ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դուք մեզ կարող եք տեսնել որպես ձեր դեսպան Եվրամիությունում. ՀՀ ԱԺ և Լեհաստանի Սենատի ու ԵՄ-ի հարցերի հանձնաժողովի համատեղ նիստ

Մարտի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի և Մարեկ Ռոցկիի համանախագահությամբ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից ողջունելով լեհական պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը վստահեցրել է, որ համատեղ նիստի նպատակն է առավել զարգացնել և ամրապնդել երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա կապերը: Նշելով, որ ինչպես Լեհաստանը, այնպես էլ Հայաստանը մշտապես պայքարել է անկախ պետականություն ունենալու համար՝ նա փաստել է, որ մեր երկիրը, պատմականորեն և աշխարհագրորեն լինելով բարդ տարածաշրջանում, շատ լավ գիտի անկախության գինը: Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական օրակարգին՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ այն բազմազան է և հագեցած:

Իր խոսքում Մարեկ Ռոցկին կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումն ու նման քննարկումների անցկացումը տարբեր մակարդակներում: Բանախոսը ևս կարևորել է անկախություն կերտելու ժողովուրդների ձգտումը՝ նշելով, որ լեհ ժողովուրդը նույնպես գիտի անկախության արժեքը: Մարեկ Ռոցկին խոսել է նաև լեհահայ համայնքի մասին՝ նշելով, որ ավելի քան 600 տարի առաջ հայերը հանգրվանել են Լեհաստանում և մեծ դեր ունեն իրենց երկրի կյանքում:

«Հայաստան-Եվրոպական միություն. Համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել Արմեն Աշոտյանը և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վալդեմար Սլուգոցկին:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նոր սկիզբ է դրվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է համաձայնագրի հիմնական ուղղությունները:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումը բարձր է գնահատվել նաև եվրոպական քաղաքական շրջանակների կողմից, քանի որ Հայաստանն առաջին երկիրն է, որն անդամակցում է ԵԱՏՄ-ին և համագործակցության նման ծրագիր ունի ԵՄ-ի հետ: «Սա դիտվում է հաջողության պատմություն թե՛ Եվրոպական միության, թե՛ Հայաստանի համար: Մեր երկրի արտաքին քաղաքականությունը չի կառուցվում շահերի հակադրության վրա: Առաջնորդվելով ազգային ու պետական շահերով՝ մեր երկիրը հարաբերություններ է կառուցում համաշխարհային հիմնական դերակատարների հետ»,-ասել է Արմեն Աշոտյանը:

Բանախոսը հույս է հայտնել, որ Լեհաստանի խորհրդարանը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացնի հնարավորինս սեղմ ժամկետում: Մարեկ Ռոցկին իր հերթին վստահեցրել է, որ Լեհաստանի խորհրդարանում համաձայնագիրը կվավերացվի սահմանված կարգով:

Վալդեմար Սլուգոցկու խոսքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ հարաբերություններ կերտելու առաջին և կարևոր քայլերից է: Նա նշել է, որ Լեհաստանը՝ որպես Արևելյան գործընկերության հիմնադիր երկրներից մեկը, շահագրգիռ է Գործընկերության անդամ երկրների՝ ԵՄ-ին անդամակցելու փուլերի սահուն անցմամբ: Նա հույս է հայտնել, որ հայ-լեհական զարգացող կապերն իրենց հերթին կնպաստեն ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրմանը և ընդգծել, որ Լեհաստանը պատրաստ է աջակցելու:

Օրակարգի հաջորդ՝ «Տարածաշրջանային անվտանգության հիմնահարցեր. համագործակցություն և կայունություն Հարավային Կովկասում» թեմայի շրջանակում իրենց դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Յարոսլավ Օբրեմսկին:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ տարածաշրջանային անվտանգության նորօրյա մարտահրավերները պայմանավորված են այն հանգամանքով, որ աշխարհաքաղաքական վերադասավորումների հետևանքով անվտանգության ու կայունության նոր սպառնալիքներ են առաջացել:

Պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի ռազմականացման գործընթացին՝ փաստելով, որ Ադրբեջանն սկսեց և բացահայտ կերպով շարունակեց խախտել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, 2011թ. Վիեննայի փաստաթուղթը, որով ստուգվում է ստանձնած պարտավորությունների կատարումը, ԵԱՀԿ անվտանգության ռազմաքաղաքական վարքի կանոնակարգը, ռազմական տեղեկատվության համընդհանուր փոխանակման մասին փաստաթուղթը և այլն, ինչը ԵԱՀԿ առաքելության համար ունի հիմնարար նշանակություն:

«Առավելապաշտական և ծավալապաշտական իր ռազմավարությամբ Թուրքիա-Ադրբեջան տանդեմն ի չիք է դարձնում խաղաղ բանակցությունների միջոցով առկա հակամարտությունը կարգավորելու հեռանկարը, վարում է տարածաշրջանը բաժանարար գծերով տրոհելու և հատկապես Հայաստանի դեմ ռազմաքաղաքական դաշինքներ ձևավորելու պառակտիչ քաղաքականություն: Ադրբեջանում պետք է վերջապես հասկանան, որ ցանկությունը վերադարձնել Արցախն Ադրբեջանի կազմում, նույնն է, որ ձգտես վերականգնել ԽՍՀՄ-ը կամ վերակենդանացնել Ստալինին»,- արձանագրել է բանախոսը:

Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ Էրդողան-Ալիև թուրք-ադրբեջանական տանդեմը, առաջնորդվելով նեոօսմանիզմի ռազմավարությամբ, այսօր հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամենագլխավոր սպառնալիքն է:

Յարոսլավ Օբրեմսկին տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերին անդրադարձել է աշխարհաքաղաքական վերափոխումների համատեքստում, խոսել այս հարցում տարածաշրջանի երկրների ունեցած դերի ու նշանակության, համաշխարհային ուժային կենտրոնների վարած քաղաքականության մասին:

«Հայ-լեհական հարաբերություններ» թեմայի շրջանակում ելույթ են ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի փոխնախագահներ Յան Դոբրժինսկին և Ռիչարդ Մայերն ու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Յան Դոբրժինսկին և Շիրակ Թորոսյանն անդրադարձել են երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաջող ընթացքին, երկկողմ կապերի զարգացման միտումներին, լեհահայ համայնքի գործունեությանը, խոսել փոխայցերի կարևորության մասին: Ընդգծվել է, որ երկու պետությունների միջև համագործակցությունն արդյունավետ է ընթանում և կարևորվել տարբեր ոլորտներում կապերի առավել խորացումը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ պատգամավորն այս հարցում կարևորել է Լեհաստանի հավասարակշռված և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության սկզբունքներին համահունչ դիրքորոշումը:

«Դուք մեզ կարող եք տեսնել որպես ձեր դեսպան Եվրամիությունում»,- ընդգծել է Ռիչարդ Մայերը:

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են հանձնաժողովների միջև համագործակցության խթանմանը, տարբեր ոլորտներում կապերի ակտիվացմանը, լեհահայ համայնքի գործունեությանը, ռազմատեխնիկական համագործակցությանը և երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցերի:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ու Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին ստորագրել են համատեղ հայտարարություն:

Նիստի արդյունքներն ամփոփվել են Արմեն Աշոտյանի և Մարեկ Ռոցկիի համատեղ մամուլի ասուլիսում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: