ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

Դեռ երկար եմ մնալու սպորտում. Վալոդյա Ֆրանգուլյան

«Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում նոյեմբերի 25-26-ը տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպեցին 2015թ. Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 2017թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը և 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանը։ Դա առաջնության ամենասպասված գոտեմարտերից էր։ Ֆրանգուլյանը  հաղթանակ տարավ 6:2 հաշվով (սկզբում նա պարտվում էր 0։2 հաշվով) և դարձավ Հայաստանի չեմպիոն։ 

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Վալոդյա Ֆրանգուլյանը խոսեց իր հաղթանակի, վիրահատությունից հետո մրցագորգ վերադառնալու և նպատակների մասին։

«Առաջնությունն ինձ համար լավ անցավ։ Արեցի այն, ինչի սպասում էի՝ դառնալով չեմպիոն։ Բոլոր մրցակիցներիս ճանաչում էի, բայց կենտրոնացել էի նախկինում թույլ տված սխալներս ուղղելու և բացթողումներս շտկելու վրա։ Վազգենի հետ գոտեմարտին նույնպես լավ էի նախապատրաստվել»,-ասաց ըմբիշը։

Հայաստանի առաջնությունից մեկ տարի առաջ Վալոդյա Ֆրանգուլյանը ենթարկվել էր ուսի վիրահատության: Ըմբիշը համոզված է, որ առանց վիրահատության չէր կարողանա բարձր մակարդակում շարունակել ելույթները.

«Վիրահատությունից առաջ զգացի, որ չեմ կարող այդ վիճակում լուրջ հաջողությունների հասնել, քանի որ ցավը խանգարում էր մարզումներիս նորմալ ընթացքին։ Ուրախ եմ, որ վիրահատությունն օգնեց, և մեկ տարի անց վերադարձի Հայաստանի չեմպիոնի կոչումը»,- ասաց նա:
Խոսելով իր մրցակից Վազգեն Թևանյանի մասին՝ Ֆրանգուլյանը նշեց հետևյալը․

«Նա ինձ համար լավ ընկեր է և արժանի մրցակից: Մեր քաշային կարգում լավ ըմբիշները շատ են, ինչը մրցակցություն է ապահովում, ստիպում զգոն լինել և առաջ շարժվելու խթան է տալիս»։

65 կգ քաշային կարգում Հայաստանը դեռ չունի օլիմպիական վարկանիշ։ Առհասարակ, այդ քաշային կարգում ամբողջ աշխարհում մրցակցությունը մեծ է։ Վալոդյա Ֆրանգուլյանը 27 տարեկան է, բայց համաձայն չէ այն կարծիքի հետ, որ այդ տարիքում բարդ կլինի պայքարել օլիմպիական մեդալների համար։

«Ինձ շատերի կարծիքը չի հետաքրքրում, ես չեմ պատրաստվում հակադարձել նրանց, քանի որ ամեն մեկը մտածում է այնպես, ինչպես ցանկանում է։ Միայն մեկ բան կասեմ՝ ես դեռ երկար եմ մնալու սպորտում։ Ինչ վերաբերում է Օլիմպիական խաղերին մասնակցելու շանսերին, անկեղծ ասած, դրա մասին չեմ մտածում, ամեն օր մարզվում եմ, փորձում եմ ավելի հզորանալ, նոր բաներ ավելացնել: Ամեն ինչ կանեմ նպատակներիս հասնելու համար, իսկ նպատակս չեմպիոն դառնալն է»,- ասաց նա:

6 ամիս է, ինչ Պետրոս Մկրտչյանը մարզում է նաև Վալոդյա Ֆրանգուլյանին: Այս մասնագետի մոտ է մարզվում նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը։

«6 ամիս է՝ անձնական մարզչիս մոտ մարզվելուց բացի, մարզվում եմ նաև Պետրոս Մկրտչյանի մոտ և շատ գոհ եմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներիս կատարած աշխատանքի համար»։

Զրույցի վերջում Ֆրանգուլյանը չբացառեց, որ ըմբիշի կարերիան ավարտելուց հետո, հնարավոր է, նրան տեսնենք խառը մենամարտերում (MMA).
«Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց չի բացառվում»,- խոսքը եզրափակեց նա։

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 4 կմ/ժ
-1 C°
 
-5°   
24.01.2020
-7°   
25.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: