ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի արտաքին քաղաքականությունը 2017թ-ին. անհրաժեշտ են նորարական մոտեցումներ

Jon Michael Anzalone

Օտարերկյա պատվիրակությունների շուրջ երկու տասնյակ այց Արցախ, Արցախի օրեր Ֆրանսիայում, միջազգային չափանիշներին համապատասխանող սահմանադրական հանրաքվե՝ շուրջ 104 միջազգային դիտորդների մասնակցությամբ, հաջողությամբ անցկացված միջազգային գիտաժողովներ` 2017 թվականին նույնպես Արցախը շարունակել է զարգացնել իր արտաքին քաղաքականությունը:

Ստորև փորձենք ամփոփել 2017 թվականին ԼՂՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրականացված քայլերը՝ դրանք դասակարգելով ըստ հետևյալ հիմնական ուղղությունների.

  • ԼՂՀ այցելած օտարերկյա պատվիրակություններ;
  • ԼՂՀ պաշտոնյաների այցեր արտերկիր և արտերկրում կազմակերպված միջոցառումներ;
  • ԼՂՀ անկախությունը ճանաչած քաղաքական միավորներ:

Մինչ ամփոփման հիմնական մասին անդրադառնալը, անհրաժեշտ է նկատել, որ 2017 թվակաինի Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին փոխարինեց Մասիս Մայիլյանը, ով ունի պետական աշխատանքի 25 տարվա փորձ:  1993 թվականից  նա ներգրավվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցող ԼՂՀ պատվիրակության կազմում։ Մինչ այդ` 1992 թվականից մինչև 1993 թվականը, նա հադիսացել է  ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի առաջատար, գլխավոր մասնագետ։ 1993 թվականին, երբ ստեղծվեց ԼՂՀ ԱԳՆ-ն, տեղափոխվել է նախարարություն, որտեղ տարբեր տարիների զբաղեցրել է միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչի, միջազգային կազմակերպությունների վարչության պետի, նախարարի խորհրդականի, քաղաքական վարչության պետի, իսկ 2001 թվականի հուլիսից՝ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնները։ Մասիս Մայիլյանն ունի դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան‌:

2017-ին Արցախ է այցելել շուրջ երկու տասնյակ պատվիրակություն: Պատվիրակությունների կազմում եղել են ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից (օրինակ՝ ԵՄ, Սոցիալիստ երիտասարդների միջազգային միություն), տարբեր երկրների խորհրդարաններից (օրինակ՝ Բելգիա, Պորտուգալիա, Միացյալ թագավորություն, Կանադա), կուսակցություններից (ինչպես օրինակ, կիպրական Համերաշխության շարժում քաղաքական կուսակցություն, Պորտուգալիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցութուն), տարբեր երկրների ինքնակառավարման մարմիններից (օրինակ՝ ԱՄՆ Կալիֆորնիա, Բասկերի երկիր): Քաղաքական գործիչներից զատ Արցախ են այցելել նաև տարբեր երկրների գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Կալիֆորնիայի Բերկլի համալսարանից, Թուրքիայից ժամանած մտավորականներ,  Երևանի պետական համալսարանի դասախոսներ, ուսանողներ և այլոք:  Քաղաքական գործիչների  հետ աշխատանքից զատ, գիտական ոլորտի ներկայացուցիչների հետ կապերի ակտիվացումը նույնպես կարևոր է, քանի որ հանդիսանում է արտաքին աշխարհի հետ երկխոսությունն ընդլայնելու  էական ճանապարհ:

Պատվիրակությունների հյուրընկալման թվով աչքի է ընկել փետրվար ամիսը, ինչը պայմանավորված է այդ ամսին Արցախում անցկացված սահմանդրական հանրաքվեով: Հանրաքվեին մասնակցել է շուրջ 104 միջազգային դիտորդ աշխարհի 30 երկրից (այդ թվում՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Պակիստանից, Գերմանիայից, Բոլիվիայից և այլն), 103 տեղական դիտորդ և ավելի քան 80 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:  Համեմատության համար հետաքրքրական է նշել, որ, օրինակ, 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի ունեցած ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեին մասնակցել է շուրջ 90 միջազգային դիտորդ և լրագրող աշխարհի 15 երկրից: Կարևոր է նաև փաստել, որ 2017 թվականին մասնակցած դիտորդներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել թե՛ քվեարկության ընթացքը և թե՛ ձայների հաշվարկման գործընթացը՝ ընդգծելով Արցախի պետական կառույցների կայացվածության մասին: Օրինակ, Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը նշել է. «Չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչված չլինելուն, ես կարծում եմ, որ արդեն կարող եմ վստահորեն անվանել այն Արցախի Հանրապետություն»:  Հիշենք, որ Արցախի Հանրապետության սահմանադրական հանրաքվեով, Արցախում իրականացված սահմանադրական փոփոխություններով, որոնցով Արցախն կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարեց նախագահական համակարգի:

2017 թվականի Արցախում անցկացվեց նաև «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» երկրորդ միջազգային երիտասարդական գիտաժողովը, որին մասնակցեցին հեղինակավոր գիտնականներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից և Արցախից։ Նախորդ գիտաժողովի համեմատ ավելացել են երկու երկիր` ԱՄՆ-ն և Ուկրաինան: Գիտաժողովին հայտ էին ներկայացրել 63 գիտնականներ, մասնագետներ ու վերլուծաբաններ:

    Օտարերկյա պատվիրակությունների Արցախ այցերին զուգահեռ տեղի են ունեցել նաև Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների այցեր արտերկիր, տարբեր երկրներում կազմակերպվել են Արցախին նվիրված միջոցառումներ: Օրինակ, նոյեմբեր ամսին Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի ազգային ժողովում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հանդիպումներ է անցկացրել Կալիֆորնիայի քաղաքական և գործարար շրջանակների հետ: Տարբեր երկրների գործարարների հետ կապերի ակտիվացումը նույնպես հանդիսանում է արտաքին աշխարհի հետ երկխոսելու և համագործակցելու արդյունավետ ճանապարհ:

    Արցախի նորանաշանակ արտգործնախարար Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել Բրյուսելում՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի կողմից կազմակերպված «ԵՄ-Արցախ համագործակցության հեռանկարները՝ որպես ներդրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում» թեմայով  կլոր սեղանի ժամանակ: Արցախի արտգործանախարարն իր ելույթում կարևորել է Արցախ-ԵՄ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանումը չպետք է պատանդ դառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությանը, իսկ Արցախի չճանաչված կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա Արցախի և ԵՄ միջև համագործակցության համար»։

    Արտերկրում Արցախին նվիրված միջոցառումների շարքում թերևս պետք է առանաձնացնել նոյեմբերին Ֆրանսիայում տեղի ունեցած «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը, որի շրջանակներում տեղի ունեցավ Ֆրանսիացի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» ցուցահանդեսը (ցուցահանդեսը ներառվել է Վալանս քաղաքի դպրոցական ծրագրում, ինչի շնորհիվ վալանսցի դպրոցականները հնարավորություն ունեն ծանոթանալու Արցախին), ցուցադրվեց «Արցախը 180 վայրկյանում» անիմացիոն ֆիլմը, տեղի ունեցավ ֆրանսիացի հայտնի գծանկարիչ Սիլվեն Սավոյայի «Ճանապարհորդություն Արցախ» գծանկարների տասնօրյա ցուցահանդեսը և Արցախին նվիրված այլ միջոցառումներ: Նպատակահարմար է հետագայում ևս ապահովել նման նախաձեռնությունների շարունակականությունը՝ ընդլայնելով երկրների թիվը: Արցախի օրեր կարելի է կազմակերպել Արցախի անկախությունը ճանաչած տարբեր քաղաքական միավորներում:  

    Արտերկրում Արցախի և Ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկատվության տարածման առումով հատկանշական էր նաև այն, որ Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) իր պաշտոնական կայքէջում հրատարակեց և տարածեց Արցախի Հանրապետության ԱԳՆ կողմից պատրաստված փաստաթուղթը, որը ներկայացնում է Արցախի մեկուսացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։

    2017 թվականի սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ճանաչեց Արցախի անկախությունը, այսպիսով դառնալով Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 8-րդ նահանգը։  Արցախը ճանաչելու մասին թիվ 99 բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգների Նախագահին և Կոնգրեսին ճանաչել ազատ և անկախ Արցախի Հանրապետությունը, տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի ժողովրդի հետ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։

    2017-ին բարեկամության հռչակագրեր ստորագրվեցին Արցախի Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո, ինչպես նաև Ֆրանսիայի Ալֆորվիլ և Արցախի Բերձոր քաղաքների միջև: Նշենք, որ ընդհանուր առմամբ, Արցախի քաղաքների և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բասկերի երկրի և Բրազիլիայի քաղաքների միջև ստորագրվել են  16  համագործակցության համաձայնագրեր, և մեկ համաձայնագիր` Արցախի և Ֆրանսիայի Դրոմի շրջանի միջև։

    Բացի այդ, 2017 թվականին Ավստրալիայի Կանաչների կուսակցությունն իր քաղաքականության պլատֆորմում ներառեց Արցախի հանրապետության բնակիչների ինքնորոշման իրավունքը:  Կուսակցությունը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա ժողովրդի հարաբերությունները:

    ***

    Ամփոփելով կարող ենք փաստել, որ 2017-ին նույնպես Արցախը շարունակել է վարել ակտիվ արտաքին քաղաքականություն: Այս փաստը, իհարկե, դրական է, սակայն ապագայում Արցախի արտաքին քաղաքականությունը կարող է դառնալ ավելի արդյունավետ և թիրախավորված, եթե այն ընդգրկի գործունեության նոր ուղղություններ և ունենա հստակ սահմանված հավակնոտ նպատակներ: Օրինակ, միջազգային կառույցների հետ աշխատանքում, ոչ միայն պետք է հասնել նրան, որ տարբեր պաշտոնյաների կողմից բարձրաձայնվեն Արցախի դիրքորոշումներն արտահայտող թեզեր, այլ, օրինակ, կարևոր է, որ Արցախը ներգրավի տարբեր կառույցների կողմից կազմակերպվող իրեն վերաբերվող քննարկումներում:

    Առանձին պատգամավորների հետ աշխատանքոմ նպատակահարմար է չսահմանափակվել միայն անձերի հետ ունեցած գործընկերային հարաբերություններով: Արցախի տարբեր կուսակցություններ կարող են ինստիտուցիոնալ գործընկերային կապեր հաստատել տարբեր երկրների քաղաքական կուսակցությունների հետ՝ թիրախավորելով հատկապես նրանց, որոնք ներկայացված են տարբեր միջազգային կառույցներում:

    Արցախը ճանաչած քաղաքական միավորների հետ աշխատանքում նպատակահարմար է շարժվել առաջ՝ նրանց հետ մշակելով համագործակցության երկարաժամկետ և կարճաժամկետ օրակարգեր: Արցախի պաշտոնյաները, փորձագետները, գիտնականները անհրաժեշտ է, որ  ավելի կանոնավոր դարձնեն միջազգային գիտահետազոտական ընկերությունների հետ իրենց աշխատանքը, միջազգային ԶԼՄ տարբեր հարթակներում պարբերաբար հանդես գալով Արցախի դիրքորոշումը ներկայացնող նյութերով (այս ուղղությամբ աշխատանքի վերջին հաջողված օրինակն էր Արցախի նորանշանակ արտգործնախարարի իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթին տված ծավալուն հարցազրույցը):

    Չճանաչվածությունից բխող խոչընդոտները միանշանակ  հնարավոր է հաղթահարել և վարել արդյունավետ արտաքին քաղաքականություն, եթե այս հարցում Արցախը դրսևորի նորարարական մոտեցումներ՝ զարգացնելով արտաքին աշխարհի հետ հարաբերությունները հնարավոր բոլոր մակարդակներում:

    այլ նյութեր այս թեմայով

    այլ նյութեր այս թեմայով


    Ամենաընթերցվածը

    օրվա

    շաբաթվա

    ամսվա

      Եղանակ
      Երևան

      Խոնավություն՝ %
      Քամի՝ կմ/ժ
      0 C°
       
         
      24.12.2024
         
      25.12.2024
      Հարցում

      Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: