ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Հանրապետության վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Լիբանան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն, որտեղ նույն օրը մասնակցել է «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության տարեկան ժողովին, հայտնում են Արցախի կառավարության պաշտոնական կայքից:

Պետական նախարարը Բեյրութի Հայ բարեգործական ընդհանուր միության «Դեմիրճյան» կենտրոնում կայացած ժողովում ունեցած ելույթով ողջունել է ընկերության տնօրենների խորհրդի անդամներին ու բաժնետերերին և նշել, որ անցած ինը տարիների ընթացքում ԱՐԻ-ի ծրագրերը մեծապես նպաստել են Արցախի տնտեսության զարգացմանը: Ա. Հարությունյանի խոսքով՝ հայրենիքի շենացման ու զարգացման համար շատ կարևոր է ներդրումների ապահովումը, և, այդ առումով, ԱՐԻ-ի գործունեությունն օրինակելի է:

«Համոզված եմ, որ տարիների ընթացքում ընկերության բաժնետերերի թիվը կավելանա, և հաջողված ծրագրերի քանակն ու ծավալները կընդլայնվեն: Այդ են վկայում ոչ միայն կատարված աշխատանքների արդյունքները, այլև՝ տարեցտարի նոր բաժնետերերի ներգրավումը ծրագրերում, ինչի համար ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԱՐԻ-ի բոլոր բաժնետերերին»,- ասել է Ա. Հարությունյանը:

ԱՀ պետնախարարն իր խոսքում անդրադարձել է նաև վերջին տարիներին Արցախում արձանագրված տնտեսական հաջողություններին: Նա նշել է, որ անցած տարին ամփոփվել է 15.6 տոկոս տնտեսական աճով, որը նորանկախ Արցախի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Այս հարցում Ա. Հարությունյանը կարևորել է նաև ԱՐԻ-ի ունեցած ներդրումը և հույս է հայտնել, որ հետայսու ևս այն իր ծանրակշիռ մասնակցությունն է ունենալու Արցախի տնտեսության զարգացման և բնակչության կյանքի որակի բարելավման գործում:

Այնուհետև ժողովի մասնակիցներն ամփոփել են Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի բնակարանաշինության առաջին փուլի արդյունքները: Նշվել է, որ համայնքի «Արիավան» թաղամասում նախատեսված 150 առանձնատներից 50-ն արդեն շահագործման է հանձնվել: Երկրորդ փուլի համար ԱՐԻ ընկերության տնօրենների խորհրդի կողմից նախապես կայացրած հինգ առանձնատների կառուցման որոշումը փոխվել է, երբ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի կառավարությունն իր բաժին մասնակցությունն է ունենալու դրանց կառուցմանը: Արդյունքում, նոր որոշում է ընդունվել կառուցել 20 առանձնատուն, և ժողովի ավարտին ծրագիրն իրենց ստորագրությամբ վավերացրել են պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱՐԻ ընկերության նախագահ Սուրեն Սարգսյանը և «Արցախ ֆոնդ» կազմակերպության ատենապետ Մելքոն Հակոբյանը:


ԱՐԻ ընկերության տարեկան ժողովին մասնակցում էր նաև Մերձավոր Արեւելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը:

Նշենք, որ ԱՀ պետական նախարար Ա. Հարությունյանը մարտի 13-ին Բեյրութից աշխատանքային այցով մեկնել է Ավստրալիա:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: