ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում Հայոց ցեղասպանության կողմնակիցները փաստացի ապացույց են ստացել Ստամբուլի դատախազությունից

hayastannews.com

Այսուհետ «Մարդու իրավունքների հարցերով միություն» կազմակերպության ակտիվիստները յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին ձերբակալությունների նոր փորձերի դեպքում ոստիկաններին ցույց են տալու Ստամբուլի դատախազության որոշումը: «Ակոս» պարբերականի հաղորդմամբ` Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել դադարեցնել թուրք ակտիվիստների նկատմամբ հետապնդումները, ովքեր ապրիլի 24-ին քաղաքի Սուլթանահմեդի հրապարակում «Հայոց ցեղասպանություն» գրառմամբ պաստառներ են բարձրացրել: Ստամբուլի հանրապետական դատախազությունը վճռել է, որ չկան հիմքեր նրանց նկատմամբ հետապնդում իրականացնելու համար:

Ուշագրավ է, որ դատախազությունը որոշման մեջ հղում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներին՝ ընդգծելով, որ խոսքի ազատության սահմանման մեջ են մտնում նաև այն արտահայտությունները, որոնք պետության կամ բնակչության մի հատվածի համար ոչ ցանկալի են համարվում: Վճռի մեջ նշվել է նաև, որ ակտիվիստները «մտադրություն չեն ունեցել  հրապարակայնորեն ծաղրի ենթարկել թուրք ժողովրդին»: Որոշումը ենթադրում է, որ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հանցանք չէ:

Այս տարի լրացավ Հայոց ցեղասխանության 103-րդ տարելիցը: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս հայկական սփյուռքի ներկայացուցիչներն աշխարհի տարբեր երկրներում Թուրքիայի դեսպանությունների և հյուպատոսությունների մոտ կազմակերպել էին բողոքի ակցիաներ: Ցույցեր անց են կացվել նաև Թուրքիայում: Թեև, ինչպես տեսնում ենք, այս տարի Թուրքիայի դատախազությունը որոշել է չդատապարտել ակտիվիստների նման քայլը: Նախկինում ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության հնչած արտահայտությունները և իրականացված գործողությունները դատապարտվում էին Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածով:

Նշենք, որ Հոդված 301-ը պատիժ է նախատեսում Թուրքիայի նախագահին, թուրք ժողովրդին կամ թուրքական ինքնությանը վիրավորելու համար: Իրականում այս մեկնաբանության տակ թաքնված է ճնշում գործադրելու մեխանիզմ այն անձանց վրա, ովքեր հանդիսանում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդներ կամ Թուրքիայում բնակվող անձինք, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը՝ չնայած երկրի որդեգրած ժխտողական քաղաքականությանը:

Նախքան Թուրքիայում 2016 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը քաղբանտարկյալների մեծ մասը բանտարկվում էր հենց 301 հոդվածով:

Ավելի վաղ Թուրքիայի Արդարադատության նախարարությունը տվյալ հոդվածով քրեական գործ էր հարուցել նաև ընդդեմ Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի: Դեռևս նախորդ տարի մայիսին Գիրեսունի համալսարանի ռեկտոր Այգուն Աթթարին դիմել էր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Փայլանի դեմ՝ կապված վերջինիս այն հայտարարությունների հետ, որ Թուրքիայում հայերի դեմ Ցեղասպանություն է իրականացվել:   

Անկարայի դատախազությունը վճռեց, որ Փայլանի հայտարարությունները պատժելի են 301 հոդվածով, իսկ քանի որ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է Արդարադատության նախարարության թույլտրվությունը, դիմել էր վերջինիս: Ստանալով թույլտվություն՝ այժմ դատախազությունը դիմել է Թուրքիայի խորհրդարան՝ Փայլանին պատգամավորական մանդատից զրկելու համար:

Հիշեցնենք, որ ծագումով հայ լրագրող Հրանտ Դինքին ևս մեղադրանք էր ներկայացվել 301 հոդվածով, որից հետո նրան սպանեցին:

Հայտնի է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանության փաստը ճանաչվել է մի շարք պետությունների կողմից: 1965 թվականին առաջինը դա կատարեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ռուսաստանը (1995թ.), Ֆրանսիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Նիդերլանդները (2004թ.), Բելգիան (1998թ.), Լեհաստանը (2005թ.), Լիտվան (2005թ.), Սլովակիան (2004թ.), Շվեդիան (2010թ.), Շվեյցարիան (2003թ.), Հունաստանը (1999թ.), Կիպրոսը (1975թ.), Լիբանանը (1997թ.), Կանադան (1996թ.), Վենեսուելան (2005թ.), Արգենտինան (2004թ.), Չիլին (2007թ.), Վատիկանը (2000թ.), Բոլիվիան (2014թ.), Ավստրիան (2015թ.), Լյուքսեմբուրգը (2015թ.), Բրազիլիան (2015թ.): Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպական խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: ԱՄՆ 50 նահանգներից 48-ը պաշտոնապես ճանաչել և քննադատել են Հայոց ցեղասպանությունը: Եվրոպական որոշ երկրների խորհրդարաններ ընդունել են օրենք, որը քրեական պատասխանատվություն են ենթադրում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար: Չնայած այս ամենին՝ Թուրքիան շարունակում է ժխտել 1915 թվականին հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: