ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղությանը նախապատրաստվելու ոչ սիմետրիկությունը կամ ո՞վ ում է խաբում Ղարաբաղյան կարգավորման հարցում

Այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները «համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել», ինչի մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում, հակամարտության կողմ հանդիսացող երկրներում յուրովի են պատրաստվում խաղաղության:

Երեկ, ելույթ ունենալով զոհված ադրբեջանցիների ընտանիքների հետ հանդիպմանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն ամենակարևոր հարցն է: Դիվանագիտական հարթությունում մենք կարողացել ենք հասնել առավելագույն արդյունքի... Հարցի լուծման, օկուպանտներից մեր հողերի ազատագրման համար մենք օգտագործում ենք բոլոր միջոցները»:

Մեկ այլ մեջբերում. «Պետք է նաև իմանալ, որ աշխարհում ուժային գործոնն այսօր տեղափոխվել է առաջին պլան: Առ այսօր մենք շատ գործ ենք արել բանակաշինության ոլորտում: Ինչպես արդեն նշեցի, մենք դրսևորել ենք մեր հզորությունը նաև մարտի դաշտում: Մենք ցույց տվեցինք ողջ աշխարհին, որ ադրբեջանցի ազգն ու ադրբեջանական պետությունը երբեք չեն համակերպվի այդ օկուպացիայի հետ»:

«Այժմ մենք զինում ենք մեր բանակը ժամանակակից զենքով: Ինչու՞: Քանի որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Քանի որ մեր հողերն օկուպացված են: Այս նպատակների համար հատկացվում են շատ միջոցներ: Անցյալ տարի Բաքվում կայացավ երկու զինվորական շքերթ, որոնք ի ցույց դրեցին մեր հզոր ռազմական ներուժը», - հայտարարել է Ալիևը:

«Ապրիլյան մարտերը ցույց տվեցին աշխարհին, որ Ադրբեջանը հզոր պետություն է, մեր երկիրն ունի հզոր բանակ, և մեր ազգը երբեք չի համակերպվի օկուպացիայի հետ», - ասել է Ալիևը:

Ողջ վերոնշյալն արտահայտվել է Ալիևի կողմից ընդամենը մեկ օրվա ընթացքում` 2019թ. հունվարի 28-ին: Ողջ ասվածը կներգծվեր Ալիևի մշտական ռազմատենչ հռետորաբանության շրջանակներ, եթե չլինեին Ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումները:

Այո', Հայաստանում, և հատկապես` Ղարաբաղում, մենք վաղուց ենք խոսում խաղաղության անհրաժեշտութան մասին: Չէ՞ որ նա, ով մեկ անգամ զգացել է պատերազմի բոլոր արհավիրքները, երբեք չի ցանկանա դրա կրկնություն: Վստահ ենք` այդ կերպ են մտածում նաև Ադրբեջանի շարքային քաղաքացիները, ովքեր ևս տուժել են պատերազմից` չնայած այն սկսել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Այս առումով չկա անհրաժեշտություն «նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության», քանզի պատերազմի ողջ բեռն իրենց վրա կրող ժողովուրդները բոլորից առավել են պատրաստ լինում խաղաղության: Իսկ ահա Ադրբեջանի իշխանություններին պետք է «նախապատրաստել խաղաղության»: Սա ուղղակի` ի գիտություն համանախագահներին, քանի որ Ալիևի նման ռազմատենչ հռետորաբանության պարագայում անգամ ամենախուլ գյուղի ամենախաղաղ տրամադրված բնակիչը, օրինակ` Ղարաբաղում, կսկսի երազել ոչ թե խաղաղության, այլ պատերազմին պատրաստվելու և պաշտպանության մասին: Եվ սա ճիշտ է: Ժամանակակից աշխարհում չեն լինում ոչ սիմետրիկ հարաբերություններ: Չի պատահում այնպես, որ մի կողմը խոսի փոխզիջումների հնարավորության մասին, մյուսը` իր հավակնությունների առավելագույնի մասին, որ մի կողմը խոսի խաղաղության, իսկ  մյուսը` հարձակման մասին:

Ահա թե ինչու համանախագահների` խաղաղությանը նախապատրաստվելու թեզին Արցախն արձագանքեց ավելի իրատեսորեն: «Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ պետք է կնքվի խաղաղության պայմանագիր` փաստաթուղթ, որը կճանաչվի միջազգային հանրության կողմից»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Խաղաղության պատրաստվելու ընթացքում պետք է ունենալ ձևաչափ, փաստաթուղթ, որի հիման վրա էլ կպատրաստվենք: Մենք միշտ էլ պատրաստ եղել ենք խաղաղության, մենք չենք նախաձեռնել կոնֆլիկտ, Հայաստանն ու այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ստիպված են ներքաշվել պատերազմի մեջ», - ասել է նա: Վիտալի Բալասանյանը չի բացառել, որ հայկական կողմի առաջարկով կարելի է կազմել նման փաստաթուղթ, հակառակ դեպքում`դա կբերի վատ իրավիճակի, բանավոր խոսքերով քաղաքական հարցերը չեն լուծվում»:

Խորհրդանշական է, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր հայ գործընկերոջ հետ իրենք «առաջին անգամ երկար ժամանակ անց հասել են փոխըմբռնման»: Իսկ արդեն այսօր ՀՀ արտգործնախարար Մնացականյանը, ով, հնարավոր է` հավատացել էր  Մամեդյարովի` խաղաղության մասին խոսքերին, «վշտացել է» Բաքվի հերթական ռազմատենչ հռետորաբանությամբ:

Այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով Ալիևի երեկվա հայտարարությունը, նշել է, որ նման վարքը չի կարելի ողջունելու արժանի համարել:

«Շատ ցավալի է: Մեր դիրքորոշումը հայտնի է՝ մենք խաղաղ լուծում ենք ցանկանում: Գործընթացի առաջընթացի համար համապատասխան միջավայր է պետք», - ընդգծել է նախարարը` նշելով հետևյալը. «Մեր դիրքորոշումը հայտնի է: Կարգավիճակը որոշում է ԼՂ ժողովուրդը: Կարիք չկա ասելու, թե որքան վճռական ենք մենք և մտադիր ենք պաշտպանել ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը: Մենք գիտենք մեր հնարավորությունները պաշտպանության և վնասի պատճառման հարցերում»:

Այսպիսով, մի՞թե պետք է ամեն անգամ Ալիևի կողմից նման ելույթների տեղատարափ լինի, որպեսզի մենք Հայաստանում ու Ղարաբաղում իմանանք, թե ում հետ գործ ունենք: Մի՞թե համանախագահները երկրների առաջին դեմքերի ելույթների մոնիթորինգ չեն անցկացնում «խաղաղության նախապատրաստելուց» առաջ: Եվ վերջապես` մի՞թե հասկանալի չէ, թե ում է պետք պատրաստել խաղաղության: Սա հարց է նրանց համար, ովքեր այսօր այդքան ջանասիրաբար առաջ են մղում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու թեզը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: