ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է Հայաստանն այլընտրանքային հարթակներ փնտրում Արցախյան հիմնահարցի քննարկման համար

Մինսկում Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի նիստին մասնակցող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ մյուս տարվա փետրվարին կայանալիք Մյունխենի համաժողովի ժամանակ քննարկման հիմնական հարցերից մեկը Հայաստանի նախաձեռնությամբ կլինի Արցախյան հիմնախնդիրը։ Ավելին, այդ համաժողովին պետք է մասնակցեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ ներկայացնելով իրենց մոտեցումները։ Ստացվում է, Հայաստանը հանդես է գալիս Արցախյան հիմնախնդրի քննարկման նոր հարթակ ձևավորելու նախաձեռնությամբ։

Փորձենք հասկանալ, թե ինչպես կարող է ընկալվել Հայաստանի այս նախաձեռնությունը և ինչի կարող է հանգեցնել։

Նախ նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափից դուրս Արցախյան հիմնախնդիրը քննարկելու ջատագովը մշտապես եղել է Ադրբեջանը։ Վերջինս քաջ գիտակցում է, որ այլ հարթակներում ինքն ավելի մեծ լծակներ կունենա գործընթացի վրա ուղղակի և անուղղակի ազդելու, մանևրելու, իր համար ձեռնտու տրամադրություններ ստեղծելու համար։ Հայաստանը՝ հակառակը, քննադատել է հարցն այլ հարթակ տեղափոխելու փորձերը՝ գործընթացին վնաս չհասցնելու հիմնավորումով։ Այժմ Երևանը, փաստացի, ինքն է հանդես գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը զուգահեռ հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։

Ուստի, կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ Հայաստանին ձեռնտու չէ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ ընթացող գործընթացը և Երևանն ինքն է այլ հարթակներ փնտրում։ Ավելին, Սարգսյանի դիտարկումն առ այն, որ սա Հայաստանի համար կարևոր հաղթանակ է, նշանակո՞ւմ է, արդյոք, որ պաշտոնական Երևանը վաղուց է ձգտել Արցախյան հարցի քննարկման համար այլընտրանքային հարթակ գտնել, բայց չի կարողացել, իսկ այժմ հաջողել է։ Դա, բավական կասկածելի դիտարկում է։

Հետևաբար, ո՞րն է Հայաստանի շահը՝ ձեռնարկելու նման քննարկում, եթե իհարկե, դա ոչ թե նախագահ Սարգսյանի անձնական նախաձեռնությունն է, այլ ՀՀ պետական դիրքորոշումը։ Տվյալ դեպքում, դժվար է կարծել, թե նախագահն առանց երկրի ղեկավարի և ԱԳՆ-ի հետ խորհրդակցելու նման քայլի կդիմեր, ավելին՝ կհայտարարեր, որ այդ համաժողովին կմասնակցի անձամբ ՀՀ վարչապետը։

Եվ մեկ հարց ևս, գնալով նման քայլի ինչպե՞ս են Հայաստանն ու Արցախը հետագայում խուսափելու այլ՝ Ադրբեջանի համար ավելի բարենպաստ հարթակներում հարցի քննարկման նախաձեռնություններից, կամ ինչպե՞ս են բացատրելու դրանց մասնակցելու իրենց անհամաձայնությունը։

Նման քայլը կարող է նախադեպ դառնալ, որը հետագայում կօգտագործվի Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացն իր համար շահեկան տարբեր հարթակներ տանելու, Հայաստաի և Արցախի վրա ճնշում գործադրելու, կամ առնվազն շփումների օրակարգը լրիվ այլ հուն շեղելու համար։ Ուստի, առաջին հայացքից նորարարական ու անմեղ թվացող այդ նախաձեռնությունը կարող է բավական շատ չարդարացված ռիսկեր պարունակել, եթե իհարկե չկան երաշխիքներ, որ դրանց շնորհիվ Հայաստանը կստանա այն, ինչին չի կարողանում հասնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդության ներքո՝ օրինակ, Արցախի ներգրավմանը բանակցություններում։ Իսկ դրա մասին, առնվազն Մյունխենի համաժողովի համատեքստում, դեռևս խոսք անգամ չկա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: