ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրասիական փորձագիտական ակումբ. Հայաստանը պետք է սկսի էլեկտրաէներգիա արտահանել ԵԱՏՄ

Ապրիլի 25-ին Երևանում «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, Երևանի պետական ​​համալսարանի ու Եվրասիական փորձագիտական ​​ակումբի նախաձեռնությամբ անցկացվել է կլոր սեղան՝ «Եվրասիական տնտեսական միություն. գործունեության առաջին երեք տարիների արդյունքները և տեսանելի հեռանկարները» թեմայով:

Կլոր սեղանին մասնակցել են Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ, դասախոսներ և ուսանողներ Երևանի պետական ​​համալսարանից, ինչպես նաև Ղազախստանի և Բելառուսի դեսպանատների, Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայացուցիչներ:

Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն գործընթացների աշխարհաքաղաքական, գաղափարախոսական, քաղաքակրթական և տնտեսական առանձնահատկությունները:

«Նորավանք» հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանն իր զեկույցում անդրադարձել է եվրասիականության հայեցակարգային հիմքերին, միևնույն ժամանակ՝ հատուկ ուշադրություն հրավիրելով Արևմուտքի ֆրագմենտացման միտմանը՝ հատկապես անգլո-սաքսոնական ուղղության և մայրցամաքային Եվրոպայի միջև ջրբաժանի խորացմանը:

«Մինչև վերջերս Արևմուտքը կապված էր ինչ-որ միասնական գաղափարական, քաղաքական և տնտեսական համակարգով, որի հիմքն ԱՄՆ-ը և ԵՄ-ն էին, սակայն, երկու շրջադարձային իրադարձություն՝ Մեծ Բրիտանիայի հեռանալը Եվրամիությունից  և ԱՄՆ ընտրություններին Դոնալդ Թրամփի նախագահ դառնալը, նշանակալիորեն փոխեցին այս ընկալումը», - ասել է Հարությունյանը` հավելելով, որ չնայած քաղաքական խնդիրներին, Արևմուտքը շարունակում է մնալ մրցունակ, հատկապես գիտական ​​և տեխնոլոգիական ոլորտներով: Եվ եվրասիական տարածքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել գիտական ​​և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:

Քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դոցենտ Գրիգոր Բալասանյանն անդրադարձել  է եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների քաղաքակրթական առանձնահատկություններին: Նա ընդգծել է, որ եվրասիական ինտեգրման հայեցակարգը տարբեր կերպ է ընկալվում: «Առաջին դեպքում մենք խոսում ենք վերակառուցման, ամրապնդման և զարգացման, տնտեսական կապերի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ցանցային տարածաշրջանային ծրագրերի համատեղ իրականացման մասին: Իսկ երկրորդը՝ հավաքական անվտանգության ապահովումն է հետխորհրդային տարածքում և հնարավոր ներքին հակամարտությունների կանխարգելումը», - ասել է Բալասանյանը: Ըստ նրա, ինտեգրման ներկայիս միտումը կայանում է նրանում, որ քաղաքակրթությունների տնտեսական ցուցանիշը դառնում է սեփական տարածքում միասնական արժույթ ձևավորելու ունակությունը: «Հետևաբար, Եվրասիական քաղաքակրթության սահմանները պետք է շուտով համընկնեն եվրասիական արժույթի սահմաններին, որը, տվյալ դեպքում, ընդհանուր կլինի ԵԱՏՄ երկրների համար», - ասել է Բալասանյանը:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն անդրադարձել է ԵԱՏՄ զարգացման գործընթացների տնտեսական ասպեկտին, այն հնարավորություններին, որոնք ստացել է Հայաստանը՝ անդամակցելով միությանը: Թավադյանը նշել է, որ ԵԱՏՄ-բ  զգալի աճի հնարավորություններ է ստեղծում Հայաստանի տնտեսական ներուժի համար: «Անհրաժեշտ է ճշգրտումներ մտցնել ՀՀ տնտեսական քաղաքականության գերակայությունների մեջ՝ հաշվի առնելով ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս օգտվել առկա հնարավորություններից: Կարևոր է հստակ սահմանել և համաձայնեցնել նպատակները, շտկել Հայաստանի տնտեսության զարգացման մոդելը», - ասել է նա՝ հավելելով, որ երկրի մրցունակության աճին նպաստել է  ԵԱՏՄ-ի հետ մաքսային տուրքերի չեղարկման և ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագրի ստորագրումը, ռուսական ռուբլու կայունացումը, գազի գնի իջեցումը և դրա հետ կապված գազի գնի իջեցումը ջերմոցային տնտեսությունների, վերատադրող ընկերությունների համար: Որպես առաջնային նպատակ, նա նշել է արտահանման դիվերսիֆիկացիայի ապահովումը

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի  ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանն, իր հերթին, անդրադարձել է Հայաստանի հնարավորություններին ԵԱՏՄ-ում՝ էներգետիկ շուկայի տեսանկյունից: «Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության տնտեսական ազդեցությունը հատկապես նկատելի է երկրի՝ դեպի միության այլ անդամ պետություններ արտահանման աճի առումով: 2016-2017 թվականներին ամենամյա արտահանման աճը ԵԱՏՄ կազմել է մոտավորապես 25%, ինչը վկայում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, սակայն Հայաստանը պետք է սկսի նաև էլեկտրաէներգիա արտահանել», - ասել է նա: Մանվելյանը նշել է նաև, որ  միասնական էլեկտրաէներգիայի շուկա ստեղծելով՝ ԵԱՏՄ-ն նոր հնարավորություններ է ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման, ինչպես նաև նոր ներդրումներ գրավելու համար, և այդ հեռանկարը հանգեցնում է էներգետիկ ոլորտում երկրի մրցունակության աճին: Այս համատեքստում նա ընդգծել է էլեկտրաէներգիայի առևտրի կենտրոնացված պլատֆորմների ստեղծման առանձնահատուկ կարևորությունը:

Կլոր սեղանի մասնակիցներն անդրադարձել են նաև եվրասիական տարածքի երկրների փոխգործակցության այլ առանձնահատկություններին: Կլոր սեղանի մոդերատոր, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը նշել է, որ միջոցառման համար զեկույցները մշակվել են մեկ ամսվա ընթացքում, մանրակրկիտ հետազոտության արդյունք են և հայ փորձագետների յուրահատուկ ներդրումն են ԵԱՏՄ զարգացման և կայացման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: