ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքները հղեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: 

Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրության Ազգային Պատգամավորական ժողովի ատենապետ Խաչիկ Ճանելը և ատենադպիր Արետ Քարապուլութը պաշտոնական գրությամբ Վեհափառ Հայրապետին տեղեկացրել են ժողովի արդյունքների վերաբերյալ և հայցել Նորին Սրբության աղոթքն ու օրհնությունը նորընտիր Հայոց Պատրիարքի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորագրում ասված է.
«Ամենապատիվ Պատրիարք Սրբազան,

Գոհունակությամբ տեղեկացանք, որ Կ. Պոլսում գումարված համագումար ժողովը ձայների մեծամասնությամբ ընտրել է Ձեզ՝ որպես Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարք:

Հոգու բերկրանքով Սուրբ Էջմիածնից ողջունում և շնորհավորում ենք Ձեր ընտրությունը՝ բերելով եղբայրական Մեր սերը և զորակցությունը Ձերդ Ամենապատվությանը: Ուրախ ենք, որ երկարատև ընդմիջումից հետո Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռն օժտվեց նոր գահակալով:

Ծնվելով ու հասակ առնելով պոլսահայ ավանդաշատ համայնքում՝ Դուք մանկուց կրթվել ու դաստիարակվել եք աստվածսիրությամբ, եկեղեցասիրությամբ ու ազգասիրությամբ, որոնք բնորոշ հատկանիշներն են պոլսեցի հավատավոր Մեր ժողովրդի:

Գոհունակությամբ ենք անդրադառնում, երբ տարիներ առաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսաճեմ խորանի առջև ծնրադրումով, ստանձնեցիք եպիսկոպոսական բարձր իշխանությունը և նոր հանգամանքի մեջ շարունակեցիք տերունապատվեր Ձեր ծառայությունը՝ որպես Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ: Արդարև, Մայրավանքում անցկացրած Ձեր տարիները նշանավորվեցին արդյունաշատ գործունեությամբ: Շնորհիվ Ձեր հոգևոր, աստվածաբանական ու դաստիարակչական գիտելիքների՝ ունեցանք ճեմարանականների նոր սերունդ, ովքեր ծառայասեր ոգով այսօր սպասավորում են Մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում:

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը ուժ ու կարողություն պարգևի Ձեզ՝ ամենայն իմաստությամբ և բարձր պատասխանատվությամբ ստանձնելու Մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռի՝ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության hոգևոր առաքելությունը` ի պայծառություն Մեր Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն Կ. Պոլսի հավատացյալ Մեր ժողովրդի զավակների: Թող Տերը օգնական և զորավիգ լինի Ձեզ՝ շնորհելով քաջառողջ արևշատություն և հաջողություններ հոգևոր Ձեր ծառայության մեջ:

Սիրով սպասում ենք՝ որպես Կ. Պոլսի նորընտիր Պատրիարք Ձերդ Ամենապատվության անդրանիկ այցին ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: