։ Այն ոլորտների համար, որոնցում հասել են համապատասխանեցման, Կողմերը կարող են դիտարկել համապատասխանության գնահատման մասին համաձայնագրերի շուրջ բանակցություններ վարելու և արդյունաբերական արտադրանքը ճանաչելու հնարավորությունը։

Ըստ համաձայնագրի՝ մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող այդպիսի պահանջներով չպետք է սահմանափակվի առևտուրը ավելին, քան անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ դրանք չկատարելու հետևանքով։ Հնարավորության դեպքում, Կողմերը պետք է ընդունեն պոկվող կամ ոչ մշտական պիտակներով դրոշմավորումը:

Մասնավորապես, պարտադիր մակնշման կամ պիտակավորման պահանջների առնչությամբ Կողմերը պետք է՝

ա) փորձեն երկկողմանի առևտրում նվազագույնի հասցնել մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող իրենց համապատասխան պահանջները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհրաժեշտ են առողջության, անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության համար, պետական քաղաքականության այլ ողջամիտ նպատակներով,

բ) իրենց իրավունք վերապահեն՝ պիտակի կամ մականշվածքի վրա զետեղվող տեղեկությունները Կողմի կողմից նշված լեզվով ձևակերպելու պահանջ ներկայացնելու:

Յուրաքանչյուր Կողմ իր՝ տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության գնահատման ընթացակարգերի մշակման ընթացակարգերով ապահովում է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումները համապատասխան վաղ փուլում, երբ դեռևս կարելի է ներկայացնել և հաշվի առնել հանրային քննարկումների ընթացքում արված դիտողությունները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա հնարավոր չէ արտակարգ իրավիճակի:

 

Համաձայնագիրը սահմանում է նաև կողմերի միջև առևտրում, ինչպես նաև կենդանիների բարեկեցության հարցում համագործակցության գործընթացում սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների (ՍԲՍ) նկատմամբ կիրառելի սկզբունքները: Կողմերն այդ սկզբունքները կիրառում են այնպես, որպեսզի դյուրացնեն առևտուրը՝ պահպանելով յուրաքանչյուր Կողմի՝ մարդկանց, կենդանիների և բույսերի կյանքի կամ առողջության պաշտպանության մակարդակը:

Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ իր ՍԲՍ միջոցառումներով կամայականորեն կամ անհիմն տարբերակում չդրվի իր տարածքի և մյուս Կողմի տարածքի միջև այն դեպքում, երբ գերակայում են նույնական կամ նույնանման պայմանները: ՍԲՍ միջոցառումները չեն կարող կիրառվել որպես առևտուրը սահմանափակող քողարկված միջոցներ:

 Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի իրավասու մարմնից ստացված՝ տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ հարցմանն արձագանքում է ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում և ներմուծված ապրանքների համար ոչ պակաս բարենպաստ ձևով՝ ի համեմատություն նույնանման տեղական արտադրանքի:

Համաձայնագիրը նախատեսում է, որ ներմուծող Կողմը կարող է արտահանող Կողմի տարածքում վերջինիս ստուգումների և հավաստագրման համակարգերը գնահատելու նպատակով իր հաշվին իրականացնել ստուգումներ և աուդիտ։ Այդ ստուգումները և աուդիտն իրականացվում են համապատասխան միջազգային ստանդարտների, ուղեցույցների և հանձնարարականների համաձայն։

Յուրաքանչյուր Կողմ պետք է մյուս Կողմի հարցման հիման վրա և այդ հարցումը ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում պետք է ուղարկի ՍԲՍ այն պահանջները, որոնք կիրառվում են որոշակի արտադրանքի ներմուծման նկատմամբ, այդ թվում՝ տեղեկություն այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է ռիսկի գնահատում, և մյուս Կողմին ծանուցում է հանրության, կենդանիների կամ բույսերի առողջության համար որևէ լուրջ կամ զգալի ռիսկի, այդ թվում՝ պարենի խիստ պակասության մասին։ Այս ծանուցումը կատարվում է գրավոր՝ այդ ռիսկի հայտնաբերման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: