ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրացական զարգացումներ. վարչապետի փոփոխության պատճառներն ու հեռանկարները

Հունիսի 13-ին Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից՝ բացատրելով իր քայլն իշխող կուսակցության հետ ունեցած տարաձայնություններով: Ըստ որոշ աղբյուրների՝ Բիձինա Իվանիշվիլին, ով նորից վերադարձել է քաղաքականություն և մայիսից ղեկավարում է իշխող “Վրացական երազանք” կուսակցությունը, լուրջ դժգոհություններ ուներ Կվիրիկաշվիլիի կառավարությունից: Կառավարության գործունեության արդյունքում “Վրացական երազանքը” կորցնում էր հասարակության լայն զանգվածների աջակցությունը, որն Իվանիշվիլիին, վստահաբար, անհրաժեշտ կլինի սպասվող նախագահական ընտրություններում, որոնց հիմնական ֆավորիտն է համարվում հենց ինքը:

Վրաստանի վարչապետի պաշտոնից Կիվիրիկաշվիլիի հրաժարականից հետո առաջադրվեց Մամուկա Բախտաձեն, ով նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի կառավարությունում զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը: Վերջինս յոթնօրյա ժամկետում պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի կառավարության նոր կազմն ու ծրագիրը, որի հաստատումից հետո էլ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Բախտաձեն, ում, համաձայն տարբեր հարցումների (NDI, IRI), վրաց հասարակության գրեթե կեսը մինչև վարչապետի պաշտոնում առաջադրվելը չէր ճանաչում, այսօր ամենաշատ քննարկվող քաղաքական գործիչներից է: 36-ամյա Բախտաձեն “Վրացական երազանք” կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի “հովանավորյալներից” է, ավելին՝ վրացական դեղին մամուլը դեռ վաղուց էր խոսում նրա և Իվանիշվիլիի դստեր՝ Գվանցա Իվանիշվիլիի սիրավեպի մասին: Որպես քաղաքական գործիչ՝ Բախտաձեն հանրությանը հայտնի դարձավ 2017-ի նոյեմբերից՝ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո: Մինչ այդ վերջինս ղեկավարում էր “Վրացական երկաթուղիներ” ընկերությունը: Դատելով հենց  “Վրացական երկաթուղիներում” Բախտաձեի իրականացրած քաղաքականության արդյունքներց՝ վրացական ընդդիմությունը պնդում է, որ վարչապետի պաշտոնում առաջադրված երիտասարդի միակ առավելությունն այն է, որ նա վայելում է Իվանիշվիլիի համակրանքը, իսկ որպես ղեկավար հաջողել է միայն տապալել այնպիսի “լավ նախագիծը”, ինչպիսին “Վրացական երկաթուղիներ” ընկերությունն էր, որի ապրանքաշրջանառությունն ու ֆինանսական դրությունն էապես վատթարացել են 2012-2017 թվականների (Բախտաձեի ղեկավարման) ընթացքում:

Որպես ֆինանսների նախարար Բախտաձեի առաջ քաշած նորարարությունը գրավատների գործունեության սահմանափակումն ու վրացիներին “ունեցած միջոցներով ապրել սովորեցնելն” էր: Սա ևս բավական լուրջ քննադատության ենթարկվեց ընդդիմության ու հասարակության լայն զանգվածների կողմից: Մասնագիտական շրջանակներում տարածվեց այն տեսակետը, որ Բախտաձեի քաղաքականության արդյունքում երկրում կսկսեն գործել ընդհատակյա գրավատներ, ինչը լրացուցիչ խնդիր կդառնա Վրաստանի համար: Այս ամենը որակվեց որպես պոպուլիստական քայլ՝ ոչ մի աղերս չունեցող առկա խնդիրների ու նպատակների հետ:

Որպես Վրաստանի վարչապետի թեկնածու՝ Բախտաձեն խոսել է նաև իր ապագա քայլերի ու հիմնական ուղղությունների մասին: Առաջնահերթությունը տրվելու է կրթությանը, նորարարությանն ու երիտասարդությանը, իսկ կառավարությունը ձևավորվելու է “փոքր կառավարության” հայեցակարգի համաձայն՝ փոքրաթիվ, բայց արդյունավետ գործող գերատեսչություններով: Բախտաձեն խոստանում է նաև շարունակել և ավարտին հասցնել վրաց ժողովրդի ընտրած եվրոատլանտյան ինտեգրացման ճանապարհը, Վրաստանը դարձնել աշխարհի ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրներից մեկը: 

Ակնհայտ է, որ Մամուկա Բախտաձեի կողմից առաջ քաշված նպատակները, դրված խնդիրներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կառավարության կողմից ներկայացվելիք ծրագիրը լինելու են նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության տրամաբանության շրջանակներում: “Վրացական երազանքն” ու անձամբ Բիձինա Իվանիշվիլին այսօր մի նպատակ ունեն՝ վերագտնել հասարակության լայն զանգվածների աջակցությունն ու հաղթանակի հասնել նախագահական ընտրություններում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: