ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավոսում Նիկոլ Փաշինյանը «Միթսուբիշի» ընկերության, JICA-ի և eBay-ի ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ: Հունվարի 22-ի առավոտյան վարչապետը նախ հանդիպել է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին, ապա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկային:

Քրիստինա Ահմաջյանի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության հետ համագործակցությամբ և մեր երկրում վերջինիս հնարավոր գործունեությամբ: Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, և այդ նպատակով տնտեսական ոլորտում նախատեսվում են մեծ և իրական փոփոխություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում առկա է տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ, և այդ առումով «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս»-ի գործունեությունը կարող է լինել հեռանկարային:

Քրիստինա Ահմաջյանը կարևորել է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներդրումային նոր ծրագրերի ներգրավման առումով և պատրաստակամություն է հայտնել օժանդակել ՀՀ կառավարությանը` ճապոնական տարբեր ընկերությունների հետ կապեր և համագործակցություն հաստատելու գործում: Ճապոնական ընկերության խորհրդի անդամը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է հետագա համագործակցության նպատակով այցելել Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը և Շինիչի Կիտաոկան քննարկել են JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: 
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փոխշահավետ նոր ծրագրեր իրականացնելու և համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար:

Շինիչի Կիտաոկան իր հերթին ընդգծել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: Նա նշել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու JICA-ի փորձագիտական խումբը` փոխգործակցության հեռանկարներն ու նոր ուղղություններն ուրվագծելու նպատակով:

Զրուցակիցները կարևորել են նաև Ճապոնիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ հաշվի առնելով, որ առկա է զարգացման մեծ ներուժ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև «eBay» ընկերության փոխնախագահ Գեթի Ֆոսթերի հետ: Վարչապետը կարևորել է ինտերնետ-աճուրդային ընկերության գործունեությունը և նշել, որ այն համահունչ է տեղի ունեցող տեխնոլոգիական տրանսֆորմացիային: Կառավարության ղեկավարը հավելել է, որ ինտերնետ-առևտրի, էլեկտրոնային վճարումների և հեռահաղորդակցության ոլորտում eBay-ի գործունեությունը մեծ պահանջարկ ունի մեր երկրում և կարևորել Հայաստանում վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնումը:

Վարչապետը հավելել է նաև, որ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը և eBay ընկերությանը հրավիրել մասնակցելու ֆորումի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Հայաստանում ՏՏ ոլորտի առաջանցիկ տեմպերով զարգացման փաստը:

Գեթի Ֆոսթերը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` մեր երկրում eBay-ի գործունեության հեռանկարները և ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: