ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առանց վիզային ռեժիմ. Չինաստան-ԵԱՏՄ և Չինաստան-ԱլԳ երկրներ

 

 

ԱլԳ երկրների թվում (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա, Ադրբեջան), Հայաստանից բացի, առանց վիզային ռեժիմ Չինաստանն ունի նաև հետևյալ երկրների հետ:

Բելառուս 

Առանց վիզային ռեժիմը երկրների միջև սկսել է գործել 2018թ. օգոստոսի տասից: Երկու երկրների քաղաքացիները մինչև 30 օր ժամկետով կարող են ազատ փոխայցեր կատարել:

Բելառուսի նախագահի  աշխատակազմի ղեկավար Նիկոլայ Սնոպկովի կողմից ներկայացված տվյալների համաձայն, վիզայի չեղարկումից հետո Բելառւսի և Չինաստանի միջև ծառայությունների ոլորտում աճ է գրանցվել (157,3 մլն դոլար 2018թ. տվյալներով և  24,7 մլն դոլար` 2019 թ. Հունլվար-հուլիս ամիսներին):

Ըստ պաշտոնական աղբյուրի, վիզայի չեղարկումը դրական է ազդել նաև Բելառուս այցելած չինացի զբոսաշրջիկների թվի վրա. աճը կազմել է 40 տոկոս:

Բելառուսում իրականացված Չինաստանի կողմից վարկավորումների վիճակագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ սկսած 2015թ.-ից, դրանք կտրուկ փոփոխության չեն ենթարկվել, սակայն 2019թ.-ին գրանցվել է ռեկորդային ցուցանիշ այս ժամանակահատվածի համար.  2015թ.` 528,1 մլն դոլար, 2016թ.` 446,9 մլն դոլար, 2017թ.` 306,6 մլն դոլար, 2018թ.` 509,2 մլն դոլար, 2019թ.` 533,4 մլն դոլար:

 

Ուկրաինա

2019թ. հունվարի մեկից սկսած Չինաստանը 52 երկրի, այդ թվում՝ Ուկրաինային,  144 ժամանոց առանց վիզայի պահանջի այցելության հնարավորություն է տվել դեպի չինական հինգ քաղաք (Ցինդաո, Սյամենե, Ուխանե, Չենդու, Կունմինե):

Ավելի վաղ, առանց վիզայի տրանզիտի հնարավորություն Չինաստանն ուկրաինացիներին տրամադրել էր 2013թ.-ին`միայն Գուանչժոու քաղաքում 72 ժամ գտնվելու պայմանով:

 

Ադրբեջան

Ադրբեջանական Հանրապետության քաղաքացիների նկատմամբ Չինաստանի կողմից ոչ վիզային ռեժիմ է կիրառվում որոշակի պայմանների պահպանման դեպքում: Այդ պայմաններն են. միայն հանրային նպատակներով տրամադրված անձնագրեր ունեցողների համար, ինչպես նաև հավատարմագրված տուրիստական խմբի կազմում ժամանելու դեպքում:

2019թ. հոկտեմբերին Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ չինաստանի կոմպետենտ մարմինների հետ քննարկել է ադրբեջանցիներին վիզայի տրամադրման գործընթացի պարզեցման շուրջ: Չինաստանի դեսպանը Ադրբեջանի հետ առանց վիզային ռեժիմ չունենալը հիմնավորել է իրենց երկրի վիզային քաղաքականությամբ և Չինաստանի ինքնիշխանությամբ:

ԱլԳ մյուս անդամ երկրները` Վրաստանն ու Մոլդովան դեպի Չինաստան և հակառակ ուղղություններով այցելություններն իրականացնում են պարտադիր վիզայով:

 

 

ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում (Հայաստան, ՌԴ, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան), Հայաստանից բացի Չինաստանն առանց վիզային ռեժիմ ունի հետևյալ երկրների հետ:

 

Ղազախստան 

Ղազախստանում չինացիների համար գործում է առանց վիզայի 72 ժամյա տրանզիտային այցելության հնարավորություն:

Նուր Սուլթանում Չինաստանի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության ներկայացուցչության ղեկավար Վան Շուլինը հայտարարել է, որ Ղազախստանի հետ ամբողջական առանց վիզային ռեժիմի անցումը Չինաստանի համար նպատակահարմար չէ` կապված զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացվածության ցածր մակարդակի հետ Ղազախստանում:

Հատկանշական է, որ Չինաստանից Ղազախստան զբոսաշրջիկների թիվը, սկսած 2014թ.-ից, տարեցտարի նվազել է. 2014թ.-ին ցուցանիշը կազմել է 228 հազար մարդ, 2015-ին` 111 հազար, 2016թ.-ին` 117 հազար, 2017թ.-ին`  94 հազար, 2018-ին` 51 հազար այցելու:

 

Ռուսաստանի Դաշնություն

Չինաստանի և ՌԴ միջև գործում է սահմանափակ առանց վիզային ռեժիմ` նախատեսված զբոսաշրջային այցերի համար: Ըստ 2000թ. կնքված համաձայնագրի զբոսաշրջային խմբերրով կազմակերպված այցերի համար գործում էր առանց վիզային ռեժիմ 15 օր ժամկետով այդ դեպքում, երբ զբոսաշրջային խմբերի առավելագույն թիվը չպետք է գերազանցեր 50 հոգին, նվազագունը` հինգ հոգի:

2019թ.-ին ՌԴ և Չինաստանի միջև սկսվեցին բանակցություններ` մեծացնելու առանց վիզային զբոսաշրջային այցերի օրերը` 15-ից 21-ի, ինչպես նաև փոխել նվազագույն զբոսաշրջային խմբի շեմը 5-ից 3-ի: Նոր պայմանավորվածությունը, որը նախատեսվում է ստորագրել 2020թ.-ին, կրկին կենթադրի առավելագույն 50 հոգանոց զբոսաշրջային խմբեր:

ՌԴ քաղաքացիները կարողանում են օգտվել նաև Չինաստանի կողմից 52 երկրների համար սահմանված 144 ժամանոց մասնակի առանց վիզային ռեժիմից` նախատեսված չինական մի քանի քաղաքներ այցելություններ կատարելու համար:

Ղրղզստանի քաղաքացիները Չինաստան կարող են այցելել պարտադիր վիզայով:

 

Հայաստան 

Հայաստանի ու Չինաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Վան Ինը երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիրը կնքել են 2019թ. մայիսի 26–ին։

2019թ. դեկտեմբերի 10-ին ԱԺ-ն վավերացրեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը։

Համաձայնագրով նախատեսվում է, որ վավեր սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՉԺՀ քաղաքացիները մյուս պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում: Պետությունները նաև պարտավորվում են արագ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել «առանց վիզայի ռեժիմը» չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար։

2019թ. դեկտեմբերի 16-ին  ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

 

Երկու երկրների միջև կնքված համաձայնագիրն, անշուշտ, էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունների մեծ պատուհան կբացի երկուստեք:

Միևնույն ժամանակ, ինչպես ազատականացման ցանկացած դեպք,  վիզայի ազատականացումը ևս ենթադրում է առավել քան մեծ զգոնություն յուրաքանչյուր կողմի սուվերեն  պետական շահի նկատմամբ:

Չինաստանի կողմից իրականացվող վիզային քաղաքականությունը դրա վառ դրսևորումն է: Հատկանշական է, որ վիզայի ամբողջական ազատականացված ռեժիմ Չինաստանն իր հինգ հարևան երկրներից և ոչ մեկի հետ չունի:

Չինաստանի կողմից վիզայի ազատականացման քաղաքականությունը հետապնդում է մի շարք նպատակներ, այդ թվում` զբոսաշրջային, քաղաքական և տնտեսական:

Զբոսաշրջային քաղաքականության վառ օրինակ է Չինաստանի կողմից Խայնան նահանգի համար մուտիք արտոնագրի վերացումն աշխարհի 52 երկրների համար: Խոսքը վերաբերում է կղզի ինչպես անհատական, այնպես էլ խմբային այցելություններին:

Քաղաքական և տնտեսական նպատակները դիտարկենք միասնական:

Վերջին տասը տարիների ընթացքում Չինաստանի անընդնհատ նվազող ՀՆԱ հանգեցրել է նոր տնտեսական ռազմավարության մշակման անհրաժեշտության այդ երկրի կողմից: Չինաստանի տնտեսությունը ցածրորակ ու էժան աշխատուժի գործարկման արդյունքում, որն ի դեպ համարվել է չինական տնտեսական հրաշքը, այսօր հայտնվել է փակուղում: Երկիրը որևէ կերպ մրցունակ չէ բարձրորակ, տեխնոլոգիական արտադրական շուկաներում: Արդյունքում այսօր իրականացվում է բարձրորակ մասնագետների, տեխնոլոգիաների` արտերկրից ներգրավման քաղաքականություն:

Մյուս կողմում չինական «Մեկ գոտի, մեկ ճանպարհ» նախաձեռնությունն է, որը դժվար է անվանել միմիայն տնտեսական պրոյեկտ:

Հայաստանի կողմից Չինաստանի հետ վիզայի ազատականացումը կարող է առավելապես հետապնդել ներդրումային հետաքրքրություններ: Չինաստանն այսօր ակտիվ ներդրումային քաղաքականություն է իրականացնում զարգացող երկրներում, այդ թվում` վարկավորման տեսքով:

 Հայաստանն աշխարհագրորեն հետաքրքրություն է ներկայացնում  «Մեկ գոտի, մեկ ճանպարհ»-ի  համար, ապահովում է ելք դեպի իրանական շուկա, ունի արտոնյալ հնարավորություններ Եվրամիության անդամ երկրների հետ: Մյուս կողմից Հայաստանն ունի որակավորված մասնագետներ:

Այս ամենը երկուստեք համագործակցության ընդլայնման մեծ հնարավորությունների մասին է խոսում: Միևնույն ժամանակ, մեծ են ռիսկերը Հայաստանի համար: Եվ այս պարագայում բավական խրթին է բալանսավորված քաղաքականության իրականացումը, որը չվնասի ո'չ պետական ու ազգային շահը, ո'չ երկու ժողովուրդների միջև բարեկամությունը:

 

 

 

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: