ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցներից պետք է զգուշանան առավելապես փոքր տնտեսություններն, այդ թվում՝ Հայաստանը

Օրերս ուժի մեջ մտավ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որի նպատակն իրանական նավթի վաճառքի ծավալների առավելագույն կրճատումն է:

Առանձնանցնենք մի քանի սկզբունքային դիտարկում, որոնք, կարծում եմ, պետք է հաշվի առնել խնդիրը վերլուծելիս:

Պատժամիջոցների երկրորդ փաթեթն անսպասելի չէր:  Դեռևս այս տարվա օգոստոսից, երբ ուժի մեջ մտավ Թրամփի առաջին «կարմիր քարտն» առ Իրան, հայտնի էր, որ գործընթացը շարունակական է լինելու: Ավելին, հայտնի էր, որ Միացյալ Նահանգների նպատակն իրանական նավթի վաճառքի կրճատումն էր: Այսինքն` այն ինչ կատարվեց հիմա, նորություն չէր ո՛չ Իրանի, ո՛չ էլ միջազգային հանրության որևէ ներկայացուցչի համար: Ավելին, և՛ Իրանում, և՛ ուժային կենտրոններում նախապատրաստվում էին այս օրվան ընդառաջ: Իրանի պարագայում, մասնավորապես, քայլեր էին ձեռնարկվում երկրի տնտեսության եկամուտները դիվերսիֆիկացնելու (թողնենք հարցը՝ որքանով է դա հաջողվել իրագործել մինչև պատժամիջոցների հաստատումը): Ինչ վերաբերում է համաշխարհային խաղացողներին, ապա Եվրամիությունն իր հերթին, միջուկային համաձայնագրի անդամ մնացած երկրներն իրենց հերթին ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմներ էին փնտրում:

ԱՄՆ թողել է պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն:  Որքան էլ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը վերջնագրային թվա (Իրանի հետ առևտուր անողը խնդիրներ կունենա ԱՄՆ հետ), վերջինս առանձնացրել է երկրների ցանկ, որոնց նկատմամբ բացառություններ կսահմանվեն: Ընդ որում, այդ երկրնեի ցանկ են մտել այնպիսի երկրներ, որոնք իրանական նավթի հիմնական գնորդներն են (Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա): Հրապարակայնորեն Թրամփն իր այդ քայլը բացատրում է նավթի գների վրա կտրուկ ազդեցություններից խուսափելու ցանկությամբ: Ավելի խորքային մակարդակում, հասկանալի է, որ նշված երկրների հետ լրացուցիչ խնդիրների ստեղծումն այսօր ձեռնտու չէ ոչ մի կողմի համար: Մյուս կողմից, իրանական նավթի նկատմամբ իրական մասշտաբային էմբարգոն կխթանի այլ աղբյուրներից նավթի արդյունահանման ծավալների աճին, ինչի խնդիրն այսպես թե այնպես շուկայում առկա է:

Պատժամիջոցներից առավելապես պետք է զգուշանան փոքր տնտեսությունները:  Վերոնշյալ դիտարկումները թույլ են տալիս ենթադրելու, որ հիմնական խոշոր խաղացողներն, այնուամենայնիվ, կգտնեն այս ամենը շրջանցելու կամ դրա հետևանքները մեղմելու ուղիներ: Խնդիրն առավել բարդ է փոքր տնտեսությունների համար, այդ թվում՝ Հայաստանի: 

Լինելով Իրանի հետ անմիջական սահմանակից երկիր, ունենալով այդ երկրի հետ բարիդրացիական հարաբերություններ, ինչպես նաև լինելով ԱՄՆ հետ հարաբերությունները դրական մակարդակում պահելու և ընդլայնելու հավակնություններ ունեցող երկիր` մեզ համար այս իրավիճակում ճիշտ դիրքորոշում ունենալը կենսական նշանակության հարց է:

Եվ թեև ԱԳՆ կողմից արձագանքն ու պատժամիջոցների հնարավոր վնասների մասին ներկայումս ընթացող ուսումնասիրությունները փոքր-ինչ ուշացած են, քանի որ պատժամիջոցներն ինչպես բոլորի, այնպես էլ Հայաստանի համար անակնկալ չէին, այնուամենայնիվ, դրանք կարևոր են: Այս իրավիճակում արտաքին քաղաքական ճկունության դրսևորումը անհետաձգելի է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: