ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղությանը նախապատրաստվելու մասին. Ստեփանակերտն արձագանքում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը

Հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, նախորդ հայտարարությունների միտումը պահպանելով, այդուհանդերձ, նոր տարրեր է պարունակում: Այս մասին նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով երեկվա հանդիպման արդյունքները:

Դավիթ Բաբայանը, միաժամանակ, նշեց, որ իրականում նոր տարրերը լավ մոռացված հինն են, որոնք քանիցս հայտնվել են հակամարտության կարգավորման գործընթացի տարբեր փուլերում: Ինչպես եւ նախկինում, հայտարարության մեջ ընդգծվում է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: «Շատ հետաքրքիր ձեւակերպում է կոնկրետ քայլերի եւ խաղաղությանը նախապատրաստվելու մասին, ոչ լուծմանը կամ կարգավորմանը: Սա ենթադրում է երկարատեւ գործողություն եւ համարժեքություն, հանրությունները պետք է հասկանան, որ խաղաղությանն այլընտրանք չկա, անցյալին վերադարձ չկա, չպետք է լինեն պարտվողներ եւ հաղթողներ, պետք է լինի ընդհանուր հայտարար: Սա հատկապես արդիական է այն պատճառով, որ վերջին 3 տասնամյակներին Ադրբեջանի քաղաքականության հիմքում դրված է հայատյաց քաղաքականությունը: Մյուս կողմից՝ կոնկրետ քայլերը ենթադրում են բոլոր կողմերի երկխոսություն, այսինքն՝ վերադարձ բանակցությունների լիարժեք ձեւաչափին»,- շեշտեց Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ հակամարտության կողմեր են առաջին հերթին Ադրբեջանը եւ Արցախը, այնուհետեւ Հայաստանը, որը չէր կարող անտարբեր մնալ Արցախի ճակատագրի հանդեպ:

Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված տնտեսական նախագծերին, ապա Արցախի իշխանությունները այդ հնարավորության մասին բազմիցս խոսել են: «Պաշտոնական Ստեփանակերտը շատ անգամ է համագործակցություն առաջարկել ջրային պաշարների մի մասի փոխանակման ոլորտում, սակայն Բաքուն հրաժարվել է»,- հիշեցրեց Դավիթ Բաբայանը:

Սակայն, շարունակեց նա, լավագույնի հույս ունենալով՝ չի կարելի իրականությունը մոռանալ, իսկ այն այնպիսին է, որ Ադրբեջանը մի բան է ասում, իսկ անում է այլ բան: «Շատ քաղաքագետներ սիրում են բերել Գերմանիայի եւ Ֆրանսիայի օրինակը: Այո, հիմա այս երկրները լավ հարաբերություններ ունեն, բայց դրա համար պահանջվեցին երկու համաշխարհային պատերազմներ եւ Գերմանիայի ջախջախումը, սա կամավոր ընտրություն չէր: Այնպես որ, այս պահին իրավիճակներն անհամեմատելի են»,- եզրափակեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: