ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թբիլիսիում բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Թբիլիսիի երիտասարդության տանը բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակը: Այնուհետև, Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում ներկա են գտնվել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև երկու երկրների կառավարությունների անդամները, խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ: 

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին իրապես ներծծված է մեր ժողովուրդների համատեղ պատմության էներգիայով: Մեր ժողովուրդներն արմատներով են կապված միմյանց, և այդ արմատներն այնքան ամուր են, որ մենք այսօր պարտավորություն ունենք պատմության առաջ կերտել մեր համատեղ հզոր, երջանիկ և ազատ ապագան: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմությունն իրապես ոգու հաղթանակի պատմություն է, որովհետև քաղաքական գործունեության մեջ, ընդհանրապես կյանքում ամեն օր մենք բախվում ենք հետևյալ խնդրի առաջ. կա ուղղություն մտածողության, որ փորձում է ամեն ինչ հաշվել, կշռել, կշռադատել, դնել կշեռքի տարբեր նժարներին, ծանր ու թեթև անել, և կա մտածողության մի մոդել, որն ավելի շատ ոչ թե հաշվում է, այլ զգում: Մեր պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, մարդկության պատմությունը ցույց է տվել, որ, այնուամենայնիվ, ոգին ավելի ծանրակշիռ է քան նյութը, սերն ավելի ծանրակշիռ է քան հաշվարկը, անկեղծությունն ավելի ծանրակշիռ է քան ճարպկությունը: Եվ սա է մեր ժողովուրդների ապրելու առաջնային բանաձևը, որովհետև մենք կարողացել ենք հաղթել այնտեղ, որտեղ թվում է, թե չունենք ոչ մի հնարավորություն և մենք, ցավոք սրտի, հաճախ կարողացել ենք պարտվել այնտեղ, որտեղ թվում է, թե չունեինք պարտվելու ոչ մի հնարավորություն: Մեր Առաջին Հանրապետությունը, կարծում եմ, առաջին հերթին իսկապես ոգու հաղթանակ է, և այդ հաղթանակի ոգին է, որ մեզ կարողացել է հազարամյակներ շարունակ ապրեցնել աղետների, ցեղասպանությունների, պատերազմների հորձանուտում:

Եվ մեր այսօրվա Հայաստանն առաջին հերթին ոգու, սիրո, համերաշխության և գաղափարի պետություն է, այդպիսին է այսօր և այդպիսին պետք է շարունակի մնալ ընդմիշտ, որովհետև նյութականը կարելի է ջարդել, կոտրել, ոչնչացնել, իսկ այն, ինչ կապված է ոգու հետ, մտքի հետ, անջարդելի է, անկոտրելի է, անհաղթահարելի է: Եվ ես ուզում եմ, որ այս ոգին, այս ոգեղենը, այլ ոչ թե մերկանտիլ հաշվարկը լինի հայ-վրացական հարաբերություններում: Եվ մենք հենց այդ ոգու և ոգեղենի վրա պետք է կառուցենք մեր հարաբերությունները մեր հարևան և եղբայրական երկրի հետ: Մեր համատեղ ոգեղենը պետք է հաղթի և մեր ժողովուրդներն իրենց համատեղ հարևանության մեջ պետք է նորանոր հաղթանակներ կերտեն և պետք է կերտեն համատեղ երջանկություն խաղաղ, ազատ և երջանիկ այս տարածաշրջանում: Եվ այս տարածաշրջանը պետք է դառնա այդպիսին: 

Շնորհավորում եմ մեզ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Շնորհավորում եմ եղբայրական վրաց ժողովրդին և կառավարությանն անկախության, պետականության վերականգնման 100-ամյակի կապակցությամբ: Շնորհավորում եմ բոլորիս, որ մենք դարավոր հորձանուտների միջով անցնելով հասել ենք ի վերջո այստեղ: Եվ ինչպես ասում են, հիմա արդեն մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, և մենք բաց չենք թողի մեր ճակատագիրը մեր ձեռքերից, մենք բաց չենք թողնի այս հնարավորությունը մեր ձեռքերից, որովհետև մենք հաղթել ենք, մենք հաղթում ենք և մենք հաղթելու ենք ապագայում: Եվ ուրեմն՝
Կեցցե՛ ազատությունը,
Կեցցե՛ հայ-վրացական բարեկամությունը,
Կեցցե՛ Վրաստան պետությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ հայրենիքում»:

Իր հերթին, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանարապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ, նշել է.«Խորհրդանշական է, որ 100 տարի առաջ Վրաստանը և Հայաստանը զուգահեռաբար հռչակեցին անկախություն: Այսօր Թբիլիսիում հուշատախտակի բացումը խորhրդանշում է այն ակունքները, որտեղից գալիս ենք: Հայ ժողովուրդը ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ հայտնում է վստահություն, ինչի համար ոտքի կանգնեց: Միջազգային հանրությունը, հետևելով հայաստանյան իրադարձություններին, ողջունեց հայ ժողովրդի ցուցաբերած իմաստնությունը և ներքաղաքական հարցերը խաղաղ կարգավորելու կարողությունը: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Հայաստանի հետագա զարգացման կայուն հիմք կդառնան: Հայաստանի զարգացումը և կայունությունը խիստ կարևոր է մեր երկրի համար ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում: Կարծոuմ եմ, որ այս այցը մեր երկու երկրների միջև գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների վառ ապացույց է: Մեկ անգամ ևս ցանկանում եմ հավաստիացնել, որ Վրաստանի կառավարությունը, անձամբ ես պատրաստ ենք արգասաբեր համագործակցության: Հայաստանի վարչապետն այսօր այցելեց Թբիլիսիի հայկական եկեղեցի, պանթեոն, վաղը կլինի Հովհաննես Թումանյանի տուն գիտական մշակութային կենտրոնում: Անգնահատելի է Հովհաննես Թումանյանի վաստակը հայ-վրացական բարեկամության հարցում: Ինչպես նշում էր Թումանյանը՝ հայ և վրաց ժողովուրդները պատմականորեն կապված են միմյանց հետ: Համարձակ կարելի է ասել, որ Թումանյանի անցած կյանքի ուղին հայ-վրացական բարեկամության խորհրդանիշն է: 

Գրականության և արվեստի մեջ դրսևորված բարեկամությունը առանձնացնում է մեզ համաշխարհային մշակույթի քարտեզում: Իհարկե, երկկողմ հարաբերությունները միայն դարավոր անցյալի վրա չեն հիմնվում, մենք կարողացանք անցած 25 տարիների ընթացքում կառուցել վստահության վրա հիմնված միջպետական հարաբերություններ: Այս տարիների ընթացքում մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդվել են տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում: Մենք մտադիր չենք կանգ առնել ձեռքբերումների վրա: Հայաստանի վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի մեր հարաբերությունների զարգացմանը՝ ի բարoրություն մեր երկրների և ժողովուրդների»:

Այնուհետև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և տիկին Մայա Ցինաձեի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: