ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահական ընտրություններ Ուկրաինայում. ունե՞ն արդյոք նախընտրելի թեկնածուներ արտաքին դերակատարները

The Fiscal Times

Այսօր Ուկրաինայում տեղի են ունենում 6-րդ նախագահի ընտրությունները, որոնք առաջինն են 2013-14թթ. Եվրամայդանի հաղթանակից և դրան հաջորդած երկրի համար ճակատագրական նշանակություն ստացած իրադարձություններից հետո: 

Բոլորն են հիշում, որ հինգ տարի առաջ Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունն ու դրան հետևած ճգնաժամն Ուկրաինայի աշխարհաքաղաքական ընտրության հետևանք էին: 

Ուկրաինան կառավարման կիսանախագահական համակարգ ունեցող երկիր է և նախագահն ունի լուրջ լծակներ անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերում: Հետևաբար, Ուկրաինայում իրենց շահերն ունեցող արտաքին դերակատարների (ԵՄ, ԱՄՆ, ՌԴ) համար ևս բավականին կարևորվում են ընտրությունների արդյունքները:

Եվրամիությունը հայտարարում է, որ չունի նախընտրություն թեկնածուներից որևէ մեկի հետ կապված` նշելով բարեփոխումների շարունակականության կարևորությունը: 

«Ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյունքները, մենք կշարունակենք  համագործակցել պետական մարմինների, մարդկանց հետ», - ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ` փետրվարի 18-ին կայացած ԵՄ խորհրդի արդյունքերով մամլո ասուլիսի ընթացքում:

«Ես հավատում եմ, որ բարեփոխումների թրենդը կշարունակվի նաև այս տարվա ընտրությունների ժամանակ», - նշել է Մոգերինին:

«Ում ընտրելը միայն ուկրաինացիների որոշումն է: Մենք պատրաստ ենք համագործակցել ժողովրդավարական ուղով ընտրված յուրաքանչյուր նախագահի հետ», - DW-ի հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանի` Ուկրաինայի հետ ասոցացման պատվիրակության ղեկավար Դարիուշ Ռոսատին:

Պաշտոնական մակարդակով ԱՄՆ կողմից արված հայտարարություններում ևս կարևորվում են երկրում իրականացվող բարեփոխումները ընտրությունների անցկացումը ժողովրդավարական ստանդարտներով` չնայած, ի տարբերություն ԵՄ-ի, ԱՄՆ պաշտոնյաների հայտարարություններում չի նշվում «ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյուքները...» արտահայտությունը:

«Մենք հուսով ենք` հաջող ընտրություններ կանցնեն և այնուհետև հաջողությամբ կձևավորվի կառավարություն», - մարտի 27-ին կոնգրեսի լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: Փոմփեոն նաև հույս է հայտնել, որ Կիևը կշարունակի հակակոռուպցիոն բարեփոխումները: «Այդ բարեփոխումներն առանցքային կլինեն ժողովրդավարության լիարժեք վերականգնման համար», - հավելել է պետքարտուղարը:

Նշենք նաև, որ մարտի 7-ին Կիև էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ Դեվիդ Հեյլը, ում այցն ու հանդիպումը գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Ռուսաստանում գնահատել են որպես աջակցություն գործող նախագահին:

Մի փոքր այլ է հարցը Ռուսաստանի պարագայում:

«Ուկրաինայում նախագահի ընտրության կոշտ, կեղտոտ նախընտրական քարոզարշավ է ընթանում: Հետևելով դրա ընթացքին` մենք Ռուսաստանում դեռ չենք հասկանում, թե ում հետ կարելի է խոսել Ուկրաինայում: Սակայն ցանկացած դեպքում մենք կհարգենք մեր հարևանների ընտրությունը, ուկրաինացիների ընտրությունը: Եվ բաց կլինենք նոր ղեկավարության հետ երկխոսության համար, եթե ղեկավարությունը դրանում հետաքրքրված լինի: Սակայն կարևոր է` այդ հաղթանակը կլինի՞ ազնիվ, կլինե՞ն այդ ընտրությունները լեգիտիմ, առանց ընտրակեղծիքների: Վերջին իրադարձությունները ստիպում են մտածել ամենավատը», - նշել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մարտի 4-ին բուլղարական «Труд» թերթին տված հարցազրույցում:

Սա ՌԴ բարձր պաշտոնյայի կողմից արված բավականին թափանցիկ ակնարկ էր 2 մասով` Ռուսաստանը կարող է չճանաչել Ուկրաինայի նախագահի ընտրությունների արդյունքները և Մոսկվան պատրաստ է Կիևի հետ երկխոսության Պորոշենկոյի չընտրվելու պարագայում: Իսկ Մոսկվայի կողմից ընտրությունների արդյունքների չճանաչման համար առիթ են ծառայելու 2 հիմնական հանգամանք. Կիևը փակել է Ռուսաստանի`իր դիվանագիտական և հյուպատոսական հաստատություններում տեղակայված ընտրատեղամասերը` զրկելով Ուկրաինայի՝ Ռուսաստանում ապրող և աշխատող մոտ 3 մլն քաղաքացիներին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու հնարավորությունից: Պորոշենկոն երկրի նախագահական ընտրություններին ռուս դիտորդների մասնակցությունն արգելող օրենք է ստորագրել փետրվարին:

Եթե Ռուսաստանն իսկապես չճանաչի ընտրությունների արդյունքները և, հետևաբար ոչ լեգիտիմ համարի ընտրված նախագահին, ապա Ուկրաինա-Ռուսաստան, ինչպես նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները կարող են թևակոխել նոր և ավելի խորը ճգնաժամի փուլ:

Ուժային կենտրոնների համար կարևորվում են ցանկացած երկրի ղեկավարի ընտրությունները, սակայն իրենց աշխարհաքաղաքական հաշվարկներում կարևոր օղակ հանդիսացող երկրներում հետաքրքրվածության աստիճանը մեծանում է անգամներով: Այստեղ խաղադրույքները  բազմապատկված են, իսկ սպասվող զարգացումները կարևոր են ոչ միայն լոկալ առումով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: