ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 806,28 դրամ ԱՐԾԱԹ - 232,86 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 754,25 դրամ

Քաղաքական դիմանկար. Պյոտր Պորոշենկո

Միլիարդատեր Պորոշենկոն արդեն հասցրել է զբաղեցնել Ուկրաինայի նախագահի պաշտոնը, այն էլ՝ երկրի համար ամենաբարդ ժամանակաշրջանում: Վերջինս «շոկոլադների թագավորն» է, ում պատկանում է ոչ միայն հրուշակեղենի հայտնի «Ռոշեն» ընկերությունը, այլև ավտոմեքենաների և ավտոբուսների գործարաններ: Նա մեդիամագնատ է և, ռուսական ԶԼՄ-ների գնահատմամբ, «Մայդանի հովանավորը»: Պորոշենկոն լիարժեք տիրապետում է մի քանի լեզուների՝ ուկրաիներեն, անգլերեն, ռումիներեն, ռուսերեն: Այսօր Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի թեկնածու է, ով ընտրությունների առաջին փուլում իր դիրքերը զիջեց շոումեն Վլադիմիր Զելենսկուն:

«Ընտրությունն ապրիլի 21-ին է՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Եվրոպա: Ուկրաինային ուժեղ նախագահ և գլխավոր գերագույն հրամանատար է պետք, ոչ թե տհաս մեկը: Մենք հնարավորություն ունենք արագ քայլերով առաջ շարժվել դեպի ազատ Եվրոպա: Սակայն ավելի արագ տեմպերով կլինի մեր հետդարձը դեպի կայսերական Ռուսաստան: Եվ այս վտանգն առկա է: Շնորհակալ եմ բոլոր գիտակից ուկրաինացիներին, որոնք պաշտպանում են ուկրաինական կուրսը դեպի ԵՄ», - նշում է Պորոշենկոն՝ փորձելով ազգայնական հռետորաբանությամբ ավելի շատ ձայներ ստանալ ընտրությունների երկրորդ փուլում:

Հետաքրքիր փաստեր

-         Պյոտր Պորոշենկոն դպրոցում զրկվել է ոսկե մեդալից՝ վարքի համար 3 ստանալու պատճառով: Ասում են՝ դասղեկն առանձնապես դրական տրամադրված չի եղել տղայի հանդեպ և յուրաքանչյուր առիթ օգտագործել է՝ վերջինիս տնօրենի մոտ տանելու համար:

-         Ձյուդո մարտարվեստով սպորտի վարպետի թեկնածու է:

-         Պորոշենկոն շաքարային դիաբետ ունի, ինչի պատճառով էլ քաղցրավենիք չի օգտագործում: Հետաքրքրական է սակայն, որ նրան պատկանող «Ռոշեն» հրուշակեղենի գործարաններում չի արտադրվում դիաբետիկների համար նախատեսված քաղցրավենիք: Պորոշենկոն կարծում է, որ ավելի լավ է ուտել մի կտոր իսկական, քան շաքարի փոխարինիչով պատրաստված շոկոլադ:

-         Գեղակարչության մեծ սիրահար է (սիրելի նկարիչը՝ իմպրեսիոնիստ Կլոդ Մոնե):

-         Ունի չորս երեխա, որոնց կնքահայրն Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն է:

-         Կիևի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորել է իր նախկին ընկեր և ներկայիս քաղաքական ընդդիմախոս Միխայիլ Սահակաշվիլու հետ:

-         Պորոշենկոն զինվորական ծառայությունն անցել է Ղազախստանում:

-         Պյոտր Պորոշենկոն կնոջ ծննդյան տոնին ամեն տարի նվիրում է ճանապարհորդություն:

-         2018 թվականին Ուկրաինայում կանխվել է Պորոշենկոյի նկատմամբ մահափորձի 11 դեպք:

 

Բանակ, կրոն, հավատ

-         Ուկրաինացիներն ուզում են, որ պատերազմն ավարտվի, բարձրանան աշխատավարձերը և վերջ տրվի խելահեղ սակագներին: Մարդիկ գումար չունեն վճարումները կատարելու և սնունդ գնելու համար: Այս ամենի փոխարեն Պորոշենկոն առաջարկում է  «բանակ, կրոն, հավատ» եռամիասնությունը, ինչի պատճառով էլ պարտվում է բոլոր ռեյտինգներում: Պորոշենկոյին մեկ անգամ չէ, որ մեղադրել են կոռուպցիայի, օֆշորային սկանդալների մեջ, սակայն այդ մեղադրանքները պաշտոնապես չեն հաստատվել:

-         2018 թվականին ուկրաինական լրատվամիջոցներում տարածվեց տեղեկատվություն, որ նույն թվականի հունվարի 1-8-ը Պորոշենկոն հանգստանում էր Մալդիվյան կղզիներում: Հանգիստը 10 հոգու համար արժեցել է 500000 դոլար: Այս փաստը մեծ աղմուկ բարձրացրեց: Պորոշենկոյի աշխատակազմից պարզաբանեցին, որ հանգիստը կազմակերպվել է անձնական միջոցների հաշվին, բայց ժողովուրդն այդպես էլ չընդունեց, որ, ինչպես ինքն է սիրում պնդել, «պատերազմող երկրի» նախագահը կարող է իրեն նման արձակուրդ թույլ տալ:

Պորոշենկոն և Հայոց ցեղասպանությունը

«Ուկրաինայի ղեկավարությունը քննարկում է 2015թ.-ի ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հարցը», - լրագրողներին ասել էր Հայաստանում Ուկրաինայի դեսպանը՝ կապված Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հարցի հետ: Չնայած Հայաստանի իշխանությունների հրավերին՝ Պորոշենկոն ապրիլի 24-ին այդպես էլ չեկավ Հայաստան:

2018-ի նոյեմբերին Ուկրաինայի հայերը կոչ արեցին նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Մենք՝ Ուկրաինայի քաղաքացի հայերս, կոչ ենք անում Պյոտր Պորոշենկոյին ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915-1922թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:… Ուկրաինական իշխանությունները ձգտում են ստանալ Թուրքիայի և նրա առաջնորդի՝ Էրդողանի աջակցությունը: Սակայն մենք՝ Ուկրաինայի հայերս, համոզված ենք, որ համաեվրոպական մարդասիրական արժեքները, որոնք ձեռք են բերվել միլիոնավոր ուկրաինացիների խիզախության շնորհիվ, անհամատեղելի են երկրի ղեկավարության ժխտողական դիրքորոշման հետ: Ուկրաինային քաղաքական գործիչների ցինիզմն ու անհեռատեսությունը կհանգեցնեն Ուկրաինայում եվրոպական ընտրության մտքի ճգնաժամի», - ասված էր Ուկրաինայի հայերի տարածած հայտարարության մեջ:

Տղամարդ եղե՛ք

«Վլադիմիր Ալեքսանդրովի՛չ, կրկին ստիպված եմ Ձեզ դիմել էկրանից այս կողմ: Մի՛ վախեցեք: Բանավեճը սարսափելի չէ, բանավեճը նորմալ քաղաքական ավանդույթ է: Կյանքիս ընթացքում մեկ անգամ չէ, որ մարտահրավերներ եմ ընդունել, և ոչ միայն քաղաքական ընդդիմախոսներից, այլև ուժեղ թշնամիներից: Նայել եմ նրանց աչքերի մեջ՝ առաց հայացքս շրջելու: Այսպիսին պետք է լինի նախագահն ու գերագույն գլխավոր հրամանատարը: Մի՛ փնտրեք պատճառներ, մի՛ դրեք նախապայմաններ և մի՛ թաքնվեք ուրիշների հետևում՝ գեղեցիկ չէ: Տղամարդ եղե՛ք: Ես սպասում եմ», - այս խոսքերով է Պորոշենկոն դիմել ընտրությունների երկրորդ փուլ անցած և առաջին տեղը գրաված թեկնածուին՝ Զելենսկուն:

Ի դեպ, Պորոշենկո - Զելենսկի բանավեճը տեղի կունենա ապրիլի 19-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 84%
Քամի՝ 8 կմ/ժ
4 C°
 
   
20.04.2019
  11° 
21.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: