ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպա. 2017թ. հիմնական զարգացումները

Europa EU

Եվրոպայի համար 2017թ.-ը լի էր իրադարձություններով՝ սկսած BrExit-ի շուրջ բանակցություններից մինչև ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքար: 2017թ.-ին մեկը մյուսին հաջորդելով՝ եվրոպական պետություններում տեղի ունեցան համընդհանուր ընտրություններ:

Նախորդ տարում Եվրոպայում տեղի ունեցած հիմնական զարգացումներին հակիրճ անդրադարձ կկատարենք ստորև:

2016թ.-ի աղմկահարույց հանրաքվեից հետո շարունակվեց Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը: 2017թ. մարտի 29-ին երկրի կառավարությունը կիրառեց ԵՄ պայմանագրի 50-րդ հոդվածը՝ պարտավորվելով լքել կառույցը 2 տարվա ընթացքում՝ մինչև 2019թ մարտի 29-ը:

BrExit-ի պաշտոնական բանակցությունները սկսվեցին 2017թ. հունիսի 19-ին Բրյուսելում: Վարչապետ Թերեզա Մեյի համար շատ կարևոր էր BrExit-ի համար հստակ ժամանակացույցի սահմանումն ու իրագործումը: Ողջ տարվա ընթացքում կողմերը քննարկում էին, թե BrExit-ի արդյունքում ինչպիսին կլինեն իրենց կորուստները: Կողմերից յուրաքանչյուրն սկսեց օրակարգում առաջին պլան մղել իրեն ամենից շատը հուզող խնդիրները: Առաջին փուլում կողմերն էական հաջողությունների չհասան:

Բանակցությունների երկրորդ փուլը սկսվեց հուլիսի կեսերին: Անչափ կարևոր էր համարվում Մեծ Բրիտանիա-ԵՄ հետագա հարաբերությունների շրջանակների սահմանումը, որի վերաբերյալ կողմերը բազմիցս արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Գնալով բանակցությունների օրակարգ էր մտնում Իռլանդիայի հետ սահմանի հարցը:

Օգոստոսի 28-ից մեկնարկեց բանակցությունների երրորդ փուլը, իսկ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու օրինագիծը շարունակում էր լսումներ անցնել բրիտական օրենսդիրում:

Սեպտեմբերի 25-ին բանակցությունները մտան չորրորդ փուլ, իսկ հոկտեմբերի 9-ին՝ հինգերորդ:

Միայն դեկտեմբերին կողմերը համաձայնության հասան այսպես կոչված «ամուսնալուծության համաձայնագրի» հարցում: Դաունինգ Սթրիթը հայտարարեց, որ «ամուսնալուծությունը» կարժենա £35-ից £39 մլրդ: Վերջին շրջանում բանակցությունների ամենամեծ խոչընդոտ հանդիսացող սահմանային հարցը ևս կարգավորվեց. Միացյալ Թագավորության և Իռլանդիայի միջև «կոշտ սահման» չի լինի: Մեկ այլ կարևոր հարցի վերաբերյալ, որն առնչվում էր ԵՄ քաղաքացիներին Բրիտանիայում և բրիտանացիներին ԵՄ-ում, հայտարարվեց, որ նրանց իրավունքները պաշտպանված կլինեն:

Այսպիսով, կողմերը հայտարարեցին, որ բանակցություններում հասել են էական առաջընթացի, և պատրաստ են 2018թ.-ից վերսկսել բանակցությունների երկրորդ էտապը: Արդեն իսկ սահմանված են կայանալիք որոշ իրադարձությունների ժամանակցույցեր, և ակնկալվում է, որ 2018 թ-ին BrExit-ի շուրջ բանակցությունները զգալի հաջողություններ կունենան:

Այս իրադարձությունների շրջանակներում էական դեր ունեցան նաև  Եվրամիության առանցքային երկրներում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում տեղի ունեցած ընտրությունները: Այս իրադարձությունները սերտորեն փոխկապակցված էին միմյանց հետ, և միասին պայմանավորեցին դեպքերի հետագա զարգացումը:

Մասնավորապես, Ֆրանսիայում մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում ստանալով ձայների 66%-ը՝ երկրում իշխանության եկավ եվրոպամետ Էմանուել Մակրոնը՝ պարտության մատնելով Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենին, ով առանցքային էր համարում երկրի ինքնիշխանության պաշտպանությունը, ինչպես նաև կողմ էր արտահայտվում եվրոյի գոտուց Ֆրանսիայի դուրս գալուն: Լը Պենը ողբերգական էր համարում Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը և ցանկանում էր արմատական փոփոխություններ իրականացնել: Նա, սակայն, համարում էր, որ իր դիրքորոշումը ծայրահեղ չէ, ինչպես պնդում էին ընդդիմախոսները, այլ այն ոսկե միջինն է, որ անհրաժեշտ է:

Ինչ վերաբերում է Մակրոնին, ապա նա, ըստ էության, շարունակում է նախորդ նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունը և հեղափոխական մոտեցումներ առաջ չի քաշել:

Ոչ պակաս կարևոր էին Գերմանիայում սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները: Չնայած երկրի բազմամյա կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը հաջողվեց կրկին հաղթել խորհրդարանական ընտրություններում, նրան երկար ժամանակ չէր հաջողվում կոալիցիոն կառավարություն ձևավորել: Մոտ մեկ ամիս բանակցելուց հետո Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դուրս եկավ բանակցություններից ՝ կանցլեր Անգելա Մերկելին թողնելով բարդ խնդրի առաջ: Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցն էլ բացառել էր Գերմանիայի երկու հզորագույն կուսակցությունների կոալիցիան, չնայած Մերկելն ինքն էլ չէր ցանկանում կոալիցիա կազմել նախագահ Շտայնմայերի ներկայացրած կուսակցության հետ:

Սակայն, կարծես թե, դեկտեմբեր ամսին հնարավոր դարձավ քաղաքական ճգնաժամը հաղթահարել. բազմաթիվ կոչերից հետո սոցիալ-դեմոկրատներն ու քրիստոնեա-դեմոկրատները նստեցին բանակցությունների սեղանի շուրջ:

Եվրոպայում տեղի ունեցող իրադարձություններից հանրության ուշադրությունը գրավեցին նաև Ավստրիայում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որում Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը՝  արտգործնախարար Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, վստահ հաղթանակ տարավ: Կուրցի  կուսակցությունը դեմ էր հանդես գալիս Բրյուսելի, Փարիզի, Բեռլինի քաղաքականությանը ներգաղթյալների, նաև հակառուսական պատժամիջոցների հարցերում: Այսպիսով, Սեբաստիան Կուրցը դարձավ աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդը:

Ի տարբերություն Գերմանիայի՝ Ավստրիայում հաջողեցին կոալիցիա կազմելու գործում. արդեն դեկտեմբերին Վիեննայում տեղի ունեցավ նոր պահպանողական-աջ կոալիցիոն կառավարության երդմնակալության արարողությունը:

Եվրոպայում 2017թ.-ի ամփոփումը ավարտենք ոչ պակաս աղմկահարույց իրադարձության՝ հոկտեմբերի 1-ին Իսպանիայի ամենաանհաշտ ինքնավարությունում՝ Կատալոնիայում տեղի ունեցած անկախության հանրաքվեի մեկնաբանմամբ: Չնայած Մադրիդի ճնշումների և քվեարկության ընթացքը խափանելու փորձերին՝ կատալոնացիները քվեարկեցին Իսպանիայից անկախանալու օգտին: Հանրաքվեի նկատմամբ տարբեր գնահատականներ հնչեցին ինչպես Մադրիդից, այնպես էլ ԵՄ-ից և մի շարք պետություններից:

Չհաշտվելով ստեղծված իրավիճակի հետ՝ Իսպանիայի կառավարությունը գործարկեց Սահմանադրության 155-րդ հոդվածը՝ սահմանափակելով Կատալոնիայի ինքնակառավարումը՝ երկրամասի վրա ուղղակի վերահսկողություն իրականացնելով Մադրիդից: Այդ որոշումից հետո Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հեռացավ Բելգիա, իսկ երկրամասում գումարվեցին արտահերթ ընտրություններ:

Դեկտեմբերի 21-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում անկախացման օգտին հանդես եկեղ կուսակցությունները խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստացան՝ 70 մանդատ 135-ից:

2018 թ.-ին, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն Մադրիդ-Բարսելոնա հակասությունները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.10.2024
       
    15.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: