ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը և Իրանը կարևորում են միջազգային հարթակներում երկու երկրների միջև հաստատված փոխգործակցությունը (տեսանյութ)

Նոյեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեն բարիդրացիական, բազմաբովանդակ և փոխշահավետ հարաբերություններ, որոնք հիմնված են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշեց, որ Իրանն առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, և համոզմունք հայտնեց, որ բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդել և խորացնել։ Նախարար Զարիֆը երախտագիտություն հայտնեց վերջերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների և համերաշխության համար։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանական տարում հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ անցյալ տարի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին հաջորդ ամիս Երևանում գումարվելիք միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի նախապաստրաստական աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում արտգործնախարար Զարիֆը նշեց, որ Երևանում հայ-իրանական բիզնես ֆորումին մասնակցելու նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել գործարարների մեծ խումբ՝ հույս հայտնելով, որ ֆորումը կնպաստի հայ-իրանական առևտրատնտեսական կապերի առավել խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձան ԵԱՏՄ - Իրան համագործակցության հաստատմանը՝ ընդգծելով, որ այն կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

Արտգործնախարարները կարևորեցին միջազգային հարթակներում երկու երկրների միջև հաստատված փոխգործակցությունը։

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն անդրադարձան մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների, քննարկեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման վերաբերյալ, որին Հայաստանը սատարում է։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնխանդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը՝ բարձր գնահատելով միջազգային իրավունքի հիման վրա Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը։

Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը մասնակցեցին հայ-իրանական գործարար համաժողովի բացմանը։


 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: