ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր փուլ ՌԴ-ԱՄՆ «պատժամիջոցների պատերազմ»-ում

Փետրվարի 27-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարեց, որ Թրամփի վարչակարգը 30 օրվա ընթացքում Ռուսաստանի դեմ կսահմանի նոր պատժամիջոցներ: ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների «անհրաժեշտությունն» առաջացել է դեռևս նախորդ տարվա ամռանից, երբ ԱՄՆ կոնգրեսը գրեթե միաձայն ընդունեց օրենք, որը պահանջում էր նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին միջամտելու, ինչպես նաև Ուկրաինայի հարցում ՌԴ գործողությունների համար:        

Օրենքը սահմանում է, որ ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի այն երկրների կառավարությունների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանի հետ կհամագործակցեն  ռազմական կամ հետախուզական ոլորտներում:  Բացի այդ, օրենքով սահմանվում է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է հրապարակի անձանց ցուցակ՝ այսպես կոչված "Kremlin list", որում տեղ կգտնեն այն ազդեցիկ անձանց անունները, ովքեր կապ ունեն Կրեմլի հետ: Ցուցակը հրապարակվել է այս տարվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից:

Թեպետ օրենքն ուժի մեջ է մտել դեռևս տարեսկզբին, Թրամփի վարչակարգը մինչև վերջերս չէր շտապում ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, ինչն էլ Թրամփի դեմ բողոքի նոր ալիքի պատճառ էր դարձել: Թրամփին մեղադրում են, որ նա ՌԴ հանդեպ շարունակում է մեղմ քաղաքականություն վարել: Իր հերթին, Թրամփի թիմը պնդում էր, որ օրենքի ուժի մեջ մտնելն ինքնին արդեն զսպիչ գործոն է հանդիսանում նրանց համար, ովքեր Ռուսաստանի հետ ցանկանում են մեծ գործարքի մեջ մտնել և նոր պատժամիջոցների կարիք չի զգացվում:

Համաձայն ԱՄՆ պետդեպարտամենտի աղբյուրների՝ միայն ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների սպառնալիքն արդեն իսկ Մոսկվային արժեցել է 3 միլիարդ դոլարին համարժեք կորուստ պաշտպանության ոլորտում: Ըստ նույն աղբյուրի՝ մի շարք «մեծ երկրներ» արդեն իսկ վերանայել են պաշտպանության ոլորտում Ռուսաստանից իրականացվող իրենց գնումները, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրատարակել է ռուսական հետախուզական և ռազմական ընկերությունների ցանկը, որոնք կարող են հայտնվել ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների թիրախում: Նշենք, որ այսպես կոչված «մեծ երկրների» շարքում, առավել հաճախ շրջանառվում է Թուրքիայի անունը, քանի որ վերջինս ՌԴ-ի հետ ունի համաձայնություն S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու շուրջ:  

Ամփոփելով կարող ենք փաստել, որ չնայած Թրամփի թիմի այս հարցում ունեցած ոչ միանշանակ դիրքորոշմանը, դատելով ԱՄՆ պաշտոնական հայտարարություններից՝ մոտ ապագայում ՌԴ դեմ նոր պատժամիջոցների հավանականությունը բավական բարձր է: Ավելին՝ հաշվի առնելով, որ այդ շրջանում ՌԴ ընտրական գործընթացն ավարտված, իսկ հիմնական ֆավորիտը՝ գործող նախագահ Վ. Պուտինը, վերընտրված կլինի, բավական մեծ է հավանականությունը, որ վերջինս ևս դիմի կոշտ քայլերի՝ ի պատասխան ամերիկյան նոր պատժամիջոցների, ինչն առավել կմեծացնի լարվածությունը: Հաշվի առնելով այս «պատժամիջոցների պատերազմի» հնարավոր անուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա, անհրաժեշտ է առավել ակտիվացնել աշխատանքները հնարավոր մարտահրավերների կանխարգելման և նվազեցման ուղղությամբ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: