ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 714,18 դրամ ԱՐԾԱԹ - 245,57 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 929,39 դրամ

Ի՞նչ է սպասվում Վենեսուելային` պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

Human Rights Watch

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և եվրոպական ու լատինաամերիկյան գործընկերների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վենեսուելայի ճգնաժամը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու կողմնակիցներ գոյություն չունեն:  Բացի այդ, ըստ նրա, Վենեսուելայի հարցով Պոմպեոյի հետ տեղի ունեցած հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, ավելին` կողմերը պայմանավորվել են Վենեսուելայի հարցով կրկին հանդիպել Սոչիում: 

Հատկանշական է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ միայն «վենեսուելացիներն իրավունք ունեն որոշել իրենց երկրի ապագան` հավելելով, որ երկրի ներքին գործերին ցանկացած տեսակի միջամտություն խաթարում է ճգնաժամի քաղաքական կարգավորման հեռանկարները»: ԱՄՆ նախագահը նույնպես կիսում է լավատեսությունը, որ քաղաքական խաղաղ հանգուցալուծումն իրատեսական է: Վերջինիս խոսքով` Պուտինի նման ինքն էլ  է Վենեսուելայի հարցում «դրական հանգուցալուծում» փնտրում:

Առաջին հայացքից թվում է, թե Լավրով-Պոմպեո երկկողմ հանդիպումը կարելի է համարել Վենեսուելայի շուրջ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ուղղակի բանակցությունների սկիզբ, եթե հաշվի ենք առնում նաև այն փաստը, որ դրանք շարունակականության միտում են ցույց տալիս:  ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից հետո պատրաստվում է հանդիպել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Թվում է, թե երկու կողմերն էլ հասկանում են, որ անհրաժեշտ է փակուղում հայտնված հարցին շուտափույթ քաղաքական հանգուցալուծում տալ:

Սակայն միևնույն ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ն ռազմական միջամտության գաղափարից դեռևս վերջնականապես չի հրաժարվել: Այս համատեքստում հետաքրքրական է նաև ընդդիմադիր առաջնորդ, ինքն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուիադոյի` Լավրով-Պոմպեո հանդիպումից հետո արած հայտարարությունը, որում վերջինս հստակ հասկացրեց, որ դեմ չէ ԱՄՆ կողմից ռազմական միջամտության տարբերակին: Ավելին, հանդիպումից հետո, ԱՄՆ-ն, շարունակելով Վենեսուելայի փաստացի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա ճնշումները, նոր պատժամիջոցներ կիրառեց վենեսուելական մի շարք ընկերությունների նկատմամբ: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ռուսական զորքերը դեռևս գտնվում են Վենեսուելայի տարածքում: Ռուսական կողմը պնդում է, որ  զինվորականները Վենեսուելա են մեկնել ռազմական ոլորտում համագործակցության մասին երկկողմ պայմանագրի շրջանակում: Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասին էլ հայտարարել է, որ ռուսական ռազմական ուժերի թիվը կարող է բազմապատկվել:

Կարելի է ասել, որ Վենեսուելայում ամիսներ շարունակ տիրող  քաղաքական ճգնաժամը դեռևս հեռու է խաղաղ հանգուցալուծում ստանալուց:  Վենեսուելան Վաշինգտոնի և Մոսկվայի միջև դարձել է  քաղաքական առճակատման նոր  թատերաբեմ: Նման թատերաբեմ էր նախկինում Լատինական Ամերիկայում երկու երկրների համար Կուբան:  Այդ երկրում սոցիալիստական հեղափոխության տարիներին  խորհրդային հրթիռների տեղակայումը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև քիչ էր մնում միջուկային պատերազմի հանգեցներ:

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, ԱՄՆ-ն փորձում է ամեն կերպ հեռու պահել Ռուսաստանին իր հարևանությամբ գտնվող տարածաշրջանից: Սակայն Ռուսաստանը, ինչպես երևում է, չի պատրաստվում ընկրկել:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար Մադուրոյի իշխանությունը  պահպանելը  կարևոր է առաջին հերթին տնտեսական առումով: Վենեսուելայում ռուսական ներդրումները, ընդհանուր առմամբ, կազմում են մոտ 17 մլրդ դոլար: Դա հիմնականում «Роснефти»-ի կողմից արված ներդրումներն են  Վենեսուելայի նավթային արդյունաբերական ոլորտում:  Սակայն հարկ է նշել, որ  բացի տնտեսականից գոյություն ունի նաև մեկ այլ ոչ պակաս կարևոր հանգամանք: Ինչպես Սիրիայում, այնպես էլ Վենեսուելայում ՌԴ նախագահի համար ամենակարևորը համաշխարհային քաղաքական խաղացողի իմիջ ձեռք բերելն է և իր գործընկերներին աջակցելը՝ մյուս տարածաշրջաններում նրանց չկորցնելու համար:

Լատինամերիկյան տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելը կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ այն գտնվում է ԱՄՆ-ի անմիջական հարևանությամբ: Սակայն, ԱՄՆ-ն էլ իր հերթին ունի իր ծրագրերն ու շահերը Վենեսուելայում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 14 կմ/ժ
23 C°
 
23°  36° 
24.07.2019
23°  36° 
25.07.2019
Հարցում

Շոգ եղանակն ազդո՞ւմ է ձեր աշխատունակության վրա: