ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ՌԴ մրցապայքարը Հարավային Կովկասում կարող է ակտիվանալ

Տարածաշրջանում անցյալ շաբաթվանից սկսած ամենաքննարկվող թեմաներից մեկն ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդարան Ջոն Բոլթոնի այցն էր ՌԴ և հարավկովկասյան երեք մայրաքաղաքներ։ Բոլորը փորձում էին հասկանալ՝ ի՞նչ նպատակով է եկել Սպիտակ Տան ներկայացուցիչը և ինչ ազդակներ է փոխանցել երկրների ղեկավարներին։

Նշենք, որ սա բավական բացառիկ այց էր․ վերջին անգամ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն այցելել է Հայաստան 1997-ին, իսկ Ադրբեջանում ընդհանրապես առաջին անգամ էր։

Եթե փորձենք մեկ պարբերությամբ սահմանել այցի նպատակը, ապա դա տարածաշրջանում ԱՄՆ դիրքերի ամրության ստուգումն էր և տարածաշրջանում ԱՄՆ ազդեցությունը մեծացնելու ցանկության հայտարարումը՝ ՌԴ «մենիշխանություն» թույլ չտալու նպատակով։ Կարելի է փաստել, որ Թրամփի վարչակազմն իր արտաքին քաղաքականության մեջ բավական քիչ ուշադրություն է հատկացրել Հարավային Կովկասին, նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջերս հայտարարեց, որ չի տեսնում Սպիտակ Տան հետաքրքրվածությունն Արցախյան հիմնահարցով և կցանկանար Վաշինգտոնի ավելի մեծ ակտիվակության ականատես լինել։

Այժմ Բոլթոնի այցն ու հետաքրքրությունը տարածաշրջանով պայմանավորված է ոչ այնքան Երևանի, Բաքվի և Թիֆլիսի կարևորության աճով ԱՄՆ-ի համար, որքան «տարածաշրջանի ռազմավարական կարևորությամբ», ինչպես ասել է իր ասուլիսների ընթացքում ԱՄՆ նախագահի խորհրդականը։ Իսկ այդ կարևորությունն, իր հերթին, բացատրվում է Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների հարցում Իրանի հարևան երկրների ներգրավումն ապահովելու շահագրգռվածությամբ, ինչպես նաև այս տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի բացարձակ ազդեցություն թույլ չտալու նկատառումով։

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Բոլթոնի հայտարարություններից բխում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ մրցակցել նույնիսկ Արցախյան հակամարտության կողմերին զենքի վաճառքի հարցում։ Թրամփի խորհրդականը Երևանում հայտարարեց, որ ՌԴ կողմից զենքի վաճառքը չի նպաստում խաղաղությանը տարածաշրջանում, բայց միաժամանակ լծակ է ծառայում Մոսկվայի ձեռքում հակամարտության կողմերին վերահսկողության տակ պահելու համար, ուրեմն Վաշինգտոնը պատրաստ է մրցակցել ՌԴ հետ այդ հարցում՝ առավել ևս հաշվի առնելով, որ «ամերիկյան զենքերը ռուսականից որակով են»։ Ստացվում է, որ Վաշինգտոնը, որպես Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ոչ թե փորձում է ճնշում գործադրել Մոկվայի վրա՝ թույլ չտալու զենքի վաճառք հակամարտության կողմերին և հակամարտության սրացում, այլ պատրաստ է մրցակցել վերջինիս հետ Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդեցության լծակները մեծացնելու համար և տարածաշրջանի ժողովուրդներին ոչնչացնելու համար էլ ավելի հզոր զենքեր մատակարարել։

Ջոն Բոլթոնը ևս մի քանի ուշագրավ հայտարարություն է արել Արցախյան հակամարտության վերաբերյալ։ Մասնավորապես, նա նշել է, որ հակամարտության կարգավորումը Հայաստանի համար լավագույն ճանապարհն է արտաքին ազդեցությունից ազատվելու համար։ Բնական է՝ նկատի ունենալով Ռուսաստանը։ Ավելին, նա փորձել է ՀՀ վարչապետին ցույց տալ դրա «ուղին»՝ նշելով, որ կայանալիք ընտրություններում ստանալով ժողովրդի ճնշող մեծամասնության վստահության մանդատը` Նիկոլ Փաշինյանը կկարողանա Արցախյան հարցում վճռորոշ քայլերի դիմել։ Վճռորոշ քայլերի ներքո պետք է հասկանալ բավական ոչ «պոպուլյառ» լուծումները՝ ի դեմս զիջումների, որոնց մասին մի քանի օր առաջ խոսում էր Հայաստանից հեռացող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Եթե հաշվի առնենք նաև Բոլթոնի այն դիտարկումը, թե ինքը չի եկել ազդարարելու այս հարցում ԱՄՆ քաղաքականության փոփոխության մասին, կամ նոր առաջարկներ ներկայացնելու, այլ եկել է իրավիճակին ծանոթամալու, ապա կարելի է ենթադրել, որ հարցն արդիական կդառնա դեկտեմբերյան ընտրություններից հետո, և այդ ժամանակ ԱՄՆ կողմից կարող են մեծանալ ճնշումները Հայաստանի վրա՝ զիջումների գնալու հարցում։

Միաժամանակ, Բաքվում Բոլթոնը չի խոսել զիջումների և Բաքվից ակնկալվող վճռական քայլերի մասին։ Միայն շնորհակալություն է հայտնել Ի․Ալիևին իր մոտեցումները ներկայացնելու համար և հայտնել է, որ հակամարտության կարգավորումը կարևոր է ԱՄՆ համար։

Ամփոփելով Ջեյմս Բոլթոնի այցի արդյունքները` կարող ենք արձանագրել, որ այն տարածաշրջանի երկրների մոտ բավական շատ հարցեր առաջացրեց՝ միաժամանակ որոշ չափով ազդարարելով ՌԴ-ԱՄՆ մրցապայքարի ակտիվացումը նաև Հարավային Կովկասում։ Իսկ դա, այնքան էլ ուրախալի լուր չէ տարածաշրջանի կայունության տեսանկյունից։ Միաժամանակ, հաշվի առնելով ՌԴ-ԱՄՆ առկա երկխոսությունը, տրամաբանական է, որ ԱՄՆ նախագահի խորհրդականը փորձում էր չափել ԱՄՆ ուժերը տարածաշրջանում և առկա պոտենցիալը՝ Մոսկվայի հետ երկխոսության մեջ հետագայում դա նկատի ունենալու համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: