ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարեգին Մելքոնյան. ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ունի առևտրային և տնտեսական մասով լրջագույն ծածկույթ

Lragir.am

ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցող «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում առանձին անդրադարձ կատարվեց նաև առևտրային և տնտեսական ոլորտին:

Քննարկումների այս փուլում ելույթ ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Փոխնախարարը խոսեց ոչ միայն համաձայնագրի, այլև ՀՀ-ԵՄ տնտեսական-առևտրային համագործակցության մասին՝ ներկայացնելով նախ ներկա պատկերը: Փոխնախարարը խոսեց մասնավորապես GSP+ի, աջակցության գործիքների, Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափի, ինչպես նաև հետագա անելիքների մասին:

Նա մասնավորապես նշեց, որ Հայաստանն այժմ ունի գործող միակողմանիորեն տրված GSP+ համակարգը, որը պրեֆերենցիալ առևտրային ռեժիմ է և որից աշխարհում օգտվում է 9 երկիր: Նրա խոսքով, GSP+ համակարգը նախատեսում է մաքսատուրքերի, դրույքաչափերի նվազեցում, զրոյացում: Այդ համակարգը հնարավորություն է տալիս 6000-ից ավել ապրանքատեսակ արտահանել եվրոպական շուկա: 

Կարևոր գործիքների շարքում փոխնախարարն ի թիվս այլի նշեց նաև բյուջետային աջակցությունը, որի շնորհիվ Հայաստանը կարողանում է բարեփոխումներ իրականացնել ամենատարբեր ոլորտներում:

Փոխնախարարն անդրադարձավ ԵՄ հետ բազմակողմ համագործակցության ձևաչափին, որն իրականացվում է Արևելյան գործընկերության շրջանակներում: Նրա խոսքով, սա համեմատաբար նոր երևույթ էր և դրա շրջանակներում առևտրային և տնտեսական առումով բավական հետաքրքիր ձևաչափեր կան:  

Գարեգին Մելքոնյանը խոսեց նաև Արտահանողների գրանցված համակարգի (REX) մասին, որը Հայաստանում կիրառվելու է 2018 թվականի հունվարից: Համաձայն REX-ի, ՀՀ-ում գործող կազմակերպությունները կարող են ԵՄ ապրանք արտահանելիս մեկ անգամ գրանցվել այս համակարգում և ապրանքներ արտահանել ԵՄ առանց ծագման սերտիֆիկատի: Անցման սահունությունն ապահովելու համար զուգահեռ գործելու է նաև սերտիֆիկացման համակարգը, սակայն սա դրական նշանակություն կունենա փոքր և միջին տնտեսվարողների համար: Փոխնախարարը խոստացավ, որ Տնտեսական զարգացման և ներդրումներինախարարությունն առաջիկայում առավել մանրամասն կներկայացնի այս համակարգը:

Խոսելով համաձայնագրի մասին, Գարեգին Մելքոնյանն ընգծեց, որ այն ունի լրջագույն ծածկույթ առևտրային և տնտեսական մասով: Այն պրեֆերենցիալ առևտրային ռեժիմ չի նախատեսում, սակայն ոլորտային և ծածկույթի առումով ունի շատ ավելի մեծ նշանակություն: Փոխնախարարը կարևորեց պետական գնումների մասը, որը ենթադրում է նաև գնումների մասով որոշակի ազատականացում, հստակեցնում է իրականացվող գործընթացները: Նա նաև անդրադարձավ մրցակցության ոլորտին, որը հավասար հնարավորություններ է նախատեսում և վերաբերվում է շուկաներում համագործակցությանն ու հասանելիությանը և այլն: Նրա խոսքով, համաձայնագրում համեմատաբար նոր պայմանավորվածության ոլորտ կա, որը պետական մասնակցության հիմնարկներին է վերաբերվում, կա առանձին գլուխ թափանցիկության մասով: Եվ, ի վերջո, նա անդրադարձավ նաև ծառայությունների մասին, որն էական նշանակություն ունի բանակցային փաթեթում և նախատեսում է որոշակի ազատականացում, քան ունենք այժմ:

Փոխնախարարը նաև հավելեց, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում ԵՄ հետ բանակցելու ենք ներդրումների մասով: Այդ բանակցություններն ուղղված են լինելու ներդրումների փոխադարձ պաշտպանությանն ու խրախուսմանը:

Փոխնախարարի խոսքով, համաձայնագիրն առնվազն երկու կարևոր նշանակություն ունի: Նախ, այն ՀՀ-ԵՄ տնտեսական-առևտրային հարաբերությունների զարգացման լրջագույն իրավական հիմք է ձևավորում: Երկրորդ՝ համաձայնագիրը մի շարք ոլորտներում լավ հնարավորություններ է ընձեռում այնպիսի համագործակցության համար, որը կնպաստի ամենատարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման: Փոխնախարարի խոսքով, այս պայմանավորվածությունների արդյունքը մեծ թիմի երկարատև աշխատանքի արդյունք է:

Համաձայնագրի տնտեսական ոլորտին առնչվող քննարկումների ընթացքում զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, պատգամավոր Արտաշես Գեղամյանը և այլք: Արտաշես  Գեղամյանը մասնավորապես կարծիք հայտնեց, որ համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի, ինչպես նաև հենց Եվրոպայի համար: Բացի այդ, ըստ Արտաշես Գեղամյանի, այն նաև մեսիջ է Ռուսաստանին, որ ԵՄ-ն խնդիր չի տեսնում Եվրասիական տնտեսական միության հետ նման համաձայնագիր կնքելու հարցում:

Զեկույցների ընթացքում կարծիք հնչեց նաև, որ համաձայնագրում Հայաստանի համար կարևոր դրույթներ են ներառվել: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն տնտեսական զարգացման, այլև Հայաստանի տարածքն այլ արտադրանքների համար բացելու տեսանկյունից: Խոսվեց նաև այն մասին, որ Համաձայնագիրը լուրջ դրական ազդեցություն կարող է թողնել, եթե հնարավորություն տա Հայաստանին օգտվել իր աշխարհագրական դիրքից՝ դառնալով կամուրջ: Կարծիք հնչեց նաև, որ համաձայնագրի իրագործման հարցում հնարավոր կլինի հասնել դրական արդյունքի միայն ներքին ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու դեպքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: