ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանի ընտրություններ. եվրալավատեսների և եվրահոռետեսների պայքար

Social Science Space

Ընթացքի մեջ են Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք կավարտվեն մայիսի 26-ին։ Եվրահոռետեսների և ծայրահեղ աջերի տասնյակ հազարավոր հակառակորդներ ընտրությունների նախաշեմին ակցիաներ են անցկացրել Գերմանիայի տարբեր քաղաքներում` Եվրախորհրդարանի ընտրություններից օրեր առաջ՝ «ոչ» ասելով նացիոնալիզմին:

Գերմանիայում անցկացվող այս ակցիաները մաս են դարձել «ընդդեմ նացիոնալիզմի» արշավի, որը նախընտրական քարոզարշավի օրերին համակել էր մի քանի եվրոպական երկրներ. «հականացիոնալիստական», «հակաեվրահոռետեսական», «հակապոպուլիստական» ցույցեր են ընթացել Լեհաստանում, Ռումինիայում, Խորվաթիայում և Ավստրիայում: «Ընդդեմ պոպուլիստների և եվրահոռետեսների» կարգախոսի ներքո Զագրեբում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Իսկ Վարշավայում այսպիսի հանրահավաքին մասնակցել է նաև Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Նման ակցիաների հայտարարված նպատակներից մեկն է եվրոպացիների ուշադրությունը հրավիրել այն վտանգի վրա, որն, ըստ կազմակերպիչների, ներկայացնում են եվրահոռետեսներն ու ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները միասնական Եվրոպայի և եվրոպական արժեհամակարգի համար:

Զուգահեռաբար մայիսի 18-ին Միլանում հանրահավաք են անցկացրել Եվրոպայի` ծայրահեղ աջակողմյան, պոպուլիստական տարբեր կուսակցություններ: Դրանց թվում են Ավստրիայի “Ազատության կուսակցություն”-ը, Բելգիայի “Ալյանս”-ը, Նիդերլանդների “Ազատության կուսակցություն”-ը, Ֆրանսիայի “Ազգային միավորում (նախկին` Ազգային ճակատ), ինչպես նաև` Իտալիայի “Լիգա” կուսակցությունը, որի առաջնորդ, Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հանդիսանում էր հանրահավաքի նախաձեռնողը: Ի հակառակ «ընդդեմ նացիոնալիզմի և պոպուլիստների» պայքարող ուժերի, նրանք կտրականապես հրաժարվում են կոչվել ծայրահեղ կամ ուլտրա աջեր,  նացիոնալիստներ կամ պոպուլիստներ:

“Այստեղ չկան ծայրահեղ աջեր: Այստեղ խոսվում է ողջամիտ քաղաքականության մասին: Էքստրեմիստները նրանք են, ովքեր ղեկավարում են Եվրոպան արդեն 20 տարի, իսկ այն գնալով ավելի է աղքատանում: Մայիսի 26-ին մենք գնում ենք գրավելու Եվրոպան, մենք գնում ենք փոփոխելու այդ Եվրոպան”, - հայտարարել է Մատեո Սալվինին:

Ըստ հանրահավաքին մասնակից աջակողմյան կուսակցությունների ներկայացուցիչների, ձևավորվել է նոր քաղաքական ընտանիք, որը նպատակ է հետապնդում դառնալ առնվազն երրորդ ուժը Եվրախորհրդարանում և փոխել այսօրվա Եվրոպան:

Ինչպես տեսնում ենք, ակտիվ են ինչպես միասնական Երոպային թերահավատորեն վերաբերվողները կամ եվրահոռետեսները, այնպես էլ նրանց գաղափարական հակառակորդները` Եվրոպական Միության ջատագովները կամ եվրալավատեսները: Ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, եվրոպամետ ուժերի ձայների կորուստ է սպասվում, սակայն այնուամենայնիվ, նրանք դեռևս կպահպանեն մեծամասնությունը Եվրախորհրդարանում, իսկ եվրահոռետեսներն ունեն մեծ շանսեր ավելացնելու իրենց ներկայացվածությունը և զբաղեցնելու խորհրդարանի տեղերի ավելի քան 1/5-ը: Եթե մինչև վերջերս  եվրալավատեսները ակտիվություն ցուցաբերելու և միասնական Եվրոպան ջատագովելու կարիք չէին զգում, ապա այժմ ակնհայտ է, որ կա միասնության գաղափարն ու արժեքները պաշտպանելու, առաջ մղելու, քարոզելու անհրաժեշտություն: Եվ, ըստ էության, գլխավոր պայքարն այս երկու թևերի միջև է ծավալվում:

Շատ փորձագետների գնահատմամբ, Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունները կարող են դառնալ կարևորագույնը Եվրոպական Միության պատմության մեջ: Դրանց արդյունքերը երկարաժամկետ կտրվածքով ուրվագծելու են Եվրամիության հետագա ընթացքը` եվրալավատեսական, թե՞ վատատեսական:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    19 C°
     
    22°  13° 
    11.05.2024
    24°  14° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: